Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 22:18 21-01-2026

Ժաննա Անդրեասյանն առաջարկում է հեծանիվով գնալ բուհ, ուսանողները հարցնում՝ ո՞րտեղով

ԿԳՄՍ նախարարն իր փոդքաստում ասում է, որ հեծանիվը կարող է լինել ոչ միայն սպորտի կամ ժամանցի միջոց, այլև փոխադրամիջոց, որը կօգնի խուսափել խցանումներից։ Սակայն նախարարի բարձրաձայնած գաղափարները չեն համապատասխանում Երևանի փողոցների իրական վիճակին։

Փոդքաստի ընթացքում հյուրը, անդրադառնալով հեծանվային մշակույթին, նշել է, որ Հայաստանում հեծանվորդները շատ են, սակայն նրանք փողոցներում չեն վարում․ նրանց կարելի է տեսնել միայն մրցաշարերի ընթացքում։

Հյուրը պատմել է․ «Ես մասնակցել եմ «Վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարին և սպասում էի շատ քիչ մասնակիցների, սակայն իրականում հարյուրավոր մարդիկ կային՝ ամբողջ հանրապետությունից։ Ասում եմ՝ բա ուր են այս հեծանվորդները Երևանում։ Փաստորեն հեծանիվը օգտագործվում է հիմնականում հաճույքի ու սպորտի համար, բայց ոչ որպես փոխադրամիջոց»։

Հյուրը վստահ է՝ հիմնական խնդիրը կոմֆորտի բացակայությունն է։ Նրա խոսքով՝ եթե մարդն ունի և՛ մեքենա, և՛ հեծանիվ, նա կընտրի մեքենան, քանի որ այն ավելի հարմար է, չի պահանջում ֆիզիկական լարվածություն և կախված չէ եղանակից։

ԿԳՄՍ նախարարը, խոսելով հեծանիվով երթևեկելու մասին, նշել է, որ քաղաքացիները մշտապես բողոքում են խցանումներից, և դա արդարացի է․ «Եթե մարդը կարող է երեք ժամ մեքենայում անցկացնելու փոխարեն մեկ ժամ հեծանիվ վարել, միաժամանակ մարզվել ու հասցնել իր գործերը, տրամաբանորեն պիտի ընտրի հեծանիվը»։

Նա ընդգծել է, որ նախարարությունն ունի ծրագրեր՝ ուսանողության շրջանում հեծանիվով բուհ հասնելը խթանելու համար։ Սակայն նախարարը նաև ընդունել է, որ կան չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ հեծանիվների համար նախատեսված կայանատեղիների բացակայությունը։

Նախարարի հայտարարություններից հետո Oragir.News-ը զրուցել է ԵՊՀ ուսանողների հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ցանկությունը կա, բայց պայմանները՝ ոչ։

ԵՊՀ ուսանողուհի Արևիկ Քոլունցը, ով Էջմիածնից է գալիս համալսարան, ասում է․ «Ցանկությունս շատ մեծ է։ Կխուսափեի խցանումներից, առողջ ապրելակերպ կվարեի, բայց ճանապարհները շատ վտանգավոր են հեծանիվով համալսարան հասնելու համար։ Եթե լիներ հատուկ հեծանվային ճանապարհ, ինչպես մայթերն են մարդկանց համար, մեծ սիրով հեծանիվով կգայի դասի»։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ուսանողուհի Անի Արամյանը, որը Վանաձորից տեղափոխվել է Երևան և վարձով է բնակվում, հեծանիվ վարում է վաղուց, սակայն այն չի օգտագործում որպես փոխադրամիջոց։

«Ծնողներս միշտ ասել են՝ վտանգավոր է։ Ճանապարհները հարմար չեն, ստիպված պիտի մայթով քշենք, իսկ մայթերը մարդաշատ են։ Մեքենաների թիվը քաղաքում շատ է, ավտովթարներն էլ՝ հաճախակի»,– ասում է նա։

Անիի խոսքով՝ Վանաձորում ամռանը հաճախ է հեծանիվ վարում՝ հաճույքի և ֆիզիկական ակտիվության համար, սակայն Երևանում հեծանիվը դեռևս մնում է զուտ ժամանցի միջոց։

«Եթե պայմաններ լինեն, հաստատ կդառնա փոխադրամիջոց։ Կխնայեմ գումար, չեմ ընկնի խցանման մեջ ու կշարժվեմ ազատ»,– ասում է ուսանողուհին։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24․2 հոդվածը հստակ սահմանում է հեծանվորդների երթևեկության կանոնները։

Օրենքով՝
• 14 տարեկանից բարձր հեծանվորդները պետք է երթևեկեն հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով,
• դրանց բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով կամ կողնակով,
• ծայրահեղ դեպքում թույլատրվում է երթևեկել մայթով, եթե այլ տարբերակ չկա։

Սակայն նույն օրենքը պարտադրում է, որ հեծանվորդը մայթով երթևեկելիս չվտանգի հետիոտներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իջնի հեծանիվից։

Այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է հեծանիվ գնել, սակայն դրա համար նախատեսված միջավայր չկա․ հեծանվորդը ստիպված է երթևեկել մայթով, իջնել հեծանիվից և այն հրելով հասնել համալսարան։

Այս բոլոր խնդիրներին Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է նաև հմուտ հեծանվորդ Գոռ Գիգինյանը:

«Հեծանվորդի համար ամենամեծ խոչընդոտը մեքենաներն են, որոնք կանգնած են աջ և ձախ կողմերում, հատկապես կարմիր գծերի վրա։ Պատկերացրեք՝ հեծանվորդը գնում է, և ցանկացած պահի կարող է բացվի մեքենայի դուռը։ Ինքս բազմաթիվ նման դեպքերի եմ հանդիպել։ Եթե ես հմուտ հեծանվորդ չլինեի, վստահաբար վթարի կենթարկվեի։ Քաղաքը ի սկզբանե նախատեսված չէ հեծանվորդների համար։

Մոտ մեկ տարի առաջ օրենք են սահմանել, որը թույլ է տալիս էլեկտրական սկուտերներով, սամակատներով և հեծանիվներով երթևեկել մայթերով, բացառությամբ մոտոցիկլետների։ Բայց նույնիսկ այստեղ վտանգներ կան․ մեքենաները կարող են դուրս գալ բակերից, կամ խանութների դռներ բացվեն, երեխաներ բակերից վազեն, ցանկացած պահի վտանգ կա։ Հետևաբար, պետք է շատ դանդաղ ու զգույշ քշել, անցնել մարդկանց կողքով շատ զգուշորեն։ Մենք մշտապես վտանգների մեջ ենք՝ վարորդները հաճախ անուշադիր են, նույնիսկ երբ հայելիով նայում են, միևնույն է, չեն նկատում հեծանվորդին, և միշտ պետք է հիշել, որ պետք է զիջել բոլոր մեքենաներին։

Ավելին՝ քաղաքում մեծ փոսեր կան, որոնք տարիներով չեն վերանորոգվում։ Ինքս էլ մի քանի անգամ փորձել եմ խուսափել, բայց վնասել եմ էլեկտրական սկուտերիս անիվը…

Ամենակարևոր խորհուրդս ուսանողներին՝ միանշանակ խորհուրդ չեմ տա դասի գնալ հեծանիվով, քանի որ շատ վտանգներ կան։ Պետք է հեծանվային դասընթացներ անցնեն, որպեսզի մարզիչի միջոցով ծանոթանան վտանգներին, իմանան, թե ինչպես ճիշտ վարել հեծանիվը, ինչ հնարավորություններ ունի այն, ինչպես ընտրել ճիշտ չափս… սովորեն, մինչև աստիճանաբար կսկսեն հարմարվել քաղաքի պայմաններին»։

Հեծանիվը Երևանում դեռևս չի դարձել փոխադրամիջոց ոչ թե այն պատճառով, որ ուսանողները խուսափում են ֆիզիկական ակտիվությունից, կամ հեծանիվների համար կայանատեղիներ չկան, այլ այն պատճառով, որ քաղաքում բացակայում են հեծանիվ վարելու համար նախատեսված անվտանգ տարածքները։

Ամենից շատ դիտված

20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
20:17 Շնորհավոր ծնունդդ, իմ սրբությունս. դերասան Նիկոլայ Եղիազարյանի գրառումը մայրիկի տարեդարձին
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ