Մեր կուսակցությունում օդիոզ, քրեաօլիգարխիկ տարրեր չկան
copy image url

Մեր կուսակցությունում օդիոզ, քրեաօլիգարխիկ տարրեր չկան

Խոսք 3 տարի առաջ - 19:07 09-11-2021

Վաղը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Թեմայի առընչությամբ զրուցեցինք Վանաձորի ՏԻՄ ընտրություններում “Ապրելու երկիր” կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արիստակես Դադյանի հետ։

-Պարոն Դադյան, վաղը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում <<Ապրելու երկիր>> կուսակցության շանսերը՝ նկատի առնելով, որ կուսակցությունը նորաբաց է, իսկ ընտրություններին մասնակցում են ևս 9 քաղաքական ուժ, որոնցից շատերը ավելի փորձառու քաղաքական ուժեր են։

-Ճիշտ եք նկատել, կուսակցությունը նորաբաց է, բայց հաշվի առնենք, որ հասարակությունը հոգնել է, թե՛ ներկա, թե՛ նախկին փորձառու ուժերից, իսկ Ձեր նշած փորձառու ուժերի կառավարման արդյունքները տեսնում ենք, թե՛ Վանաձորում, թե՛ ամբեղջ ՀՀ-ում, և հատկանշական է, որ մեր կուսակցությունում օդիոզ, քրեաօլիգարխիկ տարրեր չկան և չեն կարող լինել: Կոնկրետ մեր թիմը համալրված է մասնագիտական ու բարոյաական բարձր հատկանիշներով օժտված անձանցով, որոնցից յուրաքանչյուրը արդեն իսկ կայացել է իր կյանքում, և հիմա ցանկանում ենք մեր հմտություններն ու գիտելիքները ներդնել Վանաձոր համայնքի զարգացման համար, և համոզված ենք, որ կարողունակ ենք և հաջողելու ենք:

-Ինչպիսի՞ նախընտրական մթնոլորտ է Վանաձորում։ Նախկինում հաճախ էին մամուլում հայտնվում նյութեր, որ քրեական հեղինակություններ են միջամտում ընտրական գործընթացներին, փորձում են ձայներ հավաքագրել, այժմ կա՞ն նման երևույթներ։

-Դեռևս չենք նկատել նմանատիպ դեպքեր, նկատելուն պես դրանց կտրվեն համապատասխան գնահատականներ, իսկ նախընտրական մթնոլորտն այս պահին հանգիստ է:

-Ասում են, որ <<Քաղաքացիական պայմանագիրը>> ամեն ինչ անելու է հաղթելու համար՝ ընդհուպ մինչև վարչական ռեսուրսի կիրառում և այլն։ Դուք ի՞նչ տրամաբանության մեջ եք տանելու ընտրարշավը։

-Մեզ չի հետաքրքրում, թե մյուս ուժերը ինչպես են կազմակերպելու իրենց քարոզարշավը, մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա, ինչը հիմնված է անկեղծ, բովանդակալից, պրակտիկ զրույցների և բարոյական արժեքների տրամաբանության վրա:

-Ո՞ր քաղաքական ուժերին եք համարում ձեր հիմնական մրցակիցը։

-Այդպիսի քաղաքական ուժ չկա:

- Ձեր մասին ասում են, որ նախկինում ՔՊ-ական պատգամավորի օգնական եք եղել, սակայն հետագայում ճամբարափոխ եք եղել։ Դուք Ձեզ ընդդիմադիր համարո՞ւմ եք, <<Ապրելու երկիր>> կուսակցությունը արդյո՞ք ընդդիմություն է, և եթե Ձեր թեկնածուն ընտրվի, Դուք ինչպիսի՞ համայնքային իշխանություն եք լինելու, ենթարկվելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանին, թե՞ ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալու։

-Նախ մենք հանդես ենք գալու Վանաձոր համայնքի շահերի դիրքերց, ներկայացնելու ենք Վանաձորի և վանաձորցիների խնդիրները և դրանց լուծումներ ենք տալու, որովհետև անկախությունից հետո թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների կողմից ոչինչ չի արվել վանաձորցու համար բարեկեցիկ կյանք ստեղծելու, քաղաքը զարգացնելու և շենացնելու համար, աշխատատեղերի բացակայության, մշակութային կյանքի իսպառ բացակայության, երիտասարդների համար ապագա չլինելու սպառնալիքով պայմանավերված վանաձորցին լավագույն դեպքում հեռացել է Երևան, վատագույն դեպքում՝ արտագաղթել երկրից, և մենք մեր գործունեության ընթացքում ենթարկվելու ենք ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին:

Սևակ Մարգարյան

Ամենից շատ դիտված