Երկրապահի տղաները նշում են մարտի 5-ը՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելում Եռաբլուր, հարգում Սպարապետի, նահատակների հիշատակը։
Ցավոք, հանրության մեջ միանշանակ վերաբերմունք չկա ԵԿՄ-ի և Վազգեն Սարգսյանի մասին։ Ոմանք նրանց միայն հերոսացնում են։ Ոմանք էլ հիշում են բացասական բաներ նրանց մասին։
Ի սեր ճշմարտության՝ հիշենք նրանց մասին և՛ լավը, և՛ վատը։
ԵԿՄ-ն հիմնադրվել է 1993-ին և առաջին նախագահը Վազգեն Սարգսյանն էր, որը 1989-ից ակտիվ մասնակցում էր Շարժմանը, հատկապես՝ պաշտպանությաննն առնչվող խնդիրներին։ Սկզբում ԵԿՄ-ին անդամագրվեցին ինքնապաշտպանության, Արցախյան պատերազմի կամավորական մասնակիցները, հետո նաև եռամսյա հավաքների մասնակիցները։ Արդյունքում այս կառույցը կարճ ժամանակում դարձավ ամենամարդաշատ ու ազդեցիկ հասարակական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանի՝ «500 մահապարտների կոչը» մեծ լիցք հաղորդեց մեր ազատագրական պայքարին։ Այդ կոչի ազդեցության տակ էապես պակասեց դասալքությունը։ Մարդիկ գիտակցաբար զինվորագրվում էին։ Անուրանալի է Վազգեն Սարգսյանի և Երկրապահի ներդրումը պաշտպանության կազմակերպման հարցում։ Նրանք այսօր էլ, 100 տարի հետո էլ հարգանքի ու խոնարհումի արժանի են։ Սակայն ամբողջական պատկերի համար հարկ է նշել նաև ՀՀ քաղաքականության վրա նրանց ունեցած բացասական ազդեցության մասին։
1997-ի հոկտեմբերի 20-ին ԱԺ իշխող «Հանրապետություն» խմբակցության անդամների մի մասը դուրս եկավ խմբակցությունից, ու ձևավորվեց ՀՀ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը։ Հաջորդ տարի փետրվարի 3-ին ԵԿՄ-ն դարձավ քաղաքական ամենաազդեցիկ ակտորն, իսկ Վազգեն Սարգսյանն ամենաազդեցիկ գործիչը երկրում։ Նրանց ուսերին ընկավ 1998-ի և 1999-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի, «Միասնություն» դաշինքի հաղթանակների կերտումը, որոնց ժամանակ, դիտորդների կարծիքով՝ եղել են խախտումներ, կեղծիքներ, ընտրակաշառք։ Երկրապահի տղաներից ոմանք Հանրապետական կուսակցությանն անդամագրվեցին, ոմանք զբաղեցրին պետական բարձր պաշտոններ, չունենալով քաղաքական կրթվածություն, գաղափարական սկզբունքայնություն։
1999-ի հունիսի 15-ին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ եղավ Եղվարդի հայտնի ժողովը, որից հետո ՀՀ-ում ընդդիմությունը, որպես քաղաքական գործոն, վերացավ։ Խորհրդարան անցած բոլոր ուժերը պորտֆել ստացան։ Արդյունքում՝ քաղաքական բովանդակային բանավեճ չէր լինում խորհրդարանում, կառավարությանը ոչ ոք չէր քննադատում, քանի որ բոլորը կառավարության մաս էին կազմում։ Որոշ քննադատների կարծիքով՝ ընդդիմության այս պասիվացումը նպաստել է ահաբեկչության ճանապարհով իշխանություն փոխելու մասին հանրային խոսույթի տարածմանն ու Հոկտեմբերի 27-ի ազգային ողբերգությանը։
Սակայն Վազգեն Սարգսյանն ու ԵԿՄ-ն ժողովրդի հիշողության ապրում են դրական հուշերով, ժողովուրդը նրանց սիրում է հայրենիքի պաշտպանության, բանակի ձևավորման, Արցախյան առաջին պատերազմում փառավոր հաղթանակում անուրանալի ներդրման համար։ Երկրապահների մեծ մասն այսօր էլ ծառայություն է իրականացնում մեր սահմաններին։ Եվ դա նույնպես շնորհակալության է արժանի։
Դրական է նաև այն, որ Երկրապահն այսօր չի ձգտում կրկին քաղաքական գործոն դառնալ, ինչպես 1998-1999-ին։ Նույնիսկ եթե նրանց շարքերում բազմաթիվ մարդիկ դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, սակայն կազմակերպությունը ընդդիմադիր կեցվածք չունի և մտադիր էլ չէ ունենալ։ Սա կայունություն է ապահովում երկրի ներսում, զերծ պահում զինված հեղաշրջման ռիսկերից։
Կարճ ասած՝ դառնանք զօղորմին տի տանք Վազգեն Սարգսյանին և հայրենիքի ազատության համար պայքարի բոլոր նահատակներին։ Հույս հայտնենք նաև, որ քաղաքական գործիչները չեն կրկնի նրանց սխալները, որոնք մեծ մասամբ պայմանավորված էին քաղաքական չտեսությամբ, քանի որ նոր էինք ազատագրվել խորհրդային բռնազավթումից և նոր էինք պետություն ու քաղաքական համակարգ ստեղծում։
Թաթուլ Մկրտչյան