Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:58 14-01-2026

Հուշահամալիրը ապրիլի 24-ին պատրաստ կլինի՞. ինչ վիճակ է Ծիծեռնակաբերդում

Արդեն մի քանի ամիս է՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շարունակվում են երեք սյուների վերականգնման աշխատանքները, որոնք հանրության ուշադրության կենտրոնում են` հաշվի առնելով ընթացող զարգացումները։

Oragir.News-ը պարբերաբար այցելում է Ծիծեռնակաբերդ՝ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։

Նախորդ այցի ընթացքում մեզ տեղեկացրին, որ տարածքում նկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ է թանգարանի թույլտվությունը։ Թանգարանի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ նման կարգը մշտապես գործել է և պայմանավորված չէ ներկայում իրականացվող շինարարական աշխատանքներով։

Այս անգամ, սակայն, Oragir.News-ի նկարահանող խմբին շինարարները թույլ չտվեցին մուտք գործել տարածք՝ նշելով, որ բացի թանգարանի թույլտվությունից` անհրաժեշտ է նաև շինարարական ընկերության համաձայնությունը։

Նրանց պարզաբանմամբ՝ դա պահանջվում է անվտանգության կանոնները պահպանելու համար. խոսքը վերաբերում է նկարահանող խմբին համապատասխան պաշտպանիչ հանդերձանքով ապահովելուն։

Այնուամենայնիվ մեզ թույլատրվեց նկարահանում իրականացնել տարածքի բաց հատվածներում և մուտքի հատվածում։ Տեսախցիկի առաջ շինարարները չխոսեցին, սակայն նշեցին, որ աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը։

Միևնույն ժամանակ նշենք, որ նախորդ այցի ընթացքում թանգարանի աշխատակիցներից մեկը հայտնել էր, որ աշխատանքների ամբողջական ավարտը մինչև ապրիլի 24-ը դժվար իրագործվի, և մեծ հավանականությամբ այդ օրը աշխատանքները դեռ կշարունակվեն։

Սա հարցեր է առաջացնում ժամկետների ճշգրտության և աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Հավելենք, որ վերջերս տարածք այցելած քաղաքացիներից մեկը նկատել էր, որ աշխատանքները բավականին առաջ են գնացել, սակայն հանված քարերը փոխարինվում են ավելի բարակ քարերով։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ինչպես է ընտրվել շինարարական ընկերությունը, և արդյոք այն համապատասխանում է նման աշխատանք իրականացնելու ստանդարտներին, սակայն այդ հարցերի պատասխանները դեռևս չենք ստացել, քանի որ շինարարները առանց վերադասների համաձայնության չեն ցանկանում հարցազրույց տալ։

Oragir.News-ը շարունակելու է հետևել Ծիծեռնակաբերդում իրականացվող վերականգնման աշխատանքներին և կհրապարակի նոր տեղեկություններ՝ դրանց իրական ընթացքի և ավարտի ժամկետների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից