Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:00 13-02-2026

Կրիպտոյի ոլորտին խելամիտ և ոչ խտրական կարգավորումներ են պետք․ Էդուարդ Ավետիսյան

Կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները ոլորտի ներկայացուցիչների համար նոր խնդիրներ են ստեղծել։ Նրանց խոսքով՝ գործող պահանջները խոչընդոտում են շուկայի բնականոն գործունեությունը և ստեղծում անհավասար պայմաններ։

Oragir.News-ի հետ զրույցում «Կրիպտո տնտեսվարողների միության» խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները և նոր կարգավորումների հետևանքով հետևանքով առաջացած ռիսկերը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում կրիպտո ոլորտի տարեկան շրջանառությունը հասնում է միլիարդավոր դոլարների, իսկ օգտվողների թիվը՝ հարյուր հազարների։ Միաժամանակ, ըստ Ավետիսյանի, ներդրված կարգավորումները վերցված են այնպիսի մոդելներից, որտեղ շուկան բավարար զարգացում չունի, և դրանք ըստ էության չեն համապատասխանում տեղական իրողություններին։

«Տարեկան էս ոլորտում Հայաստանում մենակ մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն կա, և բնակչության մոտ 15 տոկոսը՝ մոտ 450 հազար մարդ, կամ ակտիվորեն օգտվում է կրիպտոարժույթներից, կամ առնվազն մեկ անգամ օգտվել է։ Ոլորտը, իհարկե, կարգավորման կարիք ունի, տարիներ շարունակ ասել է, որ հստակ կանոններ են պետք, բայց ընդունված կարգավորումները ոլորտի սրտով չեն, որովհետև վերցված են այնպիսի միջավայրից, որտեղ էս ոլորտը շատ թերզարգացած է»,- ասում է նա։

Ավետիսյանը շեշտում է՝ նոր ենթաօրենսդրական ակտերը խստացրել են գործունեության պայմանները, հատկապես կանխիկ գործարքների մասով։ Սահմանվել է 300 հազար դրամի շեմ, մինչդեռ, ըստ նրա, ոլորտում գործարքների չափերը հաճախ անհամեմատ ավելի մեծ են։ Միևնույն ժամանակ, բանկերը շարունակում են սահմանափակ սպասարկել կրիպտո ընկերություններին, ինչի արդյունքում առաջանում է գործնական փակուղի։

Նա նաև խնդրահարույց է համարում նույնականացման և հաշվետվողականության չափանիշները՝ նշելով, որ դրանք ավելի խիստ են, քան բանկային համակարգում կիրառվող շեմերը. «Կրիպտո ոլորտի դեպքում 1 միլիոն դրամից սկսած պահանջում են գումարի ծագման աղբյուր, մինչդեռ բանկերում էդ շեմը մոտ 20 միլիոն է։ Բացի դրանից, պահանջում են, որ գրեթե բոլոր գործարքները զեկուցվեն կարգավորողին՝ լինի դա 5 դոլար, թե 5000 դոլար։ Սա ադմինիստրատիվ շատ մեծ բեռ է փոքր ստարտափների համար։ Ստացվում է՝ մի մասի վրա դրվում է մեծ բյուրոկրատիա, մյուսները կարող են առանց էդ ամենի աշխատել, և մրցակցությունը աղճատվում է»։

Ավետիսյանը նկատում է, որ կրիպտոարժույթների հիմնական գաղափարը այլընտրանքային, արագ և համեմատաբար էժան ֆինանսական փոխանցումների համակարգ ապահովելն է։ Սակայն, նրա խոսքով, երբ ոլորտը ամբողջությամբ կապվում է բանկային մեխանիզմների հետ, վերանում է դրա արագությունն ու գրավչությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կրիպտո ընկերություններին չի թույլատրվում վճարային տերմինալներով վճարումներ ընդունել, մինչդեռ այլ տնտեսվարողներ նման հնարավորություն ունեն։

«Մեր պահանջը խելամիտ և ոչ խտրական կարգավորումն է։ Եթե ֆինանսական մյուս հաստատությունները ունեն որոշ գործիքակազմ, նույնը պետք է ունենա նաև կրիպտո ոլորտը։ Պետք չէ ոլորտին նայել որպես վտանգի աղբյուր ու գերակարգավորել այնպես, որ չկարողանա զարգանալ։ Պետք է նայել այլ երկրների փորձին, որտեղ կարգավորումները շատ ավելի պարզ են, և ոլորտը չի տրվում միայն բանկային կարգավորողին, որովհետև կրիպտոն ու բանկային համակարգը բնական մրցակիցներ են»,- նշում է Ավետիսյանը։

«Կրիպտո տնտեսվարողների միության» խորհրդի նախագահը հավելեց, որ այս հարցերը բարձրաձայնել են նաև պետական մարմինների և օրենսդիրի հետ քննարկումների ընթացքում և ակնկալում են կարգավորումների վերանայում ու ավելի հավասարակշռված մոդելի ստեղծում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Oragir.News

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան