Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն ակնարկել է, որ Ռուսաստանը պետք է պատերազմ սկսի Հայաստանի դեմ, այն կրկին վերածելով ռուսական ազդեցության գոտու։
«Հայաստանը կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային հայեցակարգն ու հստակ նշել մեր ազդեցության գոտիները»,- հայտարարել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սոլովյովը կոչ է արել, որ Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա։ Ինչո՞ւ իշխանությունները չեն պատասխանել դրան»։
Հարցվածների մի մասը նշեց, որ իշխանությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի այդ հայտարությանը, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Չեմ կարող ասել, ինչու չեն արել, բայց պետք է արձագանքեն, ոնց կարելի է նման բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանությունը պետք է կոշտ արձագանք տա։ «Շատ սխալ են անում, որ չեն պատասխանում, պետք է շատ կոշտ պատասխան տրվի։ Դժվարանում եմ ասել, թե ինչու չեն արձագանքում, որովհետև անողնաշար քաղականությունը երբեք լավ բանի չի տանի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչինչ պատահական չի արվում։ «Երևի իշխանությունն իր մեղքն ունի դրա մեջ, դրա համար չի պատասխանում։ Ամեն մի բան պատահական չէ, ինչ-որ հիմքեր կա, որ ասում են։ Թող պատասխանեն հիմնավոր, ոչ թե ստից, սուտն այս իշխանությունների գործելակերպն է»,- ասաց նա։
«Սոլովյովը գլուխը պատին է տվել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․