Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:45 08-01-2026

Հայ մարզիկն անպաշտպան է. Ժաննա Անդրեասյանը քաղաքական դիրքորոշում է հայտնել

Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության հետ կնքել է հնգամյա համագործակցության պայմանագիր, որի շրջանակում մի շարք միջազգային մրցումների ընթացքում մարզիկների համազգեստների վրա գրվում է «Ադրբեջան» բառը։

Այս քաղաքականության ֆոնին իտալական Tour de Ski մրցաշարի ընթացքում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է այն բանի համար, որ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակել էր կպչուն ժապավենով։

Միջադեպը Հայաստանում նոր քննարկումների առիթ դարձավ՝ սպորտի և քաղաքականության փոխկապակցվածության վերաբերյալ։

Սպորտը երբեք միայն սպորտի մասին չի եղել, ըստ մասնագետների՝ այն չի դիմանում ոչ պատմական, ոչ էլ ժամանակակից իրողությունների քննությանը։

Միջազգային սպորտը վաղուց դարձել է քաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարական պայքարի հարթակ, որտեղ պետությունները և մարզիկները հանդես են գալիս ոչ միայն որպես մրցակիցներ, այլև որպես դիրքորոշում կրող սուբյեկտներ։

Դրա ամենացայտուն օրինակներից է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների կարգավիճակի փոփոխությունը միջազգային սպորտում 2022 թվականից հետո։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն և բազմաթիվ ֆեդերացիաներ սահմանափակեցին այդ երկրների մարզիկների մասնակցությունը՝ արգելելով հանդես գալ ազգային դրոշի, անվան և օրհներգի ներքո։ Թույլատրվեց միայն անհատական մասնակցություն՝ «նեյտրալ մարզիկ» կարգավիճակով, իսկ թիմային մրցումները նրանց համար ամբողջությամբ փակվեցին։

Այս որոշումները որևէ կապ չունեին մարզական խախտումների կամ դոպինգային սկանդալների հետ և ընդունվեցին բացառապես քաղաքական հիմքով։ Նույն մոտեցումը կիրառվեց նաև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում և կպահպանվի 2026 թվականի Միլան-Կորտինա ձմեռային Օլիմպիական խաղերում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանն ընդգծեց, որ դասական քաղաքագիտության համաձայն՝ մեզ շրջապատող ամեն ինչ քաղաքականություն է, սա նշանակում է, որ ցանկացած երևույթ, դա կլինի արվեստ, պոեզիա, թե սպորտ, ամեն ինչ ներառում է քաղաքական բաղադրիչ, անհնար է ընդհանրապես մարդկային կյանքը պատկերացնել առանց քաղաքականության, որտեղ նույնիսկ մարդկային հարաբերությունները քաղաքականություն են։

«Երբ ասում են՝ այս կամ այն երևույթը չքաղաքականացնենք, դա ինքնին քաղաքական հայտարարություն է»,- նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպորտում լայնածավալ ներդրումները և երկրի անվան տեղադրումը մարզաշապիկների, ֆեդերացիաների կամ միջոցառումների վրա ուղղված են միջազգային քաղաքական իմիջի ձևավորմանը։

«Ինչո՞ւ է պետությունը մեծ գումարներ ծախսում, որպեսզի իր անվանումը հայտնվի մարզիկների հագուստի վրա։ Սա հանրաճանաչ դառնալու և քաղաքական ազդեցություն ձևավորելու մասին է»,- հավելել է քաղաքագետը՝ նշելով, որ նման օրինակներից մեկն է «Եվրատեսիլ» մրցույթը, որը ևս ունի քաղաքական բաղադրիչ:

Միքայել Միքայելյանի մասնակցությամբ միջադեպին անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին, և մրցումների ընթացքում անհրաժեշտ է պահպանել արդար և ազնիվ մրցակցության կանոնները։

«Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի շարք միջազգային կոնվենցիաների վավերացում այս ուղղությամբ, և կարևոր է, որ այդ կանոնները պահպանվեն բոլոր կողմերի կողմից»,- ասել է նախարարը։

Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ այս հայտարարությունն ինքնին քաղաքական բնույթ ունի. «Երբ որ քաղաքական գործիչներն ասում են՝ այս կամ այն երևույթը քաղաքական չէ կամ չքաղաքականացնենք, սա պարունակում է զուտ քաղաքական նպատակ, բոլորի համար է ակնհայտ, որ սա քաղաքականության մասին է։ Հետևաբար, սա նույնիսկ քննարկման առարկա չէ: Երբ պետությունը տոնում է մարզական հաղթանակները, դա նույնպես քաղաքականություն է։ Հանրային և միջազգային հարաբերությունները քաղաքական գործընթացներ են։ Նման հայտարարությունները կարող են պայմանավորված լինել Հայաստանի և Ադրբեջանի իշխող էլիտաների միջև առկա քաղաքական պայմանավորվածություններով»։

Փորձագետների կարծիքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարությունը՝ ապագայում նման դեպքերը կարող են բազմապատկվել, և տարբեր մարզաձևերում մարզիկները կարող են ստիպված լինել կրել «Ադրբեջան» գրությամբ մարզահագուստ կամ այլ խորհրդանշաններ։

«Սա բարդ խնդիր է, և յուրաքանչյուր նման իրավիճակ մարզիկի համար կարող է լինել ազգային արժանապատվությունը խոցող։ Պետությունը պետք է կարողանա պաշտպանել իր քաղաքացիների և մարզիկների իրավունքները, սակայն ներկայիս պայմաններում դժվար է կանխատեսել, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»,- նշել է Արա Պողոսյանը։

Միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, որ միջազգային սպորտը վաղուց դուրս է եկել «քաղաքական չեզոքության» սահմաններից և շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ազդեցիկ գործիքներից մեկը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի