Ներքին 4 ամիս առաջ - 10:56 17-02-2026

Դեմագոգիա է այն պնդումը, թե առաջիկա ընտրություններում որոշողը պետք է լինի ժողովուրդը, ոչ թե «օլիգարխներն ու նախկինները»

Երբ երկրի գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել քաղաքական գնահատական։ Այն վերածվում է ուղերձի՝ հստակ հասցեատերերով և կանխորոշված ենթատեքստով։

Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Իշխանությունն՝ ընդդեմ սահմանադրական կարգի։

«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից»,– օրեր առաջ ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյան։

Ժողովրդավարական ընտրությունների էությունը անորոշության և անկանխատեսելիության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված ավտորիտար հրահանգներով։ Երբ երկրի գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել քաղաքական գնահատական։ Այն վերածվում է ուղերձի՝ հստակ հասցեատերերով և կանխորոշված ենթատեքստով։

Նման ձևակերպումը, հատկապես իշխանության առաջին դեմքի շուրթերից, օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես ազդանշան պետական ապարատին՝ վարչական ռեսուրսին, իրավապահ համակարգին, ընտրական հանձնաժողովներին։ Այստեղ խոսքը ոչ թե ընտրության արդյունքի սպասման, այլ դրա նախնական ուրվագծման մասին է։

Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում որևէ սոցիոլոգիական տվյալով, հանրային կարծիքի ուսումնասիրությամբ կամ վերլուծական չափումով։ Երբ «ժողովրդի կամքը» հռչակվում է առանց դրա իրական չափման, քաղաքական ինքնավստահությունը վերածվում է իշխանական կամայականության և ավտորիտարիզմի։ Այդ պահից իշխանությունը դադարում է ենթարկվել ընտրողին և սկսում է իրեն վերագրել նրա կամքը։

Այս վտանգավոր տրամաբանությունը հաջորդ օրը առավել բացահայտ ձևով զարգացրել է Ռուբեն Ռուբինյանը։

Նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված ընդդիմադիր դաշտը՝ նա հայտարարել է, որ «հավաքական ընդդիմությունը» մտադիր է կրկնել Գյումրիի ընտրական սցենարը։

Սակայն «հավաքական ընդդիմություն» հասկացությունը գործնական և տեսական առումով քաղաքական հորինվածք է։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չեն հայտարարել միասնական ցուցակով կամ դաշինքով մասնակցելու մասին։ Այդ եզրույթը չունի իրավաքաղաքական բովանդակություն և ծառայում է մեկ նպատակին՝ հասարակական վախի մոբիլիզացիային։

Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրությունների օրինակին, ապա պառլամենտարիզմի տեսանկյունից այն ժողովրդավարական կառավարման դասական դրսևորում է։ Երբ ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքում անցողիկության շեմը հաղթահարած ուժերի մեծամասնությունը որոշում է ձևավորել իշխանություն, դա ոչ թե դավադրություն է, այլ հասարակության մեծամասնության քաղաքական կամքի ինստիտուցիոնալ արտահայտություն։

Ավելին, նույն մեխանիզմով է Երևանի քաղաքապետ ընտրվել Տիգրան Ավինյանը՝ Գյումրիի ընտրություններից շատ առաջ։ Իշխանությունը լեգիտիմ է ճանաչում քաղաքական այն մեխանիզմները, որոնք ապահովում են իր վերարտադրությունը, սակայն նույն մեխանիզմները ընդդիմության դեպքում որակում է որպես վտանգ պետական համակարգի համար։ Սա վկայում է, որ խնդիրը ոչ թե ժողովրդավարական գործիքների բնույթն է, այլ դրանց վերահսկելիությունը գործող իշխանության կողմից։

Երբ իշխանության ներկայացուցիչը ընդդիմությանը մեղադրում է խորհրդարանական ընտրություններում Գյումրիի սցենարը կրկնելու մտադրության մեջ, նա փաստացի մարտահրավեր է նետում ոչ թե առանձին քաղաքական գործիչների, այլ Հայաստանի սահմանադրական կարգին։

Այդ խոսույթը կասկածի տակ է դնում մրցակցային ընտրությունների իմաստը և ակնարկում մի տրամաբանություն, ըստ որի իշխանությունը կարող է ձևավորվել միայն մեկ ուժի կողմից, իսկ ցանկացած այլ քաղաքական համադրություն ներկայացվում է որպես «ժողովրդի կամքի խեղաթյուրում»։

Դեմագոգիա է այն պնդումը, թե առաջիկա ընտրություններում որոշողը պետք է լինի ժողովուրդը, ոչ թե «օլիգարխներն ու նախկինները», երբ միաժամանակ մերժվում է նույն ժողովրդի քվեարկության արդյունքում հնարավոր կոալիցիոն իշխանության գաղափարը։ Սա ոչ թե ժողովրդավարության պաշտպանություն է, այլ դրա սահմանափակման գռեհիկ փորձ։

Տպավորություն է ստեղծվում, որ գործող իշխանությունը, այլ քաղաքական լեզու չգտնելով, ավտորիտար ռեժիմներին բնորոշ մեթոդներով շահարկում է «ժողովուրդ» և «խաղաղություն» բառերը:

Երբ պատերազմի և պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունը մենաշնորհում է խաղաղության բառապաշարը, երբ քաղկալանավորներով ծանրաբեռնված համակարգը փորձում է ներկայանալ բարոյական բարձր դիրքից, «գառի» դեմքով, այն դադարում է լինել անվտանգության երաշխավոր և վերածվում է դրա հիմնական սպառնալիքի։

Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը ընդունում է մեկ պարզ, բայց հիմնարար ճշմարտություն․ ընտրության արդյունքը որոշվում է քվեաթերթիկով, ոչ թե «վերևի» քմահաճույքով»։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն