Ուղիղ եթեր
Ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն, և Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն․ ՀՀ նախագահ
copy image url

Ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն, և Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն․ ՀՀ նախագահ

Ներքին 2 տարի առաջ - 14:58 31-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև․

«Ուրախությամբ ողջունում եմ Ժողովրդավարության հայկական ֆորումի մասնակիցներին և հյուրերին: Արդեն ավանդական դարձող այս ընդգրկուն միջոցառումը հերթական ապացույցն ու վկայությունն է նրա, որ Հայաստանը անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղու վրա և այդ քայլն անդառնալի է:

Մեր հանրապետությունն իր ստեղծման օրվանից հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարական ու համամարդկային արժեքներին և սկզբունքներին: Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ և տարաբնույթ խոչընդոտների՝ պետական կառավարման ապարատում արատավոր երևույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգային լրջագույն մարտահրավերների առկայության պայմաններում:

Բայց ի պատիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մենք այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն իսկ կայացած փաստ է մեր երկրում:

Իհարկե, 2020 թվականի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու գաղափարների համար: Բայց ամենակարևորն այս իրադրության մեջ այն էր, որ հայաստանյան իշխանությունները, չնահանջելով ժողովրդավարության էությունից և սկզբունքներից, գնացին խնդիրների հանգուցալուծման ամենադեմոկրատական և ընդունելի ճանապարհով: Ես նկատի ունեմ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք դարձան մեր քաղաքացիների կամարտահայտման ամենագործուն ու թափանցիկ միջոցը:

Հարգելի ներկաներ,

Ժողովրդավարության ֆորումի խորագիրն արդեն իսկ պատասխանատու և պարտավորեցնող այստեղ գտնվող պետական այրերի, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների, ֆորումի աշխատանքներին հետևող մեր քաղաքացիների համար, քանի որ ժողովրդավարությունը ազատությունների համախումբ լինելուց զատ նաև պատասխանատվությունը: Ազատ քաղաքացին, ազատ պետական ու հասարակական գործիչը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, ազատ ու ժողովրդավար պետության մեջ շատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան որևէ այլ համակարգում:

Սա անբեկանելի ճշմարտություն է, քանի որ ի վերջո Անկախության հանրաքվեում անկախ Հայաստանի Հանրապետության գոյությանը այո էր ասում քաղաքացին, խորհրդարանական կամ այլ ընտրություններում երկրի ղեկավարության հարցը կրկին լուծում է քաղաքացին իր քվեով: Այդ քվեն հենց պատասխանատվությունն է, որը կարծում եմ դեմոկրատիայի կարևորագույն հիմնասյուներից մեկն է և 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ մեր քաղաքացիներն իրենց քվեարկությամբ լիարժեքորեն վերցրեցին այդ պատասխանատվությունը:

Ժողովրդավարության ֆորումի հարգելի մասնակիցներ և հյուրեր
Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ մի իրողության, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գաղտնիք չէ, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգային խնդիրներին:

Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը՝ որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլև ընդհակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության և հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, Հայաստանի առաջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, ասել է թե, մեր պետականությունն ինչ-որ իմաստով նաև ժողովրդավարության ծնունդ է:

Նույն իրավիճակն է նաև այսօր, երբ դեռ թարմ են 2020 թվականի պատերազմի վերքերը, երկիրը դեռ նոր է ուշքի գալիս ծանր կորուստներից հետո, թվում է՝ ժողովրդավարական ինստիտուտները հետին պլան են մղվել, բայց ինչպես արդեն նշեցի, հայաստանյան իշխանությունը լուծումը գտավ հենց ժողովրդավարության միջոցով: Ես հավատացած եմ, որ հենց ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք և պետք է ներկայանանք աշխարհին:

Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նաև շեշտել մի կարևոր փաստ: Ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ: Եվ այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն»:

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը
15:50 Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
13:40 Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան
12:52 Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի