Ներքին 2 ամիս առաջ - 21:48 04-03-2026

Նոր ծուղակ. HelloBit-ը վերածնվել է

Վերջին օրերին կրկին ակտիվացել են ներդրումային խարդախ հարթակների վերաբերյալ ահազանգերը։ Քաղաքացիները երկու օր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել Քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ կապված «Հելոբիթ» ներդրումային հարթակի գործունեության հետ։ Թեմային անդրադարձել է նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի հետ։

Կարագոզյանի փոխանցմամբ՝ «Հելոբիթ» հարթակը փակվելուց հետո նույն ձևաչափով սկսել է գործել մեկ այլ կայք՝ այլ անվանմամբ։

«Քաղաքացիներից լսել ենք, որ նոր հարթակը կոչվում է «Գոկ Գոլդ»։ Այն սկսել է գործել «Հելոբիթ»-ի փակվելուց անմիջապես հետո։ Ինտերֆեյսով, տրամաբանությամբ նույնն է։ Փաստացի նույն մեխանիզմն է՝ մարդկանց ներգրավում և գումարների կորուստ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ թեև քաղաքացիներն այժմ ավելի զգոն են, այնուամենայնիվ կայքը շարունակում է հասանելի մնալ Հայաստանում։

«Պետությունը պետք է կանխարգելի նման հանցավոր կայքերի հասանելիությունը։ Դրանք կարող են ժամերի ընթացքում անհասանելի դառնալ, եթե լինի քաղաքական կամք և մասնագիտական կարողություն»,- նշեց Կարագոզյանը՝ անգործություն որակելով պատկան մարմինների արձագանքը։

Նա պնդում է, որ քաղաքացիների զգալի մասը այլևս չի դիմում իրավապահներին՝ վստահության պակասի պատճառով։

«Եթե մարդիկ չեն վստահում և չեն դիմում, ստացվում է, որ պետությունը նույնիսկ ամբողջական պատկերացում չունի իրավիճակից։ Մենք ստացել ենք տասնյակ հաղորդումներ, մինչդեռ իրավապահ մարմիններում նույն օրը գրանցվել է ընդամենը մի քանի հաղորդում»,- ասաց նա։

Կարագոզյանի գնահատմամբ՝ «Հելոբիթ»-ի և նման հարթակների գործունեությունից տուժածների թիվը կարող է հասնել 40-50 հազարի։ Այդ թիվը, ըստ նրա, հաշվարկվել է քաղաքացիների տրամադրած տվյալների և սքրինշոթերի հիման վրա։

Նա նաև ներկայացրեց խոշոր վնասների դեպքերից մեկը՝ նշելով, որ քաղաքացիներից մեկը երեք տարվա ընթացքում կորցրել է շուրջ 193 հազար ԱՄՆ դոլար։

«Մարդիկ վաճառում են բնակարան, մեքենա, պարտքեր են վերցնում։ Ունենք դեպքեր, երբ մարդիկ դիմել են ինքնավնասման փորձերի։ Իսկ մինչ օրս հարթակների կազմակերպիչները շարունակում են զանգահարել տուժածներին»,- ասաց նա։

Կարագոզյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու հրապարակային քննարկումների կամ բանավեճերի պետական մարմինների ներկայացուցիչների հետ։