Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:14 11-02-2026

Ռեֆորմ՝ առանց ենթակառուցվածքի․ ID քարտերի պահանջը կրկին հետաձգվո՞ւմ է

Այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի չունի նույնականացման (ID) քարտ, և նրանց զգալի մասը աշխատաշուկա նոր մուտք գործող անձինք են, որոնք աշխատանքի ընդունվելու փուլում բախվում են փաստաթղթային պահանջների հետ կապված դժվարությունների։

Միաժամանակ, ըստ շրջանառվող տեղեկությունների, եթե քաղաքացիները չունեն թվային ստորագրություն կամ ID քարտ և մտավախություն ունեն, որ դրա պատճառով չեն կարողանա աշխատանքի ընդունվել, նախատեսվում է համապատասխան կարգավորման կիրառումը հետաձգել մեկ տարով։

Խնդիրը պայմանավորված է նաև տեխնիկական ծանրաբեռնվածությամբ․ համապատասխան ծառայությունները չեն հասցնում պահանջվող ծավալով ID քարտեր տպագրել։ Նոր դիմողների հերթագրումը որոշ դեպքերում արդեն հասնում է մինչև մայիսի վերջ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

«Երբ պետությունը ինչ-որ բան է պլանավորում, հետո ենթակառուցվածք չի ապահովում, դա արդեն նշանակում է, որ ինքը թերացել է։ Հիմա ո՞ր փուլում է թերացել՝ միշտ կարելի է պատճառներ գտնել։ Բայց պատասխանատու մարդիկ ոչ թե փնտրում են չկատարելու պատճառներն, այլ ընտրում են մեղավորներին և համապատասխան սանկցիաներ են գործածում։ Մենք տեսնում ենք, որ կառավարության անդամները իրենցից շատ գոհ են բոլոր օղակներով, հետևաբար՝ գործ ունենք համակարգի հետ, որը ոչ թե փնտրում է պատճառներ, այլ արդարացումներ»։

Պիպոյանի խոսքով՝ ցանկացած ռեֆորմից առաջ անհրաժեշտ են ռիսկերի գնահատում և իրական ենթակառուցվածքային պատրաստվածություն, հակառակ դեպքում՝ նախաձեռնությունները չեն հասնում վերջնանպատակին։

«Առանց համապատասխան ռիսկերի գնահատման՝ որևէ բան ներդրվում է այնտեղ, որտեղ հետո պարզվում է՝ ենթակառուցվածք չկա։ Նույնը տեսել ենք տրանսպորտի բարեփոխումների դեպքում, նույնը՝ այլ կարգավորումների ժամանակ։ Մենք ավելի շատ խոսում ենք գործ անելու մասին, քան գործ ենք անում»,- ասաց փորձագետը։

Նա նաև ընդգծեց, որ հաճախ չափազանց շատ է խոսվում կատարված աշխատանքի մասին, ինչը, իր գնահատմամբ, հակադարձ համեմատական է իրական աշխատանքի ծավալին։

«Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու․ երբ մարդիկ շատ ժամանակ են ունենում կատարված աշխատանքի մասին խոսելու, հիմնականում քիչ ժամանակ են տրամադրած լինում այդ աշխատանքը կատարելու համար։ Երբ աշխատանքը շատ է, դրա մասին երկար խոսելու ժամանակ պարզապես չի մնում»։

Պիպոյանը նաև շեշտեց, որ ID քարտերի հարցը պետական ծառայության ոլորտում է, և այստեղ սպառողը այլընտրանք չունի՝ ծառայությունը ստանում է միայն պետությունից։

«Սա պետության կողմից մատուցվող ծառայություն է։ Քաղաքացին այստեղ պահանջ ունի բացառապես պետությունից։ Եթե ստորին օղակը թերանում է, ապա արդեն վերադաս կառույցների պատասխանատվության հարցն է առաջանում։ Այս հարցը հասել է նաև Ազգային ժողովի մակարդակ, և այստեղ քաղաքացիների դժգոհությունը պետք է ուղղված լինի կառավարման համակարգին»։

Թվային ստորագրության և ID քարտերի պարտադիր կիրառման հետաձգման վերաբերյալ պաշտոնական վերջնական որոշում դեռ չի հրապարակվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան