Ներքին 4 ամիս առաջ - 15:37 22-01-2026

Աշխատանքի ծավալն ավելացրել են, բայց չեն վճարում․ Ախթալայի հանքում գործադուլը շարունակվում է

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հայտնել է, որ Ախթալայում արդեն շուրջ մեկ շաբաթ է շարունակվում է հորատողների գործադուլը, որը կապված է հիմնականում աշխատավարձերի և աշխատանքային պայմանների հետ։

Դուլգարյանի խոսքով՝ գործադուլին մասնակցում են մոտ 40–50 աշխատակիցներ, որոնք զբաղվում են հանքերում հորատման աշխատանքներով։ Նրա խոսքով՝ ծանր աշխատանք կատարող այս աշխատակիցները գտնում են, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց ստացվող աշխատավարձը չի համապատասխանում ծավալին ու բարդությանը։

«Նրանց հիմնական պահանջը աշխատավարձերի շուրջ 20 տոկոս բարձրացումն է։ Խոսվում էր նաև աշխատանքային պայմանների մասին, սակայն այս պահին առաջնահերթը հենց աշխատավարձի հարցն է»,– նշել է Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման հարցը նախկինում ևս բարձրացվել է, սակայն այս անգամ աշխատակիցները հանդես են գալիս ավելի հստակ պահանջներով և գործադուլի միջոցով։

Դուլգարյանը տեղեկացրել է նաև, որ գործադուլի մասնակիցների շրջանում կան աշխատակիցներ, որոնք ստացել են աշխատանքից ազատման ծանուցումներ։ Նրա խոսքով՝ այս տեղեկությունը կարելի է իրականությանը մոտ համարել, քանի որ ընկերությունը վերջին օրերին հրապարակել է հորատողների աշխատանքի նոր հայտարարություններ։

«Երեկ բանակցություններ են եղել։ Աշխատակիցները առաջարկել են գոնե մասնակի բարձրացում անել և զուգահեռ քննարկել ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող է աշխատավարձի հարցը լուծվել հետագայում։ Սակայն համաձայնության չեն եկել։ Ըստ աշխատակիցների՝ ընկերությունը նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունի և այս պահին չի կարող բարձրացնել աշխատավարձերը»,– ասել է նա։

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ որևէ առաջընթաց չկա, և գործադուլը շարունակվում է։ Մոտ 40–50 աշխատակիցներ հավաքված են ընկերության դարպասների մոտ և սպասում են, որ իրենց պահանջներին արձագանք տրվի։

Խոսելով ընկերությունում աշխատողների ընդհանուր թվի մասին՝ Դուլգարյանը նշել է, որ 2024 թվականի հաշվետվությունների համաձայն՝ աշխատակիցների թիվը կազմել է մոտ 450 մարդ, ներկայումս թիվը մոտավորապես նույնն է կամ փոքր-ինչ ավելի։ Նա նաև հստակեցրել է, որ գործադուլին մասնակցում են հենց հորատման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները, որոնք աշխատում են նաև Շամլուղի փակ հանքերում, գետնի տակ հորատումներ իրականացնելով, ճանապարհ բացելու համար դեպի պաշարները։

Անդրադառնալով աշխատավարձերի չափին, Դուլգարյանը նշել է, որ հստակ փաստարկված տվյալներ չունի, սակայն աշխատակիցներից ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել մոտ 200–300 հազար դրամ՝ կախված կատարված աշխատանքի ծավալից։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց նաև Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանի հետը: Նա հայտնեց, որ սպասում է «Ախթալայի» աշխատակիցների պաշտոնական դիմումին՝ նրանց շահերը գործատուի մոտ ներկայացնելու համար։

«Այս պահին սպասում եմ աշխատողների դիմումին, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն մեր ճյուղային միությանը, և մենք կարողանանք ներկայացնել նրանց շահերը գործատուի հետ բանակցություններում։ Ես դեռ Երևանում եմ, բայց շուտով լինելու եմ Ախթալայում»,- նշեց Փահլևանյանը։

Նրա խոսքով՝ աշխատակիցները մի քանի կետով պահանջներ ունեն։ Առաջինը վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը և աշխատանքային պայմանագրերով չնախատեսված հավելյալ աշխատանքի դիմաց վճարումների կատարմանը։

«Աշխատողները նշում են, որ իրենց աշխատանքային ծավալները ավելացվել են, սակայն այդ լրացուցիչ աշխատանքների դիմաց վճարում չի իրականացվում։ Գործատուն հրաժարվում է կատարել այդ պահանջները՝ հայտարարելով, որ աշխատավարձի բարձրացում չի լինելու, իսկ պայմանագրով չնախատեսված աշխատանքների դիմաց վճարում չի նախատեսվում»,- ասաց Փահլևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ գործատուն խոստանում է, որ ապագայում հարցը կարող է քննարկվել, սակայն որևէ հստակ ժամկետ չի նշվում։

Երկրորդ խնդիրը, ըստ ճյուղային միության նախագահի, վերաբերում է աշխատանքային պայմաններին։ Փահլևանյանը նշեց, որ այս հարցով խոսել է նաև Ալավերդու խոշորացված համայնքի ղեկավար Արման Ղումաշյանի հետ, որը տեղեկացրել է տեխնիկական խնդիրների առկայության մասին, որոնք խոչընդոտում են աշխատողների լիարժեք աշխատանքը։

Փահլևանյանը անդրադարձավ նաև բնապահպանական խնդիրներին՝ նշելով, որ Ախթալան լուրջ խնդիրներ ունի պոչամբարի հետ կապված, սակայն տվյալ փուլում այդ հարցը դեռ առաջնահերթ չէ աշխատողների բողոքի շրջանակում։

«Մենք հասկանում ենք, որ եթե Ախթալայի լեռնագործական գործունեությունը կանգնի, բնապահպանական խնդիրները չեն լուծվելու։ Բայց աշխատողների աշխատավարձը և պայմանագրով չնախատեսված հավելյալ աշխատանքի դիմաց վճարումները պետք է իրականացվեն»,– ընդգծեց նա։

Ճյուղային միության նախագահի խոսքով՝ աշխատողների իրականացրած բողոքի ակցիան իրավական առումով չի կարող դիտարկվել որպես աշխատանքային օրենսդրությամբ սահմանված գործադուլ, սակայն դա աշխատողների կուտակված դժգոհության արտահայտությունն է, որը գործատուն պարտավոր է լսել և քննարկել։

«Խնդիրն այն է, որ փաստացի ավելացվել են աշխատանքի ծավալները, սակայն այդ ավելացված աշխատանքի դիմաց վճարում չի իրականացվում։ Սա է աշխատողների հիմնական և ամենակարևոր պահանջը»,– եզրափակեց Փահլևանյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»