Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:30 23-01-2026

Ուզում եք գումար աշխատեք, բայց բուհին մի՛ կպեք․ ԲՊՀ ամբիոներից մեկը փակման եզրին է

«Այդտեղ են դասավանդվում մասնագիտական առարկաները։ Ամբիոնը վերացնելը նշանակում է՝ մենք մասնագիտություն ենք կորցնում։ Լավ հասկանում ենք, որ այստեղ անձնական ամբիցիաներ կան, բայց այդ ամբիցիաների պատճառով չի կարելի վնասել համալսարանը։ Սա իմ մասնագիտական կարծիքն է, որը ոչ ոք հաշվի չի առնում, և ոչ ոքի կարծիքը հաշվի չեն առնում այս բուհում, բացի իրենց այդ նեղ միջավայրից, որ ստեղծել են և բերել են իրենք և շարունակում են շաշկիի նման այստեղից այնտեղ տանել, անտեղից այստեղ տանել։ Բայց այն հիմնական Բրյուսովի աշխատողները, բրյուսովականները հալածվում են այստեղ։ Երևի նպատակ կա՝ բոլորին ազատել, Բրյուսովի ինքնությունը կորի։ Ես չգիտեմ՝ ինչն է նպատակը սրա։ Միակ մարդը, որ մնացել եմ և պայքարում եմ Բրյուսովի համար, երևի՝ ես եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց համալսարանի ռուսերենի ամբիոնի վարիչ Անահիտ Վարդանյանը՝ անդրադառնալով ռուսերենի ամբիոնին զուգահեռ գործող մեկ այլ ամբիոնի փակման հարցին։

Նշենք, որ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում քննարկվող կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես՝ մասնագիտական ամբիոնների հնարավոր փակումը, լուրջ մտահոգություններ են առաջացրել բուհի դասախոսական կազմի շրջանում։

Վարդանյանը բացառեց, որ այս կերպ փորձում են փակել համալսարանը, նա այս գործընթացը կապեց ներկայումս ընթացող բուհերի գլոբալացման հետ։ Նա նշում է, որ հնարավոր գլոբալիզացման կամ ակադեմիական քաղաք ստեղծելու գործընթացները պետք է իրականացվեն տրամաբանորեն՝ առանց բուհի ավանդույթների ոչնչացման։

«Այդ ամենը կարելի է տրամաբանորեն անել, որ բուհի տրադիցիաները չկորեն։ Մենք միակ բուհն ենք, որ լեզվական ուղղվածություն ունի։ Եթե այս բուհը կորցնի ինքնությունը, այսինքն՝ լեզվաբանի, ուսուցչի, լեզուների դասավանդման ուղղվածությունը լրիվ կորչում է, լրիվ անիմաստ է դառնում, իսկ մենք պիտի պահպանենք դա, թեկուզ հետագա սերունդների համար, թեկուզ ակադեմիական քաղաքում ինչ-որ կլաստերի մեջ մենք պիտի դա պահպանենք, կորցնել չի կարելի ուղղակի։ Շատ ափսոս է, որ նման մարդիկ փորձում են անմիտ ձևով, առանց որևիցե տրամաբանության անել սա, սա անընդունելի է»,- ասում է նա՝ ընդգծելով, որ տրորում և ոչնչացնում են այն, ինչը 90 տարվա ընթացքում ստեղծվել է։

Վարդանյանը նաև բարձրացնում է համալսարանում առկա սոցիալական խնդիրները՝ ուսանողների համար տարրական պայմանների բացակայությունը։

«Սովից երեխաներից շաբաթական մեկը վատանում է դասի ժամանակ, 21-րդ դարում ենք ապրում, բուհը չունի բուֆետ։ 100-դրամանոց բուլկի չկա՝ բերեն, վաճառեն, որ երեխաները սոված չլինեն և կուշտ նստեն դասերին։ Հասարակ բան եմ ասում՝ միջանցքներում նստարաններ չկան, աղջիկ երեխաները քարերի վրա, գետնին են նստած»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նախկինում լուրջ խնդիր է եղել նաև ջեռուցման հետ կապված, և ինքը ստիպված է եղել ուսանողներին տեղափոխել այլ մասնաշենք՝ սառնամանիքից պաշտպանելու համար։

«Ջեռուցումը անջատել էին հիմնական շենքում։ Երեխաներին բերում էի 2-րդ մասնաշենք, ինձ չէր հետաքրքրում, ով ինձ նկատողություն կտա, թույլ չէի տա երեխաներին սառել։ Հիմա միացրել են, իրենք էլ են նստում այդ առաջին մասնաշենքում»,- նշեց նա։

Վարդանյանը հույս է հայտնում, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հարցի հետաձգումը հնարավորություն կտա վերանայելու այդ որոշումը, և այս հանցագործությունը կկանխվի։

«Հիմա ես այս 2 օրը լարված եմ հոգաբարձուների խորհրդից հետո։ Մտածեցի, որ հոգաբարձուների խորհուրդը գոնե կհասկանա, որ հետաձգեցին այդ հարցը, դրա համար ես սպասում եմ և լիահույս եմ, որ այս երկրում հնարավոր է կանխեն այս հանցագործությունը։ Ես հասկանում եմ, որ մարդիկ ուզում են շատ գումար ունենալ, որ մարդիկ ուզում են պաշտոն ունենալ, ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Էլի արեք, ինչ ուզում եք, բայց բուհին մի՛ կպեք, սա այնպիսի բուհ է, որ համաշխարհային ճանաչում ունի, ինչո՞ւ եք վերացնում։ Փաստացի՝ դուրս է գալիս, որ հիմա մնացել եմ մենակ։ Միայն ես եմ պաշտպանում բուհը, մնացածին չեմ մեղադրում, վախենում են աշխատանքը կորցնեն, վախենում են տանը մնալ, չաշխատել, ամեն ինչը հասկանալի է, բայց հակառակ կողմից էլ նայում եմ, որ արժանապատվությունը պիտի չկորցնես։ Հույս ունեմ, որ կհասնեմ իմ նպատակին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը սա համարում է «հանցագործություն՝ ապագա սերունդների հանդեպ»։