Այսօր հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կոշտ քննադատության ենթարկեց իշխանությունների խաղաղության օրակարգը՝ այն կապելով տարածքային կորուստների հետ։
«Երեք խոշոր պատերազմ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից։ 2021 թվականին կորցրել ենք տարածքներ, 2022-ին՝ կորցրել ենք, 2023-ին՝ կորցրել ենք, 2024-ին՝ կորցրել ենք, և հիմա տեսնում ենք, որ 2025-ին ևս կորցրել ենք տարածքներ»,- ասաց նա։
Թաթոյանի խոսքով՝ խնդիրը միայն ֆիզիկական ներխուժումների մասին չէ, այլ նաև վերահսկողության ընդլայնման։
«Պետք է հաշվի առնել ոչ միայն ֆիզիկական ներխուժումները, այլ նաև վերահսկողությունը՝ կիլոմետրերով։ Տեսեք՝ ինչ հսկայական տարածքներ են նրանք վերահսկում։ Այս պայմաններում խոսել ընդամենը մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր ներխուժումների մասին՝ անթույլատրելի է, նույնիսկ հանցավոր»,- նշեց նա։
Նրա գնահատմամբ՝ ներկայիս սահմանազատման և սահմանագծման գործընթացը ձախողված է։
«Ամբողջ սահմանազատման, սահմանանշման գործընթացը կեղծիք է, ձախողում է։ Դա սպեկուլյացիա է՝ թաքցնելու և կոծկելու այս ներխուժումները»,- հայտարարեց Թաթոյանը։
Նա նաև կասկածի տակ դրեց գործընթացի իրատեսականությունը՝ նշելով, որ այն կարող է տևել տասնամյակներ։
«Եթե նույնիսկ կոնկրետ ժամանակահատվածով հաշվենք, 80-ից 100 տարի է պետք, որ այդ սահմանազատումները իրականացվեն։ Դուք կարծում եք, որ Ադրբեջանը, այսքան ամրանալով, հետո սահմանազատման հանձնաժողովի առաջարկներով դուրս կգա՞»,- ասաց Թաթոյանը:
Թաթոյանը ընդգծեց, որ Հայաստանի համար ամենակարևորն անվտանգությունն է ու դիմելով իշխանությանը՝ ասաց․ «Հավաքե՛ք ձեր սրտիկներն ու պաչիկները և ճանապարհ տվեք նրանց, ովքեր կարող լուծել այս խնդիրները»։