Երեմյան կաթնամթերքի գործարանում մեկնարկել է Երեմյան ընկերությունների խմբի 20-ամյակի հոբելյանական տարին։ Այդ առիթով կազմակերպված ասուլիսը ոչ միայն հաշվետվություն էր անցած ճանապարհի մասին, այլև պատմություն՝ արժեքների, նորարարության և մեծ տեսլականի վերաբերյալ։
Երեմյան ընկերությունների խումբն արդեն երկու տասնամյակ գործունեություն է ծավալում երեք առանցքային ուղղություններով՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն և մասնագիտական կրթություն։
Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հանրային կապերի տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում կանգնած Երեմյան ընկերությունների խումբը տարիներ շարունակ իր առջև հստակ նպատակ է դրել՝ վերհանել հայկական խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել տուրիզմի զարգացմանը, Հայաստանը դիրքավորել աշխարհի գաստրոքարտեզին, ամրապնդել Հայաստանի տնտեսությունը։
Այսօր Երեմյան գյուղատնտեսությունն ունի 2 խելացի ֆերմա՝ 2500 մաքրացեղ կովով և 6000 խոզով, 2 ժամանակակից գործարան և զբաղեցնում է Հայաստանում պրեմիում կաթնամթերքի շուկայի շուրջ 60 տոկոսը։ Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում՝ սերմից սեղան հայեցակարգով, ամենամեծ սեփական ֆերմայով, արտադրական ամբողջական փակ շղթայով, FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ, Ա կարգի մանկական կաթի վկայագրմամբ։
Երրորդ կարևոր ուղղությունը մասնագիտական կրթությունն է։ Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան Հայաստանում առաջին և առաջատար հաստատությունն է ոլորտում, որը հիմնվել է 2019 թվականին։
Երեմյան ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանն անդրադառնում է իրենց սկզբունքներին, որոնցից չեն շեղվում։
«Կան սկզբունքներ, որոնք ի սկզբանե՝ 2006 թվականից դրվել են, և մենք սկզբունքներից չենք շեղվել։ Իսկ մեր թիմը կազմված է այն մարդկանցով, ովքեր կիսում են այդ սկզբունքը։ Մեր սկզբունքները երեքն են՝ ճիշտ նպատակներ դնել մեր առաջ, հետևողական լինել մեր նպատակներին և բարձր պահել այն նպատակները, այն արժեքները, որոնք ի սկզբանե դրված են մեր առջև»։
Այսօր Երեմյան ընկերությունների խումբը ներկայացնում է 18 ռեստորան, 13 եզակի կոնցեպտ՝ հայկական, եվրոպական, միջերկրածովյան, իտալական, ճապոնական խոհանոցներով՝ սպասարկելով տարեկան միլիոնավոր հյուրերի։
20 տարվա ընթացքում Երեմյան ընկերությունների խումբը սպասարկել է ավելի քան 15 միլիոն մարդու, ընդունել շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկի, կազմակերպել շուրջ 400 հազար տուր։ Գյուղատնտեսության ոլորտում մշակել է 1200 հեկտար հող, ստացել 50,000 տոննա անասնակեր, արտադրել 28 միլիոն լիտր կաթ, մշակել ավելի քան 1200 հեկտար հող։
Դավիթ Երեմյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանեց մի շարք հարցերի, այդ թվում՝ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես է իրենց հաջողվել 20 տարիների ընթացքում փոխել ռեստորանային բիզնեսի կանոնները, մարդկանց ընկալումն ու վերաբերմունքը։
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ իրենք ոչ միայն աշխատել են, որ ռեստորանային ոլորտում ճիշտ ու նորովի մատուցեն հայկականը, այլ նաև սպառողները գիտակցեն, որ ռեստորանն ավելի մեծ նպատակ ունի, քան պարզապես սնունդ մատուցելը։
«Մեզ համար շատ կարևոր է եղել ռեստորաններում մթնոլորտ ձևավորելը։ Մեզ համար շատ կարևոր է եղել մեր ներսի խոսույթները՝ ո՞նց ենք մենք մեր ներսում խոսում։ Խոհարարը մեզ մոտ ուղղակի եկող-թափող չէ, խոհարարը ստեղծագործ է։ Խոհարարները իրենք ամեն օր, ամեն ժամ մեծ աշխատանք են կատարում, որ մեր հյուրերը վայելեն իրենց հանգիստը։ Սպասարկողը ուղղակի տանող բերող չէ։ Սպասարկողը մթնոլորտ ստեղծողն է։ Էդ սկզբունքները շատ մեծ փոփոխություն են մտցրել նաև սպառողների մեջ, ու, դա մեզ հաջողվել է։ Այսօր Դուք էլ եք տեսնում։ Ես հիշեցի՝ 2010 թվականին հաճախ էի դրսում տեսնում, որ աղջիկները կանայք, խնջույքներ էին անում, գինի խմում։ Մեզ մոտ նման մոտեցում չէինք տեսնում։ Ավելի շատ տղամարդիկ էին, ինչ-որ չափով ընտանիքներ, 1,2 տարի հետո մենք տեսանք, որ աղջիկներն ավելի շատ են հավաքվում խաշի սեղանի շուրջ, քան տղամարդիկ»,- նշեց Դավիթ Երեմյանը
Ասուլիսի կազմակերպիչներն ևս մեկ անգամ շեշտեցին, որ 20 տարվա ընթացքում Երեմյան ընկերությունների խումբը ձևավորել է ոչ միայն բիզնես մոդել, այլև արժեքային համակարգ, որտեղ սնունդը, հյուրընկալությունը և կրթությունը ծառայում են մեկ նպատակին՝ ստեղծել որակ, մշակույթ և վստահություն։