Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:13 26-01-2026

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ռիսկային են. որոնք կլինեն «ՀայաՔվե»-ի հետագա քայլերը

Հայաստանյան քաղաքական դաշտում դիտորդական կազմակերպությունների գործունեությունը հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական կազմակերպության անդամները այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել են Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններին և լրացումներին, որոնք անակնկալ կերպով առաջարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ իբրև թե որպես դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքությունն ու անաչառությունը ապահովելու քայլ։

Օրինագծի հեղինակ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը գործող օրենքի խախտումները շտկելն ու դիտորդական կազմակերպությունների գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկում ապահովելն է։

Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարվելիք փոփոխությունները էապես խստացնում են դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեության պայմանները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի անդամ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ ներկայացնելով օրինագծով սահմանված մի շարք դրույթներ։

«Դիտորդական առաքելության անվանումը չպետք է ոչ միայն նույնական լինի, այլև անգամ ասոցացվի ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ դաշինքի անվան հետ։ Սակայն օրենքը չի հստակեցնում, թե ով է որոշելու՝ կա ասոցիացիա, թե ոչ»,- նշեց Մխիթարյանը։

Նոր օրինագծին անդրադարձավ նաև «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հայտարարելով, որ այն ուղղված է հենց իրենց կազմակերպության դեմ։

«Օրենքի նախագծի քննարկման ժամանակ համահեղինակ, իսկ իրականում գլխավոր ջատագով Արուսյակ Ջուլհակյանը պարբերաբար հիշատակել է մեր կազմակերպության անունը՝ ներկայացնելով, թե մեր գործունեությունն է հիմք հանդիսացել նման օրինագիծ Ազգային ժողով բերելու համար։ Ավելին՝ հայտարարել է, որ Գյումրիում, ապա Վաղարշապատում մեր կողմից անցկացված, չակերտներով ասած, ժողովրդավարական ընտրությունները նպատակ են ունեցել վարկաբեկելու ընտրական գործընթացը»,- ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները դիտորդական դաշտը բաժանում են «յուրայինների» և «ոչ յուրայինների», մինչդեռ, ըստ Չալաբյանի, դիտորդական առաքելությունը ընտրությունների օրինականությունն ու հանրային վերահսկողությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտ է. երբ հայտարարում են, թե օրենքը քննարկվել է միայն «նորմալ» դիտորդական կազմակերպությունների հետ՝ ակնարկելով, որ մյուսները նորմալ չեն, արդեն իսկ քաղաքականացվում է դիտորդական դաշտը:

Նա նաև ընդգծեց, որ օրինագիծը կարող է հակասել Սահմանադրությանը։ Չալաբյանի խոսքով՝ անգամ եթե մինչև ընտրությունները օրենքը չբողոքարկվի, իրենք վստահ են, որ կգտնեն քաղաքացիների քվեն պաշտպանելու մեխանիզմներ։

«Եթե փորձեն գողանալ մեր քաղաքացիների քվեն, դա նրանց մոտ չի ստացվելու։ Մենք հետամուտ ենք լինելու, որ մեր երկրում իշխանափոխությունը հնարավոր լինի իրականացնել ընտրությունների միջոցով»,- ընդգծեց նա։

Ասուլիսին ելույթ ունեցավ նաև նախաձեռնության ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանը՝ նշելով, որ օրինագիծը ստեղծում է վերահսկվող դաշտ իշխանության համար։

«Այս օրինագծով ձևավորվում է յուրահատուկ «կոմֆորտ զոնա» իշխանությանը մոտ դիտորդական կազմակերպությունների համար, միաժամանակ մեկուսացվում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։ Մենք սա դիտարկում ենք որպես ապագայում ընտրական խախտումների համար հիմք ստեղծելու փորձ»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանը նաև հայտարարեց, որ «ՀայաՔվե»-ն պատրաստվում է մասնակցել առաջիկա համապետական ընտրություններին, և նշեց, որ ստեղծված իրավիճակում այլընտրանք չեն տեսնում:

«ՀայաՔվե»-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ առաջարկվող սահմանափակումները կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ դիտորդական զեկույցները կորցնեն անկախությունը, իսկ իշխանության համար ապահովվի վերահսկվող դիտորդական դաշտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի