Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:23 12-02-2026

Բարձր խոսքը ճշմարիտ իրականություն է ձևավորում․ այսօր Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն է

Այսօր գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 91-ամյակն է։ Այդ առիթով հարազատները, ընկերները, մշակութային գործիչները և դպրոցականներ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված է մեծ գրողի աճյունը։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին և հիշեցին Մաթևոսյանի գրական ու հրապարակախոսական ժառանգությունը։

Միջոցառմանը ներկա էին գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը, նրա ամուսինը՝ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Oragir.News-ի հետ զրույցում իր խոսքն ասաց նաև գրողի կինը՝ Վերժինա Մովսիսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Դավիթ Մաթևոսյանն, անդրադառնալով անցած տարվա՝ գրողի 90-ամյակին նվիրված միջոցառումներին և Մաթևոսյանի խոսքի արդիականությանը, նշեց․

«Կասեմ էն, ինչը, որ մեզ հիմա, երևի, անհրաժեշտ է։ Գիտեք, անցյալ տարի 90-ամյակն էր, ամբողջ տարվա ընթացքում փորձեցինք ինչ-որ բաներ անել, որ իրականության առաջ իր անունը, իր գործը, իր հրապարակախոսությունը, իր արձակը մենակ չթողնենք, և կարողացանք։ Եվ փառք Աստծո՝ մենակ չեղանք ինքներս, օժանդակողներ ունեցանք։ Ակնկալածից շատ ավելի քիչ, բայց որակյալ։ Եղան դպրոցներ, մշակույթի օջախներ, թանգարաններ, եղան ֆինանսավորողներ, որոնք հովանավորեցին, փոքր քանակությամբ մարդիկ և կազմակերպություններ, բաներ եղան, որ կարողացանք անել, դրա համար շնորհակալ ենք։

«Ես տերն եմ իմ ժամանակի»․ անցյալ տարի էդպես էինք ընտրել կարգախոսը, իր մի հրապարակախոսության վերնագիրն ու բովանդակությունն էինք ընտրել, և կարծում էինք՝ չէինք վրիպել, քանի որ հիմա, ըստ իս, բավական երկար տևող, արդեն տասնամյակից ավելի տևող անտեր ժամանակներում, իրոք, Մաթևոսյանն է, որ տեր է եղել, տեր է և տեր պիտի լինի։

Եթե իր խոսքին, իր հրապարակախոսությանը թեկուզ անսանք, ապագայում էլ էդպես լինի, համոզված եմ՝ կկարողանանք գործ ունենալ շատ ավելի որակյալ իրականության հետ, քան ունենք։ Քանի որ «Ի սկզբանե էր բանը»՝ խոսքը ձևավորում է իրականություն, հենց այդ պատճառով մշակույթը ձևավորում է իրականություն, պռատ մշակույթը ձևավորում է պռատ իրականություն։ Իսկ նման մշակույթը՝ բարձր արվեստը, բարձր խոսքը, ճշմարիտ խոսքը ձևավորում են ճշմարիտ իրականություն։ Մեզ դա է պետք»,- ասաց գրողի որդին և հավելեց,- «Այս տարի էլ մարտահրավեր ունենք՝ ընտրությունների, ունենք պարտությունը հաղթահարելու խնդիր, և ես համոզված եմ, որ այս որակի խոսքով, հենց այս խոսքով՝ «Ես տերն եմ իմ ժամանակի», մենք դա կարող ենք անել։ Բայց լսողներն առայժմ քիչ են։ Պետք է հնչեցնենք, և պետք է այդպես լինի»։

Գրողի կինը՝ Վերժինա Մովսիսյանը, իր հերթին հիշեց նաև Մաթևոսյանի ստեղծագործական առօրյայից մի դրվագ՝ նշելով, որ հաճախ երեկոյան, երբ նա ավարտում էր գրելը, ինքն աննկատ մտնում էր սենյակ և կարդում հենց այդ գիշեր գրված գործը։

Նշենք նաև, որ նկարահանման պահի դրությամբ՝ քաղաքական դաշտի ներկայացուցիչներից ոչ մեկը ներկա չէր միջոցառմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: