Առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ոլորտում լարվածությունը շարունակում է աճել։ Մինչ պետական կառույցները խոսում են բարեփոխումների արդյունավետության մասին, բժիշկները բարձրաձայնում են վարձատրության հետ կապված խնդիրների մասին՝ պնդելով, որ ֆինանսական բեռը դրվել է հենց իրենց վրա։
Այս համակարգի գործարկումից հետո բժիշկները ստացել են աշխատավարձը ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։
«Բժիշկներին պիտի վաբշե կտրեն հացից, բերանները կարեն, որ հաց չուտեն։ Էն բերանը, որ մենակ ուտելու համար է ծառայում, բողոք չի հնչեցնում, չի կոնսոլիդացվում, պահանջներ չի ներկայացնում՝ այդ թվում քաղաքական բնույթի, թեկուզ ոլորտային քաղաքականությանը վերաբերող։ Բարձրագույն կրթված, ինտելիգենցիա ներկայացնող մարդու բերանը պիտի կարեն, որ նա հաց չուտի»,-
Oragir.News-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ բժիշկները «գառան պես հնազանդ» են, իրավիճակը միայն կխորանա. «Բժիշկներին էս տեսակ պասիվ, ապատիկ, անողնաշար պահվածքի համար նույնիսկ տասնաապատիկ ավելին է հասնում։ Եթե դժգոհություն ունես իշխանություններից, պետք է իմանաս՝ ինչ անել։ Երկու գիրք կա դրա մասին, թող կարդան, կամ՝ թող չաթջիփիթիին հարցնեն՝ իշխանությունից դժգոհելու դեպքում ի՞նչ է պետք անել»,- ասաց նա։
«Գները գիտե՞ք ոնց են գցել։ Ռենտգեն հետազոտությունը 8000-ից դարձել է 2500 դրամ, որից բժշկին հասնում է 600 դրամ։ Ռենտգեն կարդաս, եզրակացություն գրես, ու ստանաս 600 դրա՞մ․․․․Ամբողջ օրը աշխատես՝ 10-15 ռենտգեն նայես, պատասխանատու գործ անես, ու ստանաս 6-8 հազար դրա՞մ։ Ավելի լավ է՝ շինարարության մեջ բանվորություն անես, շաղախ անես, քան՝ նման վարձատրությամբ բժշկություն անես»,- շարունակեց բժիշկը։
Վերջինս նաև քննադատեց ոլորտի ներկայացուցիչների և առողջապահության նախարարության միջև անցկացված փակ հանդիպումները. «Գնացել են նախարարի հետ հանդիպել, ասոցիացիայի մակարդակով մի քանի մասնագետներ։ Այդ հանդիպումը չի հրապարակվել։ Եթե հազարավոր բժիշկների շահերն եք ներկայացնում, միացրեք՝ կամերաների առաջ, հրապարակային բանակցեք։ Ինչո՞ւ է ամեն ինչ փակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։