Վերջին շրջանում Երևանում կանաչապատման խնդիրը մշտապես գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ երևանցիների ուշադրության կենտրոնում։
Oragir.News-ը այցելել է Երևանում կենտրոնական 2 այգիներ՝ հասկանալու, թե որ այգիներում են նախընտրում ժամանակ անցկացնել քաղաքացիները և ինչ խնդիրներ են տեսնում այնտեղ։
Քաղաքացիներից շատերը նշեցին, որ Երևանում ունեն իրենց նախընտրելի այգիները, սակայն հիմնական խնդիրները կապված են դրանց անբարեկարգության և կանաչապատ տարածքների նկատմամբ ցուցաբերվող ոչ բավարար ուշադրության հետ։
Նրանց խոսքով՝ կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը կարևոր է ոչ միայն քաղաքի գեղագիտական տեսքի, այլև օդի որակի բարելավման և առողջ միջավայրի ձևավորման համար։
Անգլիական այգում, մասնավորապես, տարածքը որոշ հատվածներում անբարեկարգ էր, թեև մաքրման աշխատանքները իրականացված էին պատշաճ կերպով։ Այգում տեղադրված է նաև Պեպոյի արձանը, որի վրա, սակայն, բացակայում է որևէ գրություն կամ տեղեկատվական նշում, ինչի հետևանքով շատերը չեն կարողանում հասկանալ, թե ում արձանն է այն։
«Գիտե՞ք, ինձ թվում է՝ եթե մի քիչ էլ բարեկարգեն, ավելի հանգիստ կլինի։ Եթե մի տեղ ջուր կա, շատրվանը աշխատում է, կյանքն էլ է աշխատում։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ ծխել ու աղբը գցել այգում։ Մարդը պետք է մաքուր ապրի, բայց չգիտեմ՝ ինչու չենք կարողանում դա անել»,- նշեց մի քաղաքացի։
Քաղաքացին նաև անդրադարձավ բնակիչների և հատկապես երիտասարդների վարքագծին՝ նկատելով, որ հենց դրա հետևանքով են այգիները աղտոտվում. «Մարդիկ պետք է մի մակարդակի հասնեն, որ չծխեն, գցեն, պաղպաղակի թուղթ չքցեն»։
Քաղաքացիներից մեկն էլ անդրադարձավ ֆիզիկապես առկա, սակայն չգործող շատրվաններին ու խաղասարքերին՝ նշելով, որ դրանց անգործությունը զգալիորեն ազդում է այգիների ընդհանուր տեսքի վրա. «Այգին կարող էր շատ գեղեցիկ լինել, եթե վերանորոգեին։ Շատրվանները պարզապես կանգնած են, չեն աշխատում։ Ցավալի է, որովհետև եթե դրանք գործեին, շատ ավելի հաճելի կլիներ այստեղ ժամանակ անցկացնելը»։
Քաղաքացիներից մի քանիսն էլ խոսեցին օդի աղտոտվածության խնդրից և դրա դեմ պայքարի կարևոր գործիք համարեցին կանաչապատ տարածքների ավելացումը՝ ընդգծելով, որ ծառերն ու այգիները կարևոր դեր ունեն քաղաքային միջավայրում ջերմաստիճանը և աղմուկը մեղմելու գործում. «Ոչ թե հանել պետք է, այլ ավելացնել։ Կուզեի, որ մեր քաղաքապետարանը մի քիչ ավելի ուշադրություն դարձնի այգիների վիճակին, որպեսզի դրանք ավելի բարվոք վիճակում լինեն»։
«Նախընտրում եմ այս այգիները որովհետև սրանք կենտրոնում են, և մոտ են տանս»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
«Իհարկե կուզեի, որ կանաչապատ տարածքները շատ լինեն։ Օդը կեղտոտ է, և հենց ծառերն են, որ կարող են մաքրել այն։ Երևի ժամանակին չեն մտածել դրա մասին, հիմա թող մտածեն»,- իր կարծքիը հայտնեց մեկ ուրիշը։
Քաղաքացիները ցանկանում են նաև, որ այգիներում երեխաների համար նախատեսված ավելի շատ խաղահրապարակներ լինեն, իսկ միջավայրը մշտապես խնամված ու մաքուր լինի։ Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան
Oragir.News