Իրան-Իսրայել-ԱՄՆ լարվածության ֆոնին երեկ ու այսօր շրջանառվում էին լուրեր, թե Իրանը հարվածել է նաև Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազային, սակայն այս տեղեկությունները հերքվեցին թուրքական աղբյուրների կողմից։
Քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ նման լուրերը կարող են լինել տեղեկատվական պատերազմի մաս։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետը անդրադարձավ ուշադրության արժանի այն հարցին, թե ինչո՞ւ է Իրանը հարվածներ հասցնում արաբական երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին, սակայն խուսափում է Թուրքիայի տարածքում գտնվող՝ Ինջիրլիքի ռազմաբազային հարվածելուց, և ինչո՞ւ են ասյ մասին կեղծ լուրեր տարածվում։
«Երբ մի տեղեկություն բազմիցս կրկնվում է, բայց չի հաստատվում ոչ մի կողմից, պետք է հասկանալ՝ ում է դա ձեռնտու։ Ժամանակակից պատերազմներում հաճախ տեղեկատվական դաշտում է ձևավորվում ընկալումը»,- ասաց նա։
Քաղաքագետը նաև հստակեցրեց, որ Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան է, ոչ թե ՆԱՏՕ-ի ինքնուրույն բազա։ Պողոսյանի դիտարկմամբ՝ այն փաստը, որ Իրանն այս պահին չի հարվածել Ինջիրլիքին, չի նշանակում, որ նման սցենարը բացառված է։
«Եթե այսօր չի հարվածել Ինջիրլիքին, ապա դա չի նշանակում, որ վաղը չի հարվածի, երբ իրավիճակը կփոխվի կամ Թուրքիայի վարքագիծը կգնահատվի որպես բացահայտ թշնամական։ Ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական հաշվարկներից»,- ընդգծեց քաղաքագետը։
Իրանը չի կարող հարվածել ԱՄՆ-ի ցամաքային տարածքինԹևան Պողոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն իր ռազմական գործողությունները կառուցում է սեփական կարողությունների, հաշվարկների և նպատակների հիման վրա։ Այս առումով՝ Իրանի կարողությունները սահմանափակ են
«Իրանը չի կարող հարվածել ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին։ Ուստի հարվածում է այն թիրախներին, որոնք հասանելի են՝ Իսրայելի տարածքին կամ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին՝ դա ներկայացնելով որպես հարված ԱՄՆ-ին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Իրանը հայտարարել է, որ արաբական աշխարհն իր թիրախը չէ, և հարվածներն ուղղված են բացառապես ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Սակայն եթե որևէ երկիր հանդես գա բացահայտ թշնամական գործողություններով, ապա իրավիճակը կարող է փոխվել։
Վերստին անդրադառնալով պատերազմի մասին կեղծ լուրերին, քաղաքագետը նկատեց, որ ժամանակակից պատերազմներում տեղեկատվական գործոնը ոչ պակաս ազդեցիկ է, քան ռազմական գործողությունները։
«Այսօր պատերազմը միայն ռումբերով չէ։ Տեղեկատվական բաղադրիչը հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, քան ֆիզիկական հարվածները։ Ցանկացած տեղեկություն պետք է դիտարկել՝ հասկանալով դրա աղբյուրը, նպատակը և շահառուներին», - ընդգծեց մեր զրուցակիցը։
Թուրքիան՝ որպես միջնորդԱնդրադառնալով Թուրքիայի հնարավոր միջնորդական դերակատարությանը՝ քաղաքագետը նշեց, որ Անկարան ավանդաբար փորձում է օգտագործել տարածաշրջանային ճգնաժամերը սեփական դիրքերն ամրապնդելու համար։
«Թուրքիան իր շահերով է առաջնորդվում և փորձելու է առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Դա թուրքական դիվանագիտության գործիքակազմի մի մասն է»,- ընդգծեց Թևան Պողոսյանը, ամփոփելով՝ «Պետք է հասկանալ՝ տվյալ երկիրն ինչ հաշվարկով է գործում, ինչպես է փորձում պաշտպանել իր շահերը և ինչ նպատակներ է հետապնդում տվյալ իրավիճակում»։
Նշենք նաև, որ արաբական որոշ երկրներ արդեն դիմել են ԱՄՆ-ին հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալու խնդրանքով, ինչը հիմք է ենթադրելու, որ պատերազմը կարող է ձգձգվել ու ծավալվել՝ ընդգրկելով հարևան երկրները։
Մերի Հակոբյան