Արգելել զինվորականությանը շահումով խաղեր խաղալ. գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ վերջերս պարբերաբար ստացվում են տեղեկություններ, որ հայ զինվորականները մի քանի հարյուր դոլարի դիմաց ռազմական նշանակության տեղեկություններ են փոխանցել մեր թշնամիներին, և այս բացահայտումները վերջ չեն ունենա, քանի դեռ չենք վերացրել նման հանցագործություն անելու պատճառները, որոնք շատ են բարոյահոգեբանականից մինչև նյութականը։ «Այնուամենայնիվ, պետք է առանձնացնեմ պատճառներից մեկը՝ զինվորականության շրջանում տարածված խաղամոլությունը:
Օնլայն խաղերը հիվանդություն են դարձել մեր հասարակության համար, այդ թվում՝ զինվորականության։ Ժամանակն է, որ պաշտպանության նախարարությունը խիստ սահմանափակումներ մտցնի զինվորականության համար, միայն գովազդի սահմանափակությունը չի կարող փրկել իրավիճակը։ Պայմանագրային և ժամկետային զինծառայողներին օրենքի ուժով պետք է արգելել շահումով խաղեր խաղալ։ Նրանց անունով բացված բանկային քարտերը, հեռախոսահամարները պետք է արգելափակել բոլոր օնլայն խաղային հարթակներում։ Միաժամանակ հարկավոր է վերանայել զինվորների օրակարգը, վերահսկել զբաղվածությունը։ Սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող աղետ է»,- գրել է Պարսյանը։
Հայաստանում միայն նախորդ տարի կատարված խաղադրույքների թիվը գերազանցել է 3 տրիլիոն դրամը, խաղացողների թիվը զգալիորեն մեծացել է՝ 2018-2020 թվականի ընթացքում շուրջ 19 հազարից հասնելով 45 հազարի: Բարձրագոչ հայտարարություններով այս տարվա ապրիլին սկսված «խաղամոլության դեմ պայքարի պետական քաղաքականությունը» ավարտվեց խաղադրույքներն ու շահումները կանխիկ եղանակով կատարելը սահմանափակելով ու անկանխիկի փոխանցելով։ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարվեցին, սակայն ինչպես ակնհայտ է, դրանք ի սկզբանե էլ անբավարար էին։
Հեռուստահաղորդումներն ու ռադիոհաղորդումները դղրդյունով ընդհատվում են՝ պահանջելով «խաղալ հաճույքի համար», փողոցներում ու մետրոյում, պաստառներով ու լուսապատկերներով ծանոթ գունային գամմաները հիշեցնում են, որ «խաղալը հարստանալու միջոց չէ» (ենթագիտակցության մեջ մնում է խաղալն ու հարստանալու միջոցը), համացանցում անդադար՝ ֆիլմերն ու տեսանյութերն ընդմիջելով, լրատվական կայքերի մուտքում, նրբիրան աղջիկները հրավիրում են զգալ շքեղ կյանքի անհոգության պատրանքը։ Սա՞ է խաղամոլության դեմ պայքարի պետական քաղաքականությունը․․․ Սա ավելի շուտ հանուն խաղամոլության զարգացման պետական հովանավորչություն է, որի արդյունքներն էլ պարբերաբար հուսահատության եզրին հասած երիտասարդների ինքնասպանության փորձերի մասին լուրերն են, և ահա, զինվորականների՝ ֆինանսական միջոցներ գտնելուն ուղղված «այլընտրանքային- դավաճանական» քայլերը։ Թող չստեղծվի պատրանք, թե դավաճանության համար սա (կամ որևէ այլ բան) կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել, խոսքն ուղղակի պետական՝ հակառակ աշխատող «աշխատանքի» մասին է, որ արդեն դարձել է աղետ։ Իսկ գուցե մեր պետական մարմիններին իրականում ձեռնտո՞ւ է այս ամենն այս տեսքով։
Նշենք, որ
Oragir.News-ը հրապարակել էր, որ բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողներ Վահե և Վիգեն Բադալյանները 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հեռավոր Մալթայում, որով Մալթայի քաղաքացի են դարձրել և Մալթայի քաղաքացիություն ապահովել իրենց ընտանիքի տասն անդամի համար։
Այսպիսով, Փաշինյանի հովանավորները վաստակում են տրիլիոններ՝ քամելով իրենց հայրենակիցներին, այդ թվում և զինվորականներին՝ ջլատելով այն բանակը, որից իրենց ընտանիքի ժառանգներին «ազատելու» համար ներդրումներ են անում մալթաներում։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Պարսյան, դուք այս իշխանությունից այս համակարգի դե՞մ եք պայքարի գործուն քայլեր ակնկալում։ Ամփոփելով փաստենք՝ խաղամոլությունը, ինչպես ցանկացած մոլուցք, հիվանդություն է։ Դրանից բուժվելու համար ջանքեր են պետք՝ մասնագետի և հիվանդի սինէրգիկ աշխատանք։ Հայտարարություններով կամ բարի կամքի արտահայտմամբ այդ բուժումն իրականացնել հնարավոր չէ։
Հանրությունը, ընտանիքները, մարդու կարիերան ու հոգեկան առողջությունը քայքայող այս անկառավարելի հիվանդության տարածումը հարկավոր է կտրուկ որոշումներով կանխել՝ ուղղակի փակելով ՀՀ քաղաքացիների համար խաղադրույք կատարելու ու խաղատների ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Թող դրանք աշխատեն բացառապես զբոսաշրջության զարգացման համար։ Չե՞ն կարող։ Թող փակեն այդ բիզնեսներն ու մի օգտակար բան ստեղծեն կամ ուղղակի հավաքվեն ու հեռանան իրենց տաքուկ մալթաները։ Թուլակամ մարդկանց կճպելով ոմանց միլիարդատեր դարձնել ու երկրի բյուջեն մուտքեր ապահովելը պետության բարգավաճման պատրանք է միայն, իսկ իրականում՝ մահաբեր քաղցկեղ։
Կարմեն Մարտիրոսյան