Ներքին 3 ամիս առաջ - 09:19 09-03-2026

Փաշինյանը հիմնավորեց՝ Գարեգին Բ-ն քաղաքական հետապնդման է ենթարկվում 

Ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի դռնեդուռ քարոզարշավի ընթացքում։ Մարտի 7-ին Արագածոտնի ու Շիրակի գյուղերում դռնեդուռ քարոզչության ժամանակ մի քաղաքացի հարց է տվել Փաշինյանին: «Չէ՞ որ կաթողիկոսը նախարար չէ, որ կարողանաք հանեք ու դնեք», ասել է քաղաքացին։ «ՀՀ-ում կաթողիկոս կլինի, ով կլինի՝ չի կարող ՀՀ-ի դեմ գործել»,- պատասխանել է Փաշինյանը։

Այս դրվագը պարզաբանման կարիք ունի։ Հարկ է միանշանակ պարզել, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանն այս ակնարկով։ Եթե նա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն պետության դեմ է գործել, ապա ինչո՞ւ համարժեք հաղորդում չի տվել իրավապահին։ Եթե տվել է, ապա իրավապահն ինչո՞ւ համարժեք չի արձագանքել։ Իսկ եթե Գարեգին Բ-ն պետության դեմ չի գործել, ապա ի՞նչ նկատի ունի Փաշինյանն այս ակնարկն անելով։ Նա Գարեգին Բ-ին զրպարտո՞ւմ է։

Հանրային խոսույթում շրջանառվում է դիտարկում, թե Փաշինյանն այս ակնարկով ի ցույց դրեց, հիմնավորեց, որ Վեհափառը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Եթե այդպես է, ապա այս ակնարկը կարո՞ղ է նպաստել ՔՊ-ի հաղթանակին։

Վճիռ չկա, որ Գարեգին Բ-ն գործել է պետության դեմ, բայց կան փաստեր, որ գործել է Փաշինյանի դեմ։ 44-օրյայի պարտությունից հետո ժողովրդի մի մասը Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։ 2020-ի դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ևս հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։ Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ 2021-ի հունվարի 28-ին Եռաբլուրում կաթողիկոսն ասել է, որ իր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Հետո, ըստ վկայությունների՝ նա կարգադրել է հոգևորականներին մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։

Ասում են, թե Փաշինյանը վախեցել է, որ Գարեգին Բ-ն կարող է ազդել նաև 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքի վրա։ Ու նախաձեռնվել է նրան գահընկեց անելու արշավը։ Փաշինյանը, հավանաբար, վախեցել է, որ 2026-ի ընտրություններում ևս Գարեգին Բ-ն՝ հոգևորականներով, հավատացյաներով հանդերձ, գործելու է ՔՊ-ի դեմ, գործուն սատարելով այլ քաղաքական ուժի։ Ու սկսվել է եկեղեցու դեմ արշավը։

Փաշինյանն այս արշավի արդյունքում ընդամենը հաջողել է իր կողմը գրավել 10 եպիսկոպոսների, մի քանի քահանաների, մոտ հարյուր հավատացյալների։ Այսինքն՝ հունիսի 7-ին ՔՊ-ին, հավանաբար, կողմ կքվեարկեն 10 եպիսկոպոսները, մի քանի քահանաները, մոտ հարյուր հավատացյալները, որոնք Փաշինյանի հետ պատարագների են մասնակցել։ Իսկ եթե այս արշավը չանեին, ապա բոլոր հոգոևորականներն ու հավատացյալները Փաշինյանին դեմ էին քավերակելո՞ւ։ Այդ մոտ 200 քվեն էր պակասո՞ւմ ՔՊ-ի հաղթանակի համար։

Իրականում՝ սա մանիպուլյացիա է, ըստ որի՝ նախ անհրաժեշտ էր ստեղծել պատկեր, թե ժողովրդի մեծ մասը՝ ներառյալ հոգևորականները, հավատացյալները, եկեղեցուն սատարող քաղաքական համայնքը ռուսական գործակալ են կամ ազդեցության գործակալ։ Խնդիր էր՝ ցույց տալ աշխարհին, որ ժողովրդն անկախություն չի ուզում, կույր է ու չի տեսնում, որ Մոսկվայի պատճառով հայերը պարտվեցին, կուրորեն շարունակում են սպասարկել ռուսական շահերը, գործել անկախության ու ժողովրդավարության դեմ, հակաքաղաքակրթական գործիք են Կրեմլի ձեռքում։ Ի դեպ՝ IRI-ի հարցումներով՝ ռուսամետ ուժերն են մեծ ժողովրդականություն վայելում, այսինքն՝ քաղաքական ռեալ սպեկտրը ռուսական է։ Այս ֆոնին Փաշինյանը «միաչքանի սուլթան է» երևում, որին հունիսի 7-ին կաջակցեն ժողովրդավարական երկրները՝ որպես ռուսամետ նվազ չարիքի կամ փորձած թանի։ Եվ այս դեպքում Կրեմլի կողմից ֆորպոստի վարչապետ կարգված Փաշինյանը կվերընտրվի։

Բանն այն է, որ Գարեգին Բ-ն տեսականորեն կարող է կոտրել այս մանիպուլյացիան ու դուրս գալ Փաշինյանի և Կրեմլի գծած խաղից։ Վեհափառը կարող է Ապրիլի 6-ին՝ համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օրը, բազմամարդ միջոցառումներ կազմակերպել, պահանջել հատուցում սպանված հոգևորականների, ավերված վանքերի համար, հավատացյալ զավակներին հորդորել՝ հեռու մնալու ռուսամետ ուժերից՝ ինչպես ժանտախտից, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանից, որն այսքան աղետից հետո էլ մտադիր չէ ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը։

Կարճ ասած՝ մարտի 7-ին Փաշինյանը հրապարակավ հիմնավորեց, որ Գարեգին Բ-ն քաղաքական հետապնդման է ենթարկվում, որ ընդդիմադիր էլեկտորատը նրա հետ ասոցիացվող ռուսամետ ուժերին ընտրի, և այս ֆոնին ՔՊ-ն հաղթի։ Իսկ եթե Գարեգին Բ-ն հրաշքով կարողանա դուրս գալ Փաշինյանի գծած խաղից վերը նշված պարզ քայլերով, ապա Փաշինյանը հունիսի 7-ին կպարտվի և ընդդիմություն կդառնա։

Թաթուլ Մկրտչյան