Օրերս «Եռանկյունի» փոդքասթի հյուրերից մեկը կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի որդին էր՝ Սարգիս Կարապետյանը, իսկ փոդքասթը վարում էր «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Լևոն Սարգիզովը։ Փոդքասթի շրջանակներում քննարկվեցին ամենատարբեր հարցեր, հնչեցին նաև որոշ տարբերվող տեսակետներ, որոնց շուրջ աղմուկն առ այս պահը չի դադարում։ «Սեքսի նախարարություն» ստեղծելուց բացի՝ փոդքասթում խոսվեց նաև թմրանյութերի և իբրև թե դրանց հետ կապված խաղամոլության մասին՝ նշելով, որ իշխանության գալուց հետո «Մեր ձևովը» պայքարելու է նաև խաղամոլության դեմ։
Մի կողմ դնելով, որ թմրանյութերի տարածման և խաղամոլության միջև պատճառահետևանքային կապը փաստարկված չէ, իսկ «խաղամոլության» դեպքերի մտահոգիչ մակարդակի մասին պնդումները իրականությունը միանշանակ չեն արտացոլում՝ այնուամենայնիվ կարևոր է հասկանալ, թե իշխանության գալու դեպքում Սամվել Կարապետյանի թիմն ի՞նչ ճանապարհով է պայքարելու այս երևույթի դեմ․
Իշխանության ձգտող և այս պահի դրությամբ ընդդիմության դաշտում առաջատար դիրքեր զբաղեցնող քաղաքական ուժի ներկայացուցիչներից նման խոստումներ լսելն անշուշտ պարտավորեցնող է։ Ենթադրում ենք՝ հնարավոր իշխանափոխությունից հետո պետությունն առնվազն խիստ վերահսկողություն կսահմանի դեռևս 2022-ի մարտին «Խաղամոլության դեմ պայքարի» անվան տակ Գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների պահպանման նկատմամբ, որոնցով ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդերը արգելվեցին, և մեր երկրում այլևս չեն գտնվի այնպիսի հնարամիտ տնտեսվարողներ, որոնք ինչ-ինչ ճանապարհներով կշրջանցեն օրենքի պահանջները։ Ակնկալում էինք նաև, որ Սամվել Կարապետյանին պատկանող ձեռնարկությունները ներկայումս էլ հետևում են հիշյալ պահանջներին, իսկ իշխանության գալու դեպքում էլ ավելի մեծ հետևողականություն կդրսևորեն, սակայն իրականությունը մի փոքր այլ բանի մասին է վկայում․
2025 թվականի հունվարի 16-ին Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ բարերարի ընտանիքին պատկանող «Դալմա Գարդեն Մոլ»-ում անցկացվել է «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից մարզիկների կշռման և հայացքների փոխանակման հանդիսավոր արարողությունը, որի հովանավորը «BetBoom» բուքմեյքերական ընկերությունն էր։
Նախքան միջոցառումը և դրա ընթացքում առևտրի կենտրոնի ողջ տարածքում օրեր շարունակ սփռված էին միջոցառման գովազդային պաստառները, որոնց վրա էլ՝ «BetBoom» տարբերանշանը, ինչը բեթինգի գովազդ է, ընդ որում չլիցենզավորված․ մասնավորապես՝ տեսախցիկը բեթինգի գովազդ է ֆիքսել առևտրի կենտրոնի ֆուդկորտի, ինչպես նաև 1-ին և 2-րդ հարկերի միջև գտնվող մեծ էկրաններին, ինչպես նաև տպագիր տարբերակով՝ շարժասանդուղքի կողքին։



Մարզիկների կշռման արարողության ներկա էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, միջոցառմանն անդրադարձ է կատարվել ինչպես թվային լրատվամիջոցներով, այնպես էլ հեռուստատեսությամբ։ Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրապարակումների վիզուալներում փաստացի գովազդվել է «BetBoom»-ը, ինչը գործող օրենսդրությամբ արգելվում է։
Արդեն հաջորդ օրը՝ հունվարի 17-ին, Մարզահամերգային համալիրում կայացավ արդեն բուն միջոցառումը։ Դրա ընթացում ևս «BetBoom»-ը ակտիվորեն գովազդվում էր․ չլիցենզավորված գովազդն առկա էր Մարզահամերգային համալիրի դրսի հատվածում, ներսում գտնվող մեծ էկրաններին, ռինգի դիզայնում, սպասարկող և նկարահանող անձնակազմների աշխատանքային, ինչպես նաև մարզիկների սպորտային հագուստների վրա։




Հավելենք նաև, որ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան ամբողջ ընթացքում անդրադարձել է միջոցառմանը, իր Youtube-յան պաշտոնական ալիքում հոլովակ հրապարակել ու բոլոր դեպքերում գովազդել «BetBoom»-ը։

Բեթինգի չլիցենզավորված գովազդի ականատես ենք եղել նաև նորաբաց կրկեսում՝ «Տաշիր Արենայում։


Այսպիսով՝ թեպետ ողջունելի է, որ Հայաստանում իշխանության հայտ ներկայացնող քաղաքական ուժերը կարևորում են թմրանյութերի և «խաղամոլության» դեմ պայքարը, այնուամենայնիվ հանրությանը շռայլվող խոստումներն առավել համոզիչ կլինեն, եթե նույն քաղաքական ուժերը նախքան դա հետևեն օրենքի պահանջներին ու իրենց և իրենց մերձավորներին պատկանող ձեռնարկություններում բեթինգի գովազդ չանեն։ Հակառակ դեպքում՝ նման անհարմար իրավիճակները հետագայում էլ են անխուսափելի լինելու, ինչպես նաև դրանք դասագրքային օրինակներ են դառնալու այն բանի, թե ինչպես չի կարելի պայքարել «խաղամոլության» դեմ։
Բոլովին այլ քննարկման առարկա է, որ հիշյալ օրենսդրական կարգավորումները չեն լուծելու առկա խնդիրները, ավելի պարզ ասած՝ Հայաստանում «խաղամոլությունը» արմատախիլ չեն անելու, սակայն քանի դեռ օրենքը գործում՝ դրան պարտավոր են հետևել բոլորը, առավել ևս՝ իշխանության ձգտող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
«BetBoom»-ի ծառայությունների այս յուրօրինակ չլիցենզավորված գովազդը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանում արգելված է միայն տեղական բուքմեյքերական ընկերության ծառայությունների գովազը, իսկ արտսահմանյան, հատկապես՝ ռուսական ընկերությունները, օրենքից դուրս են և ազատորեն գովազդվում են, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին պատկանող ձեռնարկություններում։ Միևնույն ժամանակ կրկին գալիս ենք այն պարզ ճշմարտությանը, որ պետությունը ոչ թե պետք է ոլորտի գործունեությունը սահմանափակի, այլ պարզապես արդյունավետ կերպով վերահսկի այն, ինչի արդյունքում կունենանք լիցենազավորված ոլորտ, բազմաթիվ նոր աշխատանքներ, որտեղից էլ գեներացված միլիոնավոր դրամների հարկերը կուղղվեն պետբյուջե։