Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:24 15-01-2026

Սա հաբրգածություն է և բեսպրեդել. Նաիրա Զոհրաբյանը՝ պարգևավճարների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ստացած բարձր պարգևավճարների թեման երեկվանից ակտիվորեն քննարկվում է հանրային դաշտում։

«Հետք»-ի հրապարակումից հետո, ըստ որի՝ վարչապետը միայն 2025 թվականի առաջին կիսամյակի համար ստացել է շուրջ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար, իսկ լրացուցիչ՝ ևս մոտ 1 մլն 970 հազար դրամ, արձագանքները չեն դադարում։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, որը բացատրեց պարգևավճարների իմաստը, նշանակությունը և ասաց, թե ինչու է տրված գումարը «հաբրգածություն» առաջացրել ՔՊ-ականների մոտ։

«Քանի օր է՝ քննարկվում է բարձր պարգևավճարների խնդիրը, և ամենաաբսուրդն ու ամենացինիկը արդարադատության նախարարի հայտարարությունն է, երբ նա Ազգային ժողովում ասում է՝ չի հիշում՝ վե՞ց, թե՞ յոթ միլիոն դրամ է ստացել։ Սա հաբրգածության, բեսպրեդելի և սեփական քաղաքացու վրա թքած ունենալու ձև է։ Այդ տիկնոջ համար սա այնքան մանր բան է, երևի երկու-երեք լումա, որ նա չի հիշում, իսկ մեկ միլիոն դրամն իր համար պարզապես պլյուս-մինուսի հարց է։ Բնականաբար նա էլ ամեն ինչ պիտի անի, որ այս վարչապետը ընտրվի, որ հետագայում իր պարգևավճարը հասնի ոչ թե 7, այլ 14 միլիոնի, ու չհիշի՝ 14 է ստացել, թե 15»։

Զոհրաբյանը խոսքով՝ ինքը կողմ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստանան արժանապատիվ աշխատավարձ, սակայն այն պետք է լինի արդարության տրամաբանական շրջանակում։

«Ես գտնում եմ, որ այո, պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ, որպեսզի պետական բյուջեից չգողանան, սակայն նրանք պետք է լինեն հերթի ամենավերջում։ Առաջինը պետք է բարձրացվեն նվազագույն աշխատավարձերը, սոցիալապես անապահով խավի, հաշմանդամություն ունեցող անձանց նպաստներն ու թոշակները։ Ես չեմ ուզում դեմագոգիա անել և ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան՝ վարչապետը, նախարարը կամ պատգամավորը, պետք է բոմժ լինի․ ոչ, նրանք պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի պետական բյուջեին «թաթ չգցեն», սակայն առաջին արժանապատիվ աշխատավարձ ստացողները պետք է լինեն այն քաղաքացիները, ովքեր այդ իշխանությանն ընտրել են»,- ասում է նա։

Զոհրաբյանը պարզաբանում է, որ սոցիալական խնդիրների ֆոնին իշխանության այս վարքագիծը անընդունելի է. «Ասել, որ փող չկա թոշակ բարձրացնելու, ասել, որ գումար չկա նվազագույն աշխատավարձ բարձրացնելու, ասել, որ գումար չկա նպաստ բարձրացնելու, բայց տալ պարգևավճա՞ր։ Արդեն ահազանգեր եմ ստանում հաշմանդամության կարգի հետ կապված։ Մարդ կա՝ առաջին կարգի հաշմանդամ է, ոտք չունի, անընդհատ կանչում են հանձնաժողով, ոտքը աճելո՞ւ է այդ մարդու, որ անընդհատ կանչում եք»։

Մեր այն հարցին, թե վարչապետի աշխատակազմի ստացած մոտ 491 միլիոն դրամ պարգևավճարն արդյո՞ք համարժեք է կատարված աշխատանքին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց օրինակներով.
«Իհարկե՝ ո՛չ։ Երբ արդարադատության նախարարն ասում է՝ դա իմ մեկ տարվա աշխատանքի գնահատականն է, տիկի՛ն ջան, ամեն ամիս դու մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ես ստանում։ Եթե կոնկրետ տվյալ նախարարի աշխատանքը գնահատենք, մի հատ տեսեք՝ ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում։ Տեսեք՝ իր նշած մեկ տարում քանի մահ է եղել ՔԿՀ-ներում, այն դեպքում, երբ անցած 20 տարիներին այդքան մահ չի եղել։ Քրեակատարողական հիմնարկներից մինչ օրս բողոքներ եմ ստանում՝ սննդի որակի, վերաբերմունքի, բուժսպասարկման մասին։ Երբ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի համար առանձին սենյակ չկա, նրան տանում են պատժախուց։ Իսկ նա սա գնահատում է որպես իր լավագույն աշխատանք»։

Զոհրաբյանի խոսքով՝ քաղաքական բանտարկյալների թեման ևս անտեսված է մնացել. «Երբ բերդերը լցրած էին քաղաքական բանտարկյալներով, ինքը համարում է, որ լավ է աշխատել։ Եթե իր խնդիրը դատավորներին հրահանգելն է, որ անմեղ մարդկանց տանեն, կալանավորեն, այդ առումով՝ հա, երևի լավ է աշխատել և արժանի է պարգևատրման»։

Նախկին պատգամավորը հիշեցնում է նաև նախկին տարիների փորձը. «Երբ ես պատգամավոր էի, Հովիկ Աբրահամյանն էր ԱԺ նախագահ, որոշվեց 13-րդ աշխատավարձ տալ՝ մոտ 400 հազար դրամ։ Այնպիսի վայնասուն բարձրացավ, որ մեր խմբակցությունը հրաժարվեց և չստացավ»։

Զոհրաբյանը պարզաբանեց, թե ինչու անդրադարձավ հենց արդարադատության նախարարին, քանի որ նկատել է, որ նա կառավարության կանանց մեջ տարբերվում է. «Նա ամենաանդաստիարակ, ամենացինիկ և ամենաանհարգալիցն է։ Ես չեմ հասկանում՝ ո՞վ է իրեն ներշնչել, որ ինքը Մերլին Մոնրոն կամ Սոֆի Լորենն է։ Ընդամենը ասում եմ՝ աղջի՛կ ջան, դու խոր թյուրիմացության մեջ ես, կառավարության նիստերին կամ աշխատանքի ամեն օր երեկոյան մակիաժով գնալը ֆուլ գեղցիություն է»: