Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 23:12 15-01-2026

Սյունիքը Ժաննայի նմաններին շատ է տեսել․ «Սյունյաց երկիրը» չի փակվելու

Մերի Հակոբյան

Լրագրող

«Սյունյաց երկիր» մշակութային հանդեսի ֆինանսավորման դադարեցումը ակնհայտ կեղծարարություն է, և մենք դա ապացուցելու ենք դատարանում»․ այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհային ծրագրից իրենց դուրս թողնելուն։

Նրա խոսքով՝ նախարարությունը մինչև օրս չի ներկայացրել մրցույթի արդյունքների ամփոփման համար պարտադիր փաստաթղթերը՝ գնահատման թերթիկները, մասնագիտական խորհրդի արձանագրությունները և կիրառված չափանիշները, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում մրցույթի օրինականության վերաբերյալ։

«Քանի դեռ այդ փաստաթղթերը չեն հրապարակվել, մենք պնդում ենք, որ տեղի է ունեցել մրցույթի արդյունքների ակնհայտ գողություն»,– ընդգծեց Ալեքսանյանը՝ նշելով, որ դատարանն արդեն ընդունել է գործը վարույթ։

«Սյունյաց երկիր» հանդեսի ստեղծման նպատակը

Սամվել Ալեքսանյանի խոսքով՝ մշակութային հանդեսի գաղափարը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Սյունիքը հայտնվել էր անվտանգության և հոգեբանական լուրջ ճնշումների տակ։

«Այդ հուսահատ և անորոշ վիճակը մեզ ստիպեց մտածել մի նախաձեռնության մասին, որը կարող է մարդկանց հուսավառել, դուրս բերել անորոշությունից և վաղվա նկատմամբ հավատ արթնացնել։ Մենք որոշեցինք ստեղծել մշակութային հանդես՝ վեր հանելու և հանրայնացնելու Սյունիքի դարավոր հոգևոր-մշակութային ժառանգությունը»,– նշեց նա։

Հանդեսը հիմնադրվել է 2020 թվականի վերջերին – 2021 թվականի սկզբին և գործել է որպես եռամսյա մշակութային պարբերական։

Խմբագրի խոսքով՝ նախագծի տարեկան իրական ծախսերը կազմել են մոտ 10 միլիոն դրամ, մինչդեռ նախարարության աջակցությունը լավագույն դեպքում հասել է 3.7 միլիոն դրամի, որը կազմում է ընդհանուր ծախսերի մոտ 30 տոկոսը։

«Այդ գումարից էլ շուրջ 600-700 հազար դրամ վերադարձվել է պետությանը՝ հարկերի տեսքով։ Մնացածը մենք հայթայթել ենք հովանավորների միջոցով»,– ասաց Ալեքսանյանը։

Չնայած սահմանափակ ֆինանսավորմանը՝ վերջին 5 տարվա ընթացքում թողարկվել է 20 համար, որոնցից մի քանիսը բազմահատոր են և նվիրված են Սյունիքի քանդակագործությանը, գեղանկարչությանը, մանրանկարչությանը, վանական համալիրների պատկերաքանդակներին, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին և այլ առանցքային թեմաների։

«Սրանք սկզբնաղբյուրային և հանրագիտարանային նշանակության համարներ են, որոնց արձագանքել են ճանաչված արվեստագետներ ու հայագետներ»,– ընդգծեց նա։

Ինչո՞ւ դադարեցվեց ֆինանսավորումը

Սամվել Ալեքսանյանի փոխանցմամբ՝ 2026 թվականի դրամաշնորհային մրցույթին «Սյունյաց երկիրը» մասնակցել է սահմանված կարգով, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն մրցույթի արդյունքում նախկինում ֆինանսավորում ստացող 9 կազմակերպություններից միայն իրենցն է դուրս մնացել ցուցակից, փոխարենը ավելացվել են հիմնականում երևանյան ՀԿ-ներ։

«Մասնագիտական խորհրդի արձանագրություններում անգամ չի նշվում, թե այդ կազմակերպություններն ինչ առաքելություն ունեն»,– ասաց նա։

«Քաղաքականությամբ մի զբաղվեք»

Խմբագիրը կարևոր համարեց նաև հիշատակել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Կապանում կազմակերպված գրքի տոնավաճառը, որտեղ «Սյունյաց երկիր» հանդեսը ներկայացրել էր իր բոլոր համարները։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մոտենալով տաղավարին, իրեն ասել է.
«Խնդրում եմ քաղաքականությամբ մի զբաղվեք»։

«Ես նրան ներկայացրեցի մեր համարները՝ նվիրված Սյունիքի քանդակագործությանը, մանրանկարչությանը, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, և հարցրեցի՝ ո՞րն է այստեղ քաղաքականությունը։ Նա պատասխանեց, որ ինքը չէ, որ ասում է՝ դա քաղաքականություն է, այլ «չար լեզուներն են ասում Սյունիքից»»,– պատմեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ այս խոսակցությունից հետո ակնհայտ է դարձել, որ նախարարության ներսում կա լուրջ վերապահում Սյունիքի մշակութային ժառանգության հանրայնացման նկատմամբ։

«Սյունյաց երկիրը չի փակվելու»

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ հանդեսը չի դադարեցնի գործունեությունը։

«Սյունյաց երկիրը չի փակվելու։ Ժաննա և Դանիելը այդքան ինտելեկտ, այդքան հեղինակություն չունեն, որ կարողանան Սյունիքյան լրատվամիջոց փակել։ Սյունիքը նրանց նման շատերին է տեսել՝ միջնադարից սկսած, եկել գնացել են, իսկ Սյունիքը իր մշակույթով մնացել է ու կմնա»,– եզրափակեց նա։ Մերի Հակոբյան