Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 10:50 12-02-2026

Մեզ չի ընկճի ո’չ շղթան, ո’չ կապանքներ, ո’չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք․ Բագրատ Սրբազանը նամակ է գրել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․

«ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ

Սիրելինե’ր,

Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել:

Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»:

Այո’, այս հիշատակությունը բանտարկված, աքսորված և նահատակված հոգևորականության մասին է, ովքեր չդավաճանեցին ո’չ իրենց հավատքը, ո’չ կենսագրությունը և ո’չ էլ համակերպվեցին Հայրենիքի և Հավատքի կորստի հետ և չասացին. «մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք»:

Այս օրը փաստացի 21-րդ դարում Հայաստանում հալածվող եկեղեցու տոնն է և «բանտարկված հոգևորականության» տոնը` նույն Ղևոնդյանց օրինակով:

Շնորհավորում եմ նաև Մուշե, Արշեն, Քաջաջ, Աբրահամ, Խորեն, Ղևոնդ, Հովսեփ, Սահակ, Խաչիկ, Սամուել անուններով անձանց: Թող Աստված օրհնի բոլորիդ:

Այսօր Վարդանանց Սուրբ նահատակների, մեր ներշնչումների, ոգևորության պատգամի, նվիրումի և հավատարմության հիշեցումն է և մեր մեծ հերոս սուրբերի բարեխոսությունը հայցելու հնարավորությունն ու առիթը` իրենց հետ նույնանալու միջոցը:

Իրականում ի՞նչն էր իրականությունը. թշնամին պահանջում էր`

Ա. Եկեղեցու ազատությունը ճնշել` հարված ինքնությանը

Բ. Վանքերը, որտեղ կրթություն, գիտություն, մշակույթ էր զարգանում` փակել:

Փաստացի` կրթական համակարգը ձևախեղել

Գ. Հարկերը ծանրացնել

Դ. Նախարարներին կաշառել և թշնամացնել

Ե. Հազարապետը փոխարինել թշնամու դրածոյով, գլխավոր դատավորն էլ` մոգպետով:

Այսինքն` ենթարկեցնել դատական համակարգը, ժողովրդին ծանրաբեռնել հարկերով, խեղաթյուրել կրթական համակարգը, հարված հասցնել ինքնությանը և ատելության ու թշնամանքի սերմանումով գրավել քաղաքական համակարգը` սեփական դրածոյի ներդրմամբ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր կյանքում` հալածվող եկեղեցի, ստրկացած դատական համակարգ, տնտեսական բեռի և պարտքի տակ կքած ժողովուրդ, խեղված կրթամշակութային համակարգ, թշնամուց գրավված քաղաքական համակարգ` զուգորդված հասարակական լայն թշնամանքով, ատելությամբ և պառակտումով:

Այդ պատճառով էլ Վարդանանք այսօր փորձվում են ներկայացվել որպես «ռոմանտիկ ահաբեկիչներ», իսկ Վասակ Սյունին` որպես մեծ դիվանագետ:

Ինչպես ասվում է` նմանը նմանին և գտնում…

Փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, Վասակի դավաճանությունը ներկայացնել որպես «մեծագույն դիվանագիտություն», ով պատրաստ էր ամեն ինչ զիջել` ինքնություն, տարածքներ, գիտակցություն և այլն: Փաստորեն «իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք:

Իրականում Վարդանանց պայքարը չավարտվեց Ավարայրի հերոսապատումով, այլ սկսեց: Այն 33 տարվա պայքարից հետո ավարտվեց Հաղթանակով (կնքվեց Նվարսակի պայմանագիրը)…

Մեր պայքարն էլ չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա: Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց և այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խորը գիտակցությամբ, «Ավետյաց Երկրի» և Հոգևոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ո’չ շղթան, ո’չ կապանքներ, ո’չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք…

Եվ այո’, Հաղթանակն այլընտրանք չունի…

Վասն Հավատքի և վասն Հայրենյաց»

Սիրով և աղոթքով
Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի կալանավոր
Ի տօնի Ղեւոնդեանց քահանայից և Վարդանանց Զօրավարացն
12.02.2026»։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
09:48 Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը հասել է պատերազմական շրջանի ամենացածր մակարդակին