Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 17:23 26-01-2026

Աչքալուսա՞նք, թե՞ աղետ. ՀՀ-ում ճանապարհային պատահարներից 3 անգամ ավելի շատ մարդ է զոհվում, քան ԵՄ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը Հայաստանում կայուն ձևով նվազում է։ «2025-ին 2024-ի համեմատ՝ 50-ով ավելի քիչ զոհ ենք ունեցել»,- հպարտացել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվն ամեն օր աճում է։

Զոհերի թվի նվազման պատճառները վերլուծելով՝ կառավարությունում եկել են այն եզրակացության, որ դրանցից մեկն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելու քաղաքականությունն է։ «Մենք պայմանական 95 մարդու կյանք փրկել ենք»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ թեև կան այդ որոշումից դժգոհ մարդիկ, պետք է լինի կոնսենսուս, որ խմած վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական վկայականից։

Սակայն որքան էլ վարչապետը հպարտանա այս ցուցանիշներով, եվրոպական երկրներում նույն ցուցանիշը կրկնակի, իսկ որոշ դեպքերում անգամ երեք անգամ ավելի ցածր է։ 2024 թվականի տվյալներով կազմված ինֆոգրաֆիկան ցույց է տալիս մի իրականություն, որը դժվար է անտեսել․ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության մակարդակը կազմում է 110 մարդ՝ 1 միլիոն բնակչի հաշվով, մինչդեռ Եվրամիության միջին ցուցանիշը ընդամենը 44 է։ Այս թվային տարբերությունը արտացոլում է երկրների պետական քաղաքականության, վերահսկողության, ենթակառուցվածքների և հանրային մշակույթի տարբեր մակարդակները, անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը երազում Եվրամիություն գնալու մասին։

Շվեդիան երկար տարիներ համարվում է ճանապարհային անվտանգության առաջատար պետություն։ Այստեղ ավտովթարներից մահացության մակարդակը շուրջ 20–22 մարդ է՝ 1 միլիոն բնակչի հաշվով։ Շվեդական մոտեցման հիմքում ընկած է «Vision Zero» ծրագիրը, որի հիմնական գաղափարն է, որ ավտոճանապարհային դեպքերից գրանցված մահը երբեք չի կարող ընդունվել որպես «նորմալ» գին։ Այդ երկրում առաջնահերթությունը տրվում է ոչ թե վարորդին պատժելուն, այլ ճանապարհների ինժեներական անվտանգությանը, արագության ֆիզիկական սահմանափակումներին, հետիոտնի և հեծանվորդի պաշտպանությանը։ Արդյունքում նույնիսկ սխալ վարորդական վարքը հաճախ չի ավարտվում մահով, քանի որ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ մարդու սխալը անդառնալի հետևանք չունենա։

Նման ցուցանիշներ ունեն նաև Նորվեգիան ու Նիդերլանդները, որտեղ մահացության մակարդակը կազմում է 20–30 դեպք՝ 1 միլիոն բնակչի հաշվով։ Այստեղ արագությունը խստիվ վերահսկվում է, իսկ տեսախցիկների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ նրանց անվտանգությունն ապահովելը։ Նույն պատկերն է նաև Գերմանիայում, որտեղ, չնայած ավտոմեքենաների մեծ քանակին, ավտովթարներից մահացության մակարդակը մոտ 33 դեպք է 1 միլիոն բնակչի հաշվով։ Այստեղ գործում է պարզ տրամաբանություն․ օրենքը խախտելը անխուսափելիորեն բերում է պատասխանատվության, տեխնիկական զննությունը իրական վերահսկողություն է, իսկ ճանապարհները նախագծված են այնպես, որ սխալի հետևանքները հնարավորինս մեղմ լինեն։

Ավստրիայում և Չեխիայում ցուցանիշները մոտ են Եվրամիության միջինին՝ 30–45 մահ 1 միլիոն բնակչի հաշվով։ Վերջին տարիներին այստեղ խստացվել են սահմանափակումները հատկապես գյուղական ճանապարհների և բնակավայրերի հատվածներում, որտեղ մահվան ռիսկը առավել բարձր է։ Լեհաստանում և Հունգարիայում ավտովթարներից մահացությունը դեռևս բարձր է՝ 50–60 մահ 1 միլիոն բնակչի հաշվով, սակայն վերջին 10–15 տարիներին այդ երկրներում ցուցանիշները կտրուկ նվազել են՝ ԵՄ ֆինանսավորմամբ ճանապարհների արդիականացման, վերահսկողության թվայնացման և վարորդների կրթական ծրագրերի շնորհիվ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը լուծվող է, եթե կա քաղաքական կամք։

Բալկաններում և Հարավային Կովկասում ավտովթարներից մահացության ցուցանիշները մշտապես բարձր են եղել, սակայն անգամ այդ ֆոնին Հայաստանը գտնվում է ամենաանմխիթար վիճակում։ Ռումինիան ունի շուրջ 78 մահ 1 միլիոն բնակչի հաշվով, Բուլղարիան՝ 74, որոնք Եվրամիության ամենաբարձր ցուցանիշներն են, սակայն նույնիսկ դրանք չեն հասնում Հայաստանի մակարդակին։ Հայաստանը քարտեզում առանձնանում է որպես մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը։

Պատճառները բազմաշերտ են՝ արագության զանգվածային գերազանցում, ոչ անվտանգ ճանապարհներ և թերի լուսավորություն, թույլ վերահսկողություն, մեքենաների տեխնիկական վատ վիճակ, շտապ օգնության ուշ արձագանք մարզերում։ Սակայն ամենավտանգավոր գործոնը մեկն է՝ մահը որպես սովորական բան ընկալելը։ Այնտեղ, որտեղ պետությունը ընտրել է կյանքը, թվերը նվազել են, իսկ այնտեղ, որտեղ խնդիրն անտեսվել է, մարդիկ շարունակում են զոհվել։

Միայն վարորդներից պահանջելը, պետական համապարփակ ծրագրեր չիրականացնելը, ձմռանը վատ մաքրված ճանապարհները, թերի լուսավորությունն ու կաշառվող պարեկները մահացության բարձր ցուցանիշները այս իրավիճակի գլխավոր պատճառներն են։ Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, ինքը գուցե թիվ մեկ մեղավորը չէ, բայց անկասկած թիվ մեկ պատասխանատուն է։

Ք․Ս․

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան