ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ փետրվարի 9-ին, Երևան է այցելելու։ Այստեղից կմեկնի Բաքու։ Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Վենսի երևանյան երկօրյա օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ։ Հայտնի չէ՝ հանդիպելո՞ւ է խորհրդարանական ընդդիմադիրների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Վենսի այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է։
Սակայն Հայաստանում շատերն ակնկալում են, թե Վենսը կարող է հայ գերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը լուծել։ Ինչո՞ւ են այսպիսի ակնկալիք գեներացնում։ Կարո՞ղ է Վենսը այս հարցերում առաջընթաց գրանցել։
Նախ հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ Հայաստանն առաջինը միջազգային հարաբերություններ հաստատել է ԱՄՆ-ի հետ։ Սա հիմք է ենթադրելու, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր չեն ձևավորվում։ ԱՄՆ-ն մշտապես հանդես է եկել ՀՀ անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության դիրքերում։
Եվ սա օրինաչափ է, քանի որ Հայաստանն անկախացել է նաև Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակի շնորհիվ։ Այս առումով՝ Հայաստանի անկախությունը նաև ԱՄՆ-ի միջազգային, քաղաքական ձեռքբերումն է։ Եվ բնականաբար՝ ԱՄՆ-ն պետք է առանձնակի ուշադրություն դարձներ մեր երկրին։
Ժամանակի ընթացքում ՀՀ սխալ արտաքին քաղաքականությանը զուգահեռ պատմույթներ էին տարածվում, թե ՀՀ-ն ԱՄՆ-ին չի հետաքրքրում, իբր՝ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, ԱՄՆ-ն այս տարածաշրջանում առաջնահերթություն չունի և այլն։ Այս պատմույթները Վենսի ներկա այցի հետ համադրողները ենթադրում են, թե լուրջ բան է փոխվել՝ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում տարածաշրջանին, Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական են։
Իրականում՝ զարանալի ոչինչ չկա ԱՄՆ փոխնախագահի այցի մեջ։ Օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը ամերիկյան ներդրումներն են տարածաշրջանային քաղաքականության մեջ, և Վենսի այցը նշանակում է, որ ԱՄՆ-ն հաստատակամորեն պաշտպանելու է իր ներդրումները՝ և՛ հայ-ադրբեջանական խաղաղությունը, և՛ ԹՐԻԻՓ-ը։ Ներդրումները պաշտպանելը բիզնեսի առաջին կանոնն է։
Այլ հարց է ժողովրդական ակնկալիքը քաղբանտարկյալների և Բաքվում պահվող գերիների ազատ արձակման վերաբերյալ։ Այս ակնկալիքն օրինաչափ հիմքեր չունի, քանի որ քաղբանտարկյալների շահերն ու իրավունքները ներկայացնող քաղաքական ուժերի մեծ մասը ամերիկյան քաղաքական առաջներթությունների հետ ներդաշնակ չէ։ Մասնավորապես՝ նրանք ՀՀ անկախությունը պաշտպանելու համար օրակարգ չեն բերում ռուսական ռազմակայանի դուրս բերման, լյուստրացիայի, ապասովետիզացման մասին հարցեր, ինչպես արել են մեր բախտակից բազմաթիվ երկրները։ Նրանք նաև ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն չեն համարում, խաղում են ռուսական լարի վրա, անուղղակի արդարացնելով Փաշինյանի վարած ռուսամետ կուրսը։
Բաքվում գերիների ազատ արձակման հարցում նույնպես ներդաշնակություն չկա ամերիկյան քաղաքականության հետ։ Օրինակ՝ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ Մոսկվայում խոսեր ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը պաշտանելու, լյուստրացիա անելու և հիբրիդային սպառնալիքները վերացնելու օրակարգի մասին, ապա ԱՄՆ-ն հիմք կունենար Բաքվից պահանջելու ազատ արձակել և Հայաստան վերադարձնել գերիներին։
Պարզ ասած՝ ամեն ինչ գին ունի։ Եվ եթե քաղաքացիները հույս են փայփայում, որ ԱՄՆ-ն գերիների հարցում ճնշում կգործադրի Բաքվի վրա, քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում՝ Փաշինյանի վրա, ապա ՀՀ քաղաքական համայնքն ԱՄՆ-ի քաղաքականության հետ ներդաշնակության ռեալ եզրեր պետք է գտնի և դրանք դարձնի օրակարգի առաջնային հարցեր։ Քանի դեռ այս ուղղությամբ ռեալ քայլեր չկան, Վենսի կամ ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված հույսերն իրական չեն։
Թաթուլ Մկրտչյան