Վերջին շրջանում շատ են ահազանգերը, որ որոշ գազալցակայաններ ավտոմեքենաներում լցնում են կենցաղային (տեխնիկական) գազ։ Վարորդները նկատել են, որ մեքենան նույն քանակությամբ գազով ավելի քիչ ճանապարհ է անցնում։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ օրենքով կենցաղային գազը մեքենաներում օգտագործելը չի արգելվում։ Նա նշել է, որ անցած տարի ստուգվել է 67 գազալցակայան, որոնցից 37-ում արձանագրվել են խախտումներ, իսկ ընդհանուր խախտումների տոկոսը կազմում է 55,2%։ Կոտոլյանը պարզաբանել է, որ կենցաղային գազով լիցքավորելու դեպքում մեքենան նույն գումարով ավելի քիչ կիլոմետր է անցնում, ինչը պայմանավորված է գազի որակական ցուցանիշներով։
Oragir.News-ի հետ զրույցում այս հայտարարությանը անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել պետական կառույցի գոյությունն արդարացնող տեքստերը, քանի որ դրանք չեն բխում սպառողների շահերից: Օրինակ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտարարում է, թե բենզինի ստուգման արդյունքում հայտնաբերվել է «շատ չնչին» անհամապատասխանություն: Որպես մասնագետ՝ պնդում եմ, որ «չնչին անհամապատասխանություն» իրավական հասկացություն գոյություն չունի. ապրանքը կա՛մ համապատասխանում է սահմանված նորմերին, կա՛մ ոչ,:
Եթե արձանագրվել է անհամապատասխանություն, ապա այդ վառելիքը ենթակա չէր իրացման: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանրային իրազեկում չի իրականացվել, ինչո՞ւ ապրանքը չի ոչնչացվել և ինչո՞ւ սպառողներին հնարավորություն չի տրվել փոխհատուցում պահանջել տնտեսվարողից: Փաստացի, պետությունն արձանագրել է, որ սպառողին վաճառվել է անորակ ապրանք, սակայն պատշաճ հետևանքներ չեն կիրառվել»,- պարզաբանեց Պիպոյանը։
Նկատենք, որ կենցաղային գազով լիցքավորված ավտոմեքենան ոչ միայն ավելի քիչ կիլոմետր է անցնում, այլև երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող են առաջանալ մեխանիկական խնդիրներ։
Եվ չնայած օրենքը թույլատրում է կենցաղային գազի օգտագործումը ավտոմեքենաներում, սակայն ըստ փորձագետների և վարորդների՝ այն փաստացի անորակ է, ոչնչացման ենթակա։ Պետությունը պետք է պաշտպանի սպառողի իրավունքները և պարտավորեցնի գազալցակայաններին ապահովելու ճշգրիտ տեղեկատվություն վաճառվող գազի որակի և ռիսկերի վերաբերյալ։