Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 18:36 06-02-2026

ԱԳՆ-ն վերածվել է Քոչարյան-Միրզոյան «փոխհրաձգության» հարթակի․ թիրախում նաև ԶԼՄ-ներն են

Նախօրեին Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հակադարձել էր ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանի ելույթի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականին՝ նշելով, որ այն խեղաթյուրում է ելույթի բովանդակությունը։

«Օրերս ՀՀ երկրորդ նախագահն իրականությունը խեղաթյուրող հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի վերաբերյալ, ինչին հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարի պարզ և հանրամատչելի արտահայտված հերքում-արձագանքը»,- նշել են ԱԳՆ-ից՝ մի շարք լրատվամիջոցների մեղադրելով Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը չհրապարակելու մեջ։

Փաստացի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն սկսել է նաև լրատվական դաշտի մոնիթորինգով զբաղվել, իշխանություն-ընդդիմությունը «փոխհրաձգությունը» տեղափոխել է իր ֆեյսբուքյան էջ, թիրախավորել լրատվամիջոցներին՝ ըստ էության ՔՊ-ն նույնացնելով Հայաստանի Հանրապետության հետ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

«Նախարարության պաշտոնական էջը կարող է ծառայել արտգործնախարարի, խոսնակի և նախարարության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև նախարարության կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար։ Նախարարի, փոխնախարարների կամ խոսնակի լիազորությամբ պաշտոնական տեղեկատվություն տարածելը հնարավոր է, ինչպես նաև հասարակության հետ հարաբերությունների վարչությունը կարող է ներգրավված լինել։ Թեև պաշտոնական էջերում կարող են տարածվել պաշտոնական տեղեկություններ, այնուամենայնիվ, տեղեկատվությունը պետք է լինի բացառապես պաշտոնական, ոչ թե անձնական բնույթի քննարկումների կամ արձագանքների մասին։ Խնդիրը հաճախ առաջանում է, երբ անձնական բնույթի գրառումներ կամ մեկնաբանություններ հայտնվում են պաշտոնական էջերում»,- շեշտեց Աղաջանյանը։

Աղաջանյանն անդրադարձավ նաև սոցիալական էջերի պաշտոնականացման սահմանին. «Եթե անձն օգտագործում է իր էջը պաշտոնական նպատակներով, ապա պետք է չափազանց զգուշավոր լինի։ Անձնական էջում տարածվող նյութերը պետք է առնչվեն միայն անձնական կյանքի կամ ժամանցի հետ, որպեսզի ոչ միայն ինքը չվարկաբեկվի, այլև լրատվամիջոցները հստակ տարբերակեն, թե ինչն է պաշտոնական և ինչն անձնական։ Անձնական ասելով հասկանում ենք անձի, ընտանիքի կամ մտերիմների հետ կապված տեղեկատվությունը, իսկ պաշտոնական նյութերը՝ գերատեսչական կամ պետական միջոցառումներին և խնդիրներին վերաբերող հարցերը, որոնք պետք է հրապարակվեն համապատասխան կայքերով կամ գերատեսչական էջերով։ Նախկինում հստակ տարանջատում կար, և լրատվամիջոցները գիտեին, թե ինչն է պաշտոնական դիրքորոշում, ինչն՝ անձնական մտորում։ Սակայն այսօր նման անորոշություն կա, և մենք տեսնում ենք, որ որոշ անձինք հրապարակում են նյութեր, որոնք դատական գործընթացների կամ միջազգային ատյանների ուշադրությանն են արժանանում, ինչի արդյունքում դրանց նկատմամբ կիրառվում է քարոզչություն կամ գնահատականներ»։

Ձյունիկ Աղաջանյանը նկատեց՝ եթե ԱԳՆ-ն ցանկանում է պաշտոնական դիրքորոշում արտահայտել, դրա համար ունի հստակ խողովակներ և ձևեր։

Նա շեշտեց, որ որոշ դեպքերում անձանց սոցիալական էջերով տարածվող մեկնաբանություններն օգտագործվում են լրատվամիջոցներին պիտակավորելու նպատակով, ինչը սխալ մոտեցում է։

«Եթե ԱԳՆ-ն ցանկանում է պաշտոնական պատասխան տրամադրել, ապա ձևակերպումը պետք է լինի հստակ, պաշտոնական և հարմար լրատվամիջոցների համար։ Երկրորդ դեպքում, աշխարհում 7 միլիարդից ավելի մարդկանց գրառումները, անկախ նրանից՝ ձեր երկրի պաշտոնի հետ են կապվում, լրատվամիջոցը պարտավոր չէ հրապարակել կամ դրանց հետևել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել էր ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանի ելութին՝ ասելով․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Մեղադրելը, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է: Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունն այնպիսին է, որ «կապռեմոնտի» տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եկեղեցին ու անձնական օգտագործման եկեղեցի կարելի է ունենալ»։