Դպրոցների օպտիմացման գործընթացով Շիրակի մարզում փակվելու են 40-ից ավելի դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ են։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ Շիրակի մարզում դպրոցների փակումը պետական քաղաքականության ձախողման ցուցիչ է. «Ես խնդիրը չեմ դիտարկում միայն կրթական համակարգի շրջանակում։ Շիրակի մարզում դպրոցների փակումը պետական քաղաքականության ձախողման ցուցիչ է։ Շիրակի մարզը տասնամյակներ շարունակ կրել է սոցիալ-տնտեսական անարդար քաղաքականության հետևանքները։ Աշխատատեղերի բացակայություն, աղքատություն, արտագաղթ։ Այս իշխանությունները ոչ թե փորձեցին կոտրել այդ շղթան, այլ այսօր երեխաների թվի նվազումը օգտագործում են որպես պատրվակ՝ դպրոցներ փակելու համար։ Սա հետևանքի ներկայացում է որպես պատճառ։ Սա անընդունելի է պետական կառավարման տեսանկյունից։
Պետությունը պարտավոր էր գործել հակառակ ուղղությամբ՝ պահպանել դպրոցները, ներդնել փոքր համալրված կրթօջախների հատուկ ֆինանսավորման մոդելներ, ամրապնդել մարզային զարգացման քաղաքականությունը։ Դրա փոխարեն ընտրվել է ամենահեշտ, բայց ամենավտանգավոր ճանապարհը»։
Պատգամավորի խոսքով`այս քաղաքականությունը բերելու է ոչ թե կրթության որակի բարձրացման, այլ Շիրակի դատարկման։ Եվ դրա համար ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։
«Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363- Ա որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնի համաձայն նախատեսում էր ՀՀ-ում կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ:
Այդ ծրագրի շրջանակում Շիրակում նախատեսվում էր կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ: Ցավոք պետք է արձանագրել, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզում շահագործման էր հանձնվել ընդամենը 8 դպրոց, իսկ ևս 3 դպրոց էլ նախատեսված էր ավարտել մինչև 2025 թվականի վերջ: Հետևությունները թողնում եմ Ձեզ....»,- շարունակում է Մելքոնյանը։
Նա այն կարծիքին է, որ 40-ից ավելի դպրոցների փակումը Շիրակի մարզում պարզապես կրթական հարց չէ. «Նախ՝ դպրոցը գյուղում միայն կրթօջախ չէ․ այն համայնքի գոյության առանցքն է։ Դպրոցի փակմամբ մենք փաստացի ազդարարում ենք տվյալ բնակավայրի դատարկման սկիզբը։ Երբ երեխան ստիպված է ամեն օր տասնյակ կիլոմետրեր անցնել՝ կրթություն ստանալու համար, ծնողը կանգնում է մեկ ընտրության առաջ՝ հեռանալ համայնքից։ Երկրորդ՝ սա խորացնում է սոցիալական անարդարությունը։ Քաղաքում ապրող երեխան ունի հասանելի կրթություն, իսկ հեռավոր գյուղի երեխան դրվում է խտրական վիճակում՝ կախված եղանակից, ճանապարհներից և տրանսպորտից։ Երրորդ՝ խոսքը անվտանգության մասին է։ Դատարկվող գյուղը դառնում է լքված տարածք՝ առանց մարդկային ներկայության, առանց տնտեսության, առանց ապագայի։ Սա հատկապես վտանգավոր է սահմանամերձ և ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերի համար»։
Պատգամավորն ընդգծում է, որ դպրոց փակելը ամենահեշտ, բայց ամենավտանգավոր լուծումն է։
«Պետությունը պարտավոր է ոչ թե հաշվետվություն «խնայողությունների» մասին ներկայացնել, այլ ներդրում անել գյուղի, կրթության և երեխայի ապագայի մեջ։ Հակառակ դեպքում մենք ոչ թե օպտիմալացնում ենք համակարգը, այլ ծրագրավորված կերպով դատարկում մարզերը»,- եզրափակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։