Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Իրավապահներն այսօր առավոտից խուզարկել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի աշխատասենյակը: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ խուզարկությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։ «Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025թ․, հաղորդումը ներկայացվել է հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթը նախաձեռնվել է»,– լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ վարույթը նախաձեռնելուց միայն 4 ամիս անց է խուզարկություններ անցկացնելու որոշում կայացվել։ ««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ապրանքներ, բժշկական պարագաներ է ձեռք բերել իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից, բայց իբրև հնարավորություն է ունեցել տվյալ պարագաները ավելի ցածր արժեքով ձեռք բերելու ներմուծող և արտադրող ընկերություններից։ Այդ կերպ իբրև թույլ է տվել նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացնեն մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից և, որոշակի գործարքներ կատարելով, իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասաց Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր արել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից շնորհավորել էր Վեհափառի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներ, նախկին բարձրաստիճան ոստիկաններ Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Այդ շրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը մեղադրվում են 2008-ի մարտին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար: Նրանց հետ կապվել չի հաջողվում պարզելու՝ ընդունո՞ւմ են մեղադրանքը, թե՞ ոչ: Նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ ցամաքային սահմանազատված հատվածով։ Հաղորդվում է, որ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։ Հաղորդվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում: