Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվականը՝ Civic.am-ը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ին գրել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ժամանակին հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի՝ հանրության առավել հայտնի KГБ-ի կողմից, հիմա էլ՝ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
Լրատվամիջոցը հայտնել էր՝ ԱԱԾ-ից ստացված հարցման պատասխանում նշվել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցել է 1986-1988 թվականներին։ «ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,- նշվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, ԱԱԾ-ն ՔՊ-ի լրատվականին էր փոխանցել գաղտնազերծված փաստաթղթի մի օրինակ, որը, ըստ հրապարակման, «հավաստում է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համագործակցության հանգամանքը»։
Այս հրապարակումից հետո
Oragir.News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն նույնպես փոխանցել այն փաստաթղթերի օրինակները, որոնք հավաստում են, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը համագործակցել և շարունակում է համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հղում էին կատարել Civic.am-ի հրապարակմանը և փոխանցել վերջինիս հղումը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ փաստթղթի լուսպատճենը հրապարակվել է հիշյալ լրատվամիջոցում։ Ինչ վերաբերվում է Եզրաս Սրբազանի՝ ներկայումս օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը հավաստող փաստաթղթերի տրամադրմանը, ապա ԱԱԾ-ից նշել են, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չեն կարող տրամադրվել։
Եթե հարցման երկրորդ մասով մեր խնդրած տեղեկությունը չփոխանցելու ԱԱԾ-ի հիմանավորումը ողջամտության սահմաններում է, ապա նույնը չենք կարող ասել առաջին մասի կապակցությամբ։ Փաստացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից սնվող ԱԱԾ-ն լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում և նման փաստաթղթերը բացառապես ՔՊ-ի լրատվամիջոցին է փոխանցում, իսկ մյուսներին մեծահոգաբար փոխանցում Civic.am-ի հրապարակման հղումը։
Չենք բացառում, որ մեր ընթերցողների շրջանում կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ ՀՀ ԱԱԾ-ն ենթարկվում է Civic.am-ին։