Վերջին օրերին կրկին ակտիվորեն քննարկվում է ԽՍՀՄ խնայբանկում պահված ավանդների վերադարձի թեման։
Քննարկումներն ակտիվացան այն բանից հետո, երբ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակեց՝անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։
«2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, որ խոսքը 5000-6000 մարդու մասին է։
Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանը նկատեց՝ սա նշանակում է, որ փաստացի ծրագիրը վերաբերում է մոտավորապես 82 տարեկանից բարձր քաղաքացիներին։
«Սակայն հենց այստեղ էլ առաջանում են առաջին լուրջ հարցերը․ այդ տարիքի մարդկանց թիվն արդեն շատ սահմանափակ է, և հանրային դաշտում անհասկանալի է՝ իրականում քանի՞ մարդ է ընդգրկված ծրագրում։ Տարբեր աղբյուրներում շրջանառվում է մոտ 5-6 հազար շահառուի թիվ, բայց դա պաշտոնապես չի հաստատվում»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ ամենակարևոր խնդիրը տեղեկատվության բացակայությունն է։ Պաշտոնապես չի հստակեցվում՝ կոնկրետ ո՞ւմ են վերադարձնում ավանդները, ի՞նչ չափի գումարների մասին է խոսքը, և ի՞նչ սկզբունքով է իրականացվում հաշվարկը։
«Ավանդների փոխհատուցման թեման նոր չէ։ Դեռևս 1990-ականներից տարբեր փորձեր են արվել, երբ որոշ մարդկանց վճարումներ են արվել, իսկ շատերին՝ ոչ։ 2005-2006 թվականներին սահմանվել է որոշակի գործակից, որով էլ հաշվարկվում են այդ գումարները։ Սակայն հենց այդ գործակցի պատճառով սովետական տարիներին կուտակված զգալի ավանդներն այսօր վերածվում են ընդամենը մի քանի հազար դրամի։ Օրինակ՝ եթե քաղաքացու ավանդը սովետական շրջանում կազմել է 1000 ռուբլի, որը այն ժամանակ համարվում էր բավականին լուրջ գումար, ապա ներկայիս հաշվարկով այն կարող է վերածվել մոտավորապես 5-7 հազար դրամի»,- շարունակեց տնտեսագետը, ապա հավելեց․ «Տակը բան չկա, դրանք կոպեկներ են, դա Թորոսյանի համար լայվ մտնելու առիթ է»։
Այս ամենի ֆոնին առավել խնդրահարույց է մեկ այլ հանգամանք․ ավանդների փոխհատուցումը չի փոխանցվում ժառանգներին։ Այսինքն՝ եթե ավանդատուն մահացած է, նրա ժառանգները որևէ իրավունք չունեն ստանալու այդ գումարը։
«Մինչդեռ օրենսդրության մեջ կա հստակ դրույթ, ըստ որի՝ եթե ծնողը մահացել է և ունեցել է պարտավորություններ, օրինակ՝ վարկ, ապա ժառանգները կրում են այդ պարտավորությունները։ Եթե պարտքերը փոխանցվում են ժառանգներին, ապա նույն տրամաբանությամբ պետք է փոխանցվեին նաև իրավունքները»,- նշեց տնտեսագետը։
Հրայր Կամենդատյանն ընդգծում է՝ ժառանգության իրավունքը տարածվում է անշարժ գույքի, մեքենաների, հողամասերի, ինչպես նաև բանկային հաշիվների և արժեթղթերի վրա։
«Սակայն այս դեպքում պետությունը փաստացի հրաժարվում է ավանդները ճանաչել որպես ժառանգական կապիտալ։ Արդյունքում ծրագիրը չի կարող դիտարկվել որպես սոցիալապես արդար, քանի որ այն զրկում է քաղաքացիների ընտանիքներին իրենց օրինական իրավունքից։ Այս ամենը ավելի շատ նման է ոչ թե համակարգված սոցիալական քաղաքականության, այլ ձևական քայլի, որը չի լուծում խնդիրը, այլ ընդամենը ստեղծում է դրա լուծման իմիտացիա»,- եզրափակեց նա։