Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 09:50 20-01-2026

«Ուժեղ Հայաստանը» պարտվելու է «Դեպի ուժեղ Հայաստան» գնացողի պես 

«Մեր ձևով» շարժումը տրանսֆորմացվեց որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցություն։ Այս մասին հայտնի դարձավ հունվարի 19-ին։ Տրանսֆորմացիան ընտրություններին մասնակցելու նպատակով է արվել։ Այսինքն՝ շարժումը ընտրություններին կարող է մասնակցել այս կուսակցությամբ կամ դաշինքով, որի առաջատար միավորներից մեկը կլինի այս կուսակցությունը։

Ասում են, թե անվանումն էական նշանակություն ունի հաջողության հարցում։ Ուժեղ անունը կարող է ապահովել հաղթանակ։ Ինչպե՞ս կանդրադառնա «Ուժեղ Հայաստան» անվանումը Սամվել Կարապետյանի ընտրապայքարի վրա։

2021-ի մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ձևավորեցին «Հայաստան» նախընտրական դաշինքը, որն ընտրություններին մասնակցեց «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով: Այս ժամանակ հանրության մի մասն իսկապես հավատում էր, որ «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով հանդես եկող քաղաքական ուժն ուժեղ է և հաղթելու է պատերազմում պարտված, ազգային աղետներ պատճառած, ազատ աշխարհի կողմից արհամարհված, շատ ցածր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը պարտվեց, «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով հանդես եկողները պարտվեցին, զբաղվեցնելով ընդդիմադիր նիշան։

Այս պատմական զուգահեռը հիմք է ենթադրելու, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվանումը չի նպաստելու նրա հաղթանակին։ Կարող է կրկնվել պատմությունը։ Ու ենթադրելի է, որ հունիսի 7-ից հետո «Ուժեղ Հայաստանը» կդառնա ընդդիմություն, կկատարի նույն ֆունկցիան, ինչ «Հայաստան» խմբակցությունը անցնող 5 տարիներին։

2021-ին ժողովրդի մի մասը հիասթափություն ապրեց, որ «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով գնացողը պարտվեց։ Շատերն էլ կարծիք հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը հաղթեց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ։ ՔՊ-ի ընտրարշավը մեծ մասամբ կառուցվում էր նախկինների մերժման վրա։ Եվ ընտրողների մի մասը ՔՊ-ին ընտրեց, որ Քոչարյանը չլինի։ Փաշինյանին ընտրեցին, որ Քոչարյանը չգա։ Եթե Քոչարյանը չլիներ, ապա Փաշինյանը, հավանաբար, կպարտվեր, քանի որ վերջինիս վարկանիշը շատ ցածր էր։ Եթե մեծ ռեսուրսներ մոբիլիզացվեր այլ կուսակցության, այլ առաջնորդի վրա, ապա հնարավոր է՝ ՔՊ-ն կդառնար ընդդիմություն։

Նրկայումս նման սցենար կարող են խաղարկել։ Քննադատներն արդեն շրջանառում են վարկած, որ Սամվել Կարապետյանը ամիսներ առաջ ներքաշվել է քաղաքական մրցասպարեզ, որ ապահովի Փաշինյանի վերընտրությունը հունիսի 7-ին, ինչպես Քոչարյանն ապահովեց 2021-ին։ Այս ենթադրության հիմք է ոչ միայն «Դեպի Ուժեղ Հայաստան» կարգախոսի հետ ասոցիացիան, այլև մարտավարական և դիրքորոշման նմանությունը։ «Մեր ձևով» շարժումը նույնպես վառ ռուսամետ գույների մեջ է, առաջնորդը ռուսահայ գործարար է, աշխարհաքաղաքական տեսլականը գրեթե չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներից։

Տարածված տեսակետ կա, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանը ընտրարշավին «պլավնի» մասնակցել է Մոսկվայի խնդրանքով, որ ապահովի Փաշինյանի վերընտրությունը։ Ներկայում նույնը կրկնելը կընկալվեր դեժավյու, ֆարս։ Դժվար կլիներ երկու անգամ հուսադրել ժողովրդին ու հարկադրել մասնակցելու նույն ներկայացմանը պարտության կանխատեսելի ելքով։ Կար ռիսկ, որ մարդիկ 2026-ին չեն միավորվի Քոչարյանի շուրջ ու չեն ապահովի Փաշինյանի վերընտրությունը։ Հետևապես՝ ենթադրելի է, որ այս անգամ Մոսկվան փոխել է գլխավոր մրցակցին, խնդրել է Սամվել Կարապետյանին, որ նույն ֆունկցիան կատարի ու Փաշինյանի վերընտրությունն ապահովի, հետագայում դառնա ընդդիմություն, սպասարկի ռուսական հետաքրքրությունները, և ամենակարևորը՝ ապացուցի աշխարհին, որ հայ ժողովուրդն անհուսալի ռուսամետ է, անկախություն չի ուզում, աշխարհին նայում է Մոսկվայի պատուհանից։ Իսկ Փաշինյանն էլ կշահարկի այս պատկերը, Սամվել Կարապետյանին կներկայացնի որպես ռուսական գործակալ։ Իսկ ՔՊ-ն աշխարհին կներկայանա որպես անկախության ու ժողովրդավարության միակ ջատագով։ Բայց քանի որ ՔՊ-ն շրջապատված է ռուսամետ ուժեղ ուժերով, ապա անկախության ու ժողովրդավարության ուղղությամբ մանր քայլեր կարող է անել։

Կարճ ասած՝ «Ուժեղ Հայաստանը» կարող է կրկնել «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով գնացողի տխուր ճակատագիրը, դառնալով ուժեղ ու ռուսամետ ընդդիմություն, ինչպես ասում են՝ «անիվը սելի նորից կկոտրվի իր սիրած փոսում»։ Հետևաբար՝ այս վատ ասոցիացիան ցրելու համար Սամվել Կարապետյանը կարող է խափանել Փաշինյան-Պուտին պլանները՝ կա՛մ դուրս գալ քաղաքական պայքարից, կա՛մ հանդես գալ անկախության ու ժողովրդավարության դիրքերից՝ հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և իր քաղաքական ծրագրի առաջին կետերում ներառել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիայի, դեսովետիզացման հարցերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան