Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 18:45 18-02-2026

Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին վերականգնելու դատարանի որոշումը հանցագործության տարրեր ունի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) կշարունակեն պաշտոնավարել մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Տեղեկությունը հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դատարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց պահանջել է ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները։ Բացի այդ, դատարանը պահանջել է ներկայացնել նաև Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է կրոնագետ Վարդան Խաչատրյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ տվյալ հարաբերությունները չեն կարգավորվում Հայաստանի աշխատանքային օրենսգրքով, քանի որ խոսքը միջազգային կառույցի ներսում ձևավորված հարաբերությունների մասին է։

«Մեր աշխատանքային օրենսգրքով այդ հարաբերությունները չեն կարգավորվում, որովհետև դա միջազգային կառույց է, և որևէ մեկը միջազգային կառույցի ներսում գոյություն ունեցող հարաբերությունները այդ կերպ չի վերահսկում։ Եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը՝ եկեղեցուց, դպրոցը՝ եկեղեցուց։ Մի կողմից ասում ենք՝ եկեղեցին պետք է անջատված լինի պետությունից, մյուս կողմից՝ ենթադրում ենք, թե իշխանությունը կարող է վերականգնել աշխատանքային իրավունքներ համաշխարհային կառույցի ներսում։ Այդպիսի բան չկա, առավել ևս եկեղեցու դեպքում, որը Սահմանադրությամբ անջատված է պետությունից»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պետության պատասխանատվությունը սահմանափակվում է աշխատանքային օրենսգրքի շրջանակում անհատի շահերի պաշտպանության հարցերով, մինչդեռ տվյալ դեպքում եկեղեցին պետական ֆինանսավորում չի ստանում, և եկեղեցու ներսում ֆինանսական հարաբերությունները չեն վերաբաշխվում պետական միջոցների հաշվին։

«Պետությունը չի ֆինանսավորում եկեղեցին, ուստի նման պարտադրողական կամ դատախազական միջամտություն չի կարող լինել»,- եզրափակել է կրոնագետը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է նաև իրավաբան Ռուբեն Մելիքյանի հետ, որը դատարանի որոշումը որակել է ոչ միայն հակասահմանադրական, այլև քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունքների խախտում։

«Այն ոչ միայն հակասահմանադրական է, այլև խախտում է հենց բուն քաղաքացիական դատավարության տրամաբանությունը։ Դժվար է գտնել մի բան, որը այս որոշմամբ չի խախտվել։ Սահմանադրականության մասին շատ է խոսվել՝ պետությունն ու եկեղեցին անջատված են, և որևէ պետական մարմին՝ ներառյալ դատարանները, չեն կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին գործերին»,- նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն սահմանադրական դաշտում չէ. «Երբ հայց է ներկայացվում, կարող է կիրառվել հայցի ապահովման միջոց, սակայն այդ միջոցը չի կարող համընկնել հայցի առարկայի հետ։ Այսինքն՝ դատարանը չի կարող բավարարել հայցի ապահովման միջոց, որը նույնն է, ինչ պահանջում են հայցվորները։ Եթե անձինք ինչ-որ պահանջ են ներկայացրել և հայցի ապահովմամբ արդեն ստացել են նույն արդյունքը, ապա հարց է առաջանում՝ դատավարությունն ինչի՞ համար է»։

Մելիքյանի գնահատմամբ՝ խոսքը «խախտումների մի ամբողջ շարքի» մասին է, որոնք, ըստ նրա, «ակնհայտ հանցագործության տարրեր են պարունակում և դուրս են նույնիսկ կարգապահական պատասխանատվության շրջանակից»։

Մի շարք փաստաբաններ դժվարանում են հիշել դեպքեր, երբ հայցի ապահովման միջոցով աշխատակիցը վերականգնվի նախկին պաշտոնում մինչև վերջնական դատական ակտի՝ ուժի մեջ մտնելը: