Վերջին շաբաթներին Գյումրիում տեղաշարժվելը դարձել է փորձություն թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհները լցված են փոսերով, անհարթություններով և չվերականգնված հատվածներով, որոնք ոչ միայն անհարմարություն են ստեղծում, այլև իրական վտանգ ներկայացնում։
Վարորդները բողոքում են՝ մեքենաների կախոցները շարքից դուրս են գալիս, անվադողերը վնասվում, իսկ գիշերային ժամերին անլուսավորված հատվածներում փոսերը գրեթե աննկատելի են։ Որոշ փողոցներում երթևեկությունն այնքան է դժվարացել, որ մեքենաները ստիպված են շրջանցել վտանգավոր հատվածները՝ ստեղծելով լրացուցիչ խցանումներ ու վթարային իրավիճակներ։
Անհարթ մայթերը, կոտրված սալիկները, ջրափոսերով լցված անցումները հատկապես տարեցների և երեխաների համար լուրջ ռիսկեր են առաջացնում։ Անձրևոտ կամ ձնառատ եղանակին իրավիճակը դառնում է առավել վտանգավոր․ մարդիկ ստիպված են քայլել ճանապարհի երթևեկելի հատվածով՝ իրենց կյանքը վտանգի տակ դնելով։
Գյումրին, լինելով երկրի երկրորդ քաղաքը, չի կարող իրեն թույլ տալ նման ենթակառուցվածքային վիճակ։ Անվտանգ ճանապարհը շքեղություն չէ, այլ նվազագույն պահանջ։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի Շիրակացի փողոցի անմխիթար վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում․