Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ․ նորաստեղծ կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»։
Կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է հինգ տնտեսական քայլերից բաղկացած ծրագիրը, որոնցից երկրորդը վերաբերում է փոքր բիզնեսի հարկային բեռի վերացմանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է Հայաստանում փոքր բիզնեսն ազատել հարկերից և հնարավորություն տալ զարգանալու։ Կարապետյանը հիշեցրել է, որ վերջին մեկ տարում փոքր բիզնեսի հարկը կրկնապատկվել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս, ինչի հետևանքով միայն 2025 թվականին Հայաստանը կորցրել է մոտ 3000 ընկերություն։
«Մենք ասում ենք՝ հարկերը զրո տոկոս կլինեն գեղեցկության սրահների, հացի փռերի, փոքր կրպակների ու խանութների համար։ Միայն այնպես ենք անելու, որ հանկարծ միջին բիզնեսը չտրոհվի ու դառնա փոքր բիզնես։ Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են, հարգելի փոքր բիզնես. ուզում ես՝ ՀԴՄ խփի-մի խփի, այս ամենը մոռանալու եք, քանի որ եթե հիմա հարկայինը ձեզ վրա այսքան աշխատում է, ընդամենն ապահովում է բյուջեի 2 տոկոսը»,- նշել է նա՝ հավելելով, որ ծրագրի արդյունքում տարեկան 2-3 հազար նոր ընկերություն կբացվի։
Ծրագրի իրատեսականությունը, հնարավոր ռիսկերն ու բյուջետային ազդեցությունը հասկանալու համար
Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանի հետ։
Հարցին՝ արդյոք փոքր բիզնեսի համար զրոյական հարկ սահմանելը Հայաստանի ներկա տնտեսական պայմաններում իրատեսական է, փորձագետը տվել է հստակ պատասխան. «Այո, իհարկե, միանգամայն։ Փոքր բիզնեսը պետք է դասակարգել։ Եթե մենք խոսում ենք ստարտափերի մասին, որոնք գեներացնում են բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ, իհարկե պետք է ազատել հարկերից, ավելին՝ պետք է սուբսիդավորել, համաֆինանսավորել, վարկային գծեր ու արտոնություններ տրամադրել»։
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ նման ծրագրեր կան ամբողջ աշխարհում. «Երկրների զարգացման հիմնապայմաններից մեկը փոքր միկրոբիզնեսների աճն է, և բնական է՝ առաջին հերթին այն արվում է հարկային գործիքներով։ Պետք է նաև վերահսկողություն լինի, որ մարդիկ փոքր բիզնեսի կարգավիճակից չօգտվեն՝ մի քիչ մեծանան, հետո տրոհվեն, որ հարկ չվճարեն։ Այստեղ, անկասկած, ռիսկեր կան»։
Փորձագետը կարևորում է վերահսկող մեխանիզմների առկայությունը. «Սա նորմալ առաջարկ է, մեր պայմաններում՝ միանգամայն իրագործելի, բայց պետք է տարբերակել, պետք է դիֆերենցել ոլորտները և թույլ տալ մարդկանց, որպեսզի իրենց նախաձեռնությունները ոչ միայն ձևակերպեն ու դրսևորեն, այլև ինստիտուցիոնալացնեն։ Շահույթ ստեղծող ձեռնարկատիրական նախագծերը մի օրվա կամ մի քանի շաբաթվա ընթացքում չեն ձևավորվում, դրանք միջնաժամկետ կտրվածք ունեն, և այդ ժամանակահատվածում պետք է ջերմոցային պայմաններ ստեղծել փոքր բիզնեսի համար»։
Մարգարյանը նաև ընդգծում է փոքր բիզնեսի սոցիալական դերը. «Փոքր բիզնեսը՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը, փոքր խմբերի ձեռնարկատիրական նախաձեռնությունները, լուծում են սոցիալական խնդիր, որոնցից մեկն էլ աշխատատեղերի ստեղծման հարցն է։ Սա սպոնտան, ինքնաբերաբար զարգացող պրոցես է, եթե նրան չդնես հարկային մամլիչի տակ»։
Միաժամանակ, նրա կարծիքով, խոշոր և կայացած բիզնեսը ևս պետք է ներգրավված լինի փոքրերի զարգացման գործընթացում. «Մեծ ընկերությունները պետք է համագործակցեն փոքր բիզնեսների հետ՝ նրանց պատվերներ տալով և ներգրավելով իրենց աշխատանքի մեջ։ Սա աշխարհում ընդունված և լայնորեն կիրառվող մոտեցում է»։
Ատոմ Մարգարյանը չի թաքցնում, որ փոքր բիզնեսի ոլորտում միշտ էլ կլինեն փակվող ու չհաջողած ընկերություններ։ Սակայն, նրա խոսքով, զարգացող տնտեսություններում նոր բացվող բիզնեսների թիվը, որպես կանոն, ավելի մեծ է, քան փակվողներինը. «Պետության քաղաքականությունը, այդ թվում՝ հարկային մեխանիզմների միջոցով, պետք է ուղղված լինի այն փոքր բիզնեսների աջակցությանը, որոնք առողջ են, կարող են զարգանալ և արժեք ստեղծել։ Ես սա նորմալ եմ համարում, և կարելի է ողջունել նման նախաձեռնությունները, եթե դրանք հաշվեկշռված են բյուջեի մուտքերի հետ և ունեն հնարավոր կորուստները փոխհատուցելու մեխանիզմներ»։
Փորձագետի խոսքով՝ նման ծրագրերը պետք է դիտարկել համալիր կերպով. «Պետք է հաշվի առնել ոչ միայն այն, թե որքան գումար կարող է բյուջեն կորցնել, այլև այն, թե ինչ ծախսեր կարող են կրճատվել, կամ ինչ օգուտներ կարող են առաջանալ։ Այդ ամենը պետք է լինի հաշվարկված և բալանսավորված»։
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի ծրագրի երկրորդ կետը՝ փոքր բիզնեսի հարկային զրոյացման առաջարկը, իրատեսական է և ողջունելի։