Ապաշնորհությունն արդարացնելու ամենահարմար ու ամենատարածված տարբերակը պատասխանատվությունը նախկինների վրա բարդելն է։ Ինչ սխալ, բացթողում լինում է՝ ՔՊ-ականները հիշում են նախկիններին, նրանց դարձնում քավության նոխազ։
Ձնհալից հետո ճանապարհների փոսերը վնաս են հասցրել հազարավոր քաղաքացիների, բազմաթիվ ավտոմեքնեաներ են ամեն օր վնասվում այդ փոսերի պատճառով։ Հանրային բողոքներն այս մասին կարելի է լսել ամեն քայլափոխի։ Ո՞վ է մեղավոր, որ ճանապարհներին այսպիսի անհասկանալի մեծ փոսեր են գոյանում, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի քաղաքացուն պատճառված վնասների համար։
Տրամաբանորեն ենթադրելի է, որ պատասխանատուն օրվա իշխանություններն են։ Եվ նրանց էլ ուղղվում են հանրային քննադատությունները։ Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, թե ովքեր են մեղավորները։ «Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա ձեզ համար անհարմարություն է պատճառում։ Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները։ Երևանում այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը»,- գրել է քաղաքապետը։
Նույն օրը նա լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձել է փոսերի թեմային, պնդելով, թե իրենց իշխանության օրոք Երևանում նորոգված փողոցներում վիճակը լավ է։ Այսպիսով նա ակնարկում է, թե նախկինների օրոք նորոգված ճանապարհների ասֆալտն է քայքայվել, այսինքն՝ նախկինների ժամանակ արված ասֆալտն է փոս դարձել։
Ինչո՞վ է վտանգավոր այս մոտեցումը։
Սեփական սխալները խոստովանելը խիզախություն է պահանջում։ Այս պարագայում նորմալ կլիներ, եթե Ավինյանը խոստովաներ, որ իր կամ իր թիմի սխալների հետևանքով են առաջացել աղետալի փոսեր Երևանի փողոցներում։ Նորմալ կլիներ նաև խոստանալը, որ քաղաքապետարանը կհատուցի այն քաղաքացիներին, որոնց մեքենաները վասվել են փոսերի պատճառով։
Այս նորմալ, բարոյական, պատասխանատու մոտեցման փոխարեն՝ Ավինյանը գրառում է անում, երկար բարակ նկարագրում, թե ինչու են առաջացել փոսերը Երևանում և ովքեր են մեղավորները։ Իսկ ինչո՞ւ այդ մասին չգիտեին ՔՊ-ականները մինչ օրս։ Ո՞վ էր արգելել ՔՊ-ական պաշտոնյաներին մի քանի էջ ավելի կարդալ, հասկանալ խնդիրը։ Եվ կարևորը՝ Ավինյանն ինչո՞ւ չի գրում, թե ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որ հաջորդ ձմեռ նույն բանը չկրկնվի։
Ավինյանն իր գրառման մեջ պարզ ու միանշանակ առաջ է մղում փոսերի առաջացման ենթադրյալ պատճառներն ու մեղավորներ կարգում։ Այստեղից ենթադրելի է, որ առաջիկայում խիստ պատժի կենթարկվեն աղը, ավազը, ձյունը, սառնամանիքը, երթևեկությունն ու մի քանի նախկին քաղաքապետ, որ այսուհետև նման աղետալի փոսեր չգոյացնեն մեր սիրելի Երևանում։
Նույն օրը լրագրողների հետ զրույցում Ավինյանը հայտարարում է, թե իրենց օրոք միջին նորոգած փողոցները ներկայում հիմնանորոգելու են։ Այսինքն՝ խոսքում Ավինյանն ակնարկում է, որ այսօրվանից սկսվող նորոգումների շարքում հիմնանորոգելու են նաև 1-2 տարի առաջ միջին նորոգված փողոցները։ Հետևաբար՝ կարելի է ասել, որ ՔՊ-ն ոչ արդյունավետ է տնօրինել հարկատուների միջոցները, իր օրոք նորոգված ասֆալտը սահմանված ժամանակից շուտ կրկին նորոգվելու է։ Այս պարագայում ի՞նչ իմաստ ունի ակնարկել, թե նախկինների ժամանակ արված ասֆալտն է փոս դարձել։
Պարզ ասած՝ առաջիկա շաբաթներին քաղաքում սկսվելու է ասֆալտապատման բում։ Հարկատուների միջոցներից ահռելի մեծ գումարներ են ուղղվելու այս խնդրին։ Մտահոգիչն այն է, որ ինչպես նախկինների օրոք, ինչպես 1-2 տարի առաջ, այնպես էլ հիմա ոչ ոք չի երաշխավորում, որ նախընտրական նպատակներով նորոգված փողոցներում 1-2 տարի հետո նույն աղետալի փոսերը չեն գոյանա Ավինյանի նկարագրած նույն պատճառով, ու հետո ՔՊ-ն կամ նրան փոխարինած իշխանությունը կրկին չեն մսխի հարկատուների ահռելի մեծ միջոցները, որոնք կարող էին ուղղվել համախառն ազգային երջանկությանը։
Թաթուլ Մկրտչյան