ԱԺ այսօրվա նիստում ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ Գյումրիի և Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում որոշ դիտորդական առաքելություններ, այդ թվում՝ «Հայաքվեն», խախտել են դիտորդական առաքելությունների համար սահմանված քաղաքական չեզոքության պահանջը։
Կարապետյանի խոսքով՝ այդ կազմակերպությունները զբաղվել են քարոզչությամբ և հակաքարոզչությամբ, իսկ ընտրությունների արդյունքները գնահատել են ընտրովի մոտեցմամբ։ Այն արդյունքները, որոնք իրենց «դուր են եկել», գնահատել են որպես չափանիշներին համապատասխան, իսկ ոչ ցանկալի արդյունքները ներկայացրել են որպես կեղծված և ֆիկտիվ ընտրակեղծիքներ են ներառել։
Այս հայտարարություններին ի պատասխան «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հնչեցված մեղադրանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
«Ոչ, իհարկե, մենք չենք խախտել դիտորդական առաքելության որևէ նորմ։ Մարիա Կարապետյանը պարզապես ստում է։ Ակնհայտ է, որ սա սարքվել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման դեմ»,– նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը նպատակ ունի թիրախավորել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորմանը և միաժամանակ հարված հասցնել Հայաստանում առանց այն էլ խոցելի ժողովրդավարական համակարգին։
««Հայաքվեն» քաղաքացիական բնույթի գործունեություն է իրականացրել։ Մեր անդամները, որպես քաղաքացիներ, կարող են տարբեր հարցերի շուրջ արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումները, սակայն դա որևէ կապ չունի կոնկրետ ընտրությունների ժամանակ իրականացվող դիտորդական առաքելության հետ»,– ընդգծեց նա։
Սողոմոնյանի հավաստմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հայաքվեի» դիտորդական առաքելության որևէ անդամ թեկնածուների օգտին կամ դեմ քարոզչություն կամ հակաքարոզչություն չի իրականացրել։
«Մենք երբեք չենք ասել՝ ընտրեք այս թեկնածուին կամ մի ընտրեք մյուսին։ Օրինակ՝ Գյումրիի ընտրությունների ժամանակ երբևէ չենք ասել՝ չընտրեք Սարիկ Մինասյանին կամ ընտրեք այլ թեկնածուի։ Դիտորդական առաքելության բոլոր նորմերն ու կանոնները պահպանվել են, և չկա որևէ փաստ, որը կարող է վկայել քարոզչության կամ հակաքարոզչության մասին»,– ասաց նա։
Խոսելով արձանագրված խախտումների մասին՝ Սողոմոնյանը նշեց, որ արձանագրվել են բոլոր քաղաքական ուժերի խախտումները. «Մենք արձանագրել ենք նաև այլ ուժերի խախտումները, պարզապես իշխանության ներկայացուցիչների խախտումները անհամեմատելիորեն ավելի շատ են եղել։ Հենց դա էլ դարձել է նրանց վրդովմունքի պատճառը»։
Արձագանքելով այն պնդմանը, թե «Հայաքվեն» ընտրությունների արդյունքները գնահատում է՝ ելնելով սեփական համակրանքից կամ հակակրանքից, Սողոմոնյանը բերեց Էջմիածնի ընտրությունների օրինակը։
«Սա ևս սուտ է։ Էջմիածնի ընտրությունների դեպքում մենք նշել ենք, որ մինչև քվեարկության օրը բազմաթիվ խախտումներ են եղել։ Միևնույն ժամանակ արձանագրել ենք, որ հենց քվեարկության օրվա խախտումները այն աստիճանի ազդեցիկ չեն եղել, որ կարողանային էականորեն ազդել ընտրության արդյունքի վրա»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ «Հայաքվեն» երբեք չի առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե եթե ՔՊ-ն է հաղթել, ապա ընտրությունները պարտադիր կեղծված են։
«Մենք չենք ասել, որ Էջմիածնում ամեն ինչ ֆալսիֆիկացված է միայն այն պատճառով, որ հաղթել է ՔՊ-ն։ Մենք տվել ենք օբյեկտիվ գնահատական՝ նշելով խախտումները և դրանց իրական ազդեցությունը»,– ընդգծեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանն իր խոսքը եզրափակելով ասաց.« Սա էժանագին մանիպուլյացիա է»։