«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։
Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։
Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, վարկաբեկող նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։
Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։ Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։Դատախազությունը շուրջ մեկ ամիս որևէ բան չի արել։ Իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որ համացանցում հրապարակել է ռիլ՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հենց նախարարությունում։
Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ տեսանյութում փոխնախարարի անբռնազբոս ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը:
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից, և հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։
«Հրապարակ» թերթը գրում է. «2025-26 թթ․ ուսումնական տարին սկսվեց սկանդալով․ առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս՝ այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս, անպայման հիշում են Մաշտոցն Այբբենարանից հանելու փաստը։
Մենք տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են՝ 2026-27 ուստարվա դասագրքերն են արդեն տպագրվում, եւ այս տարվա Այբբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում՝ առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել․ թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձեւավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները՝ բողոքարկման դիմումների տեսքով, ներկայացնում են շարքային կուսակցականները։
Գործող պատգամավորները եւ մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից՝ արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաեւ՝ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց Ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը, իր կարծիքով, պատգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։
Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է՝ կուլիսներում քննարկում են, թե, ուրեմն, վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ «60+»-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի «խփած» տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի՝ ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։