Երբեմն սուտը լինում է թյուրիմացության, տգիտության, անիրազեկության, սպեկուլյացիայի, կեղծ պատկերացումների, կեղծ ընկալումների արդյունք։ Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց՝ «Եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են»։
Ի՞նչ է սա՝ սիմուլյա՞կր, սպեկույացիա, թե՞ կեղծիք։
Փաշինյանի խոսքն ուղիղ ընկալմամբ հակասահմանադրական է։ Ըստ ՀՀ սահմանադրության՝ պետությունն ու եկեղեցին անջատ են, ուղիղ ենթակայություն չունեն։ Պետությունը հոգևոր առաջնորդին չի ենթարկվում։ Եկեղեցին ինքնուրույն կազմակերպություն է և անկախ է իր որոշումներում, չի ենթարկվում պետության որևէ մարմնի՝ կառավարությանը, վարչապետին, նախագահին և այլն։
Չնայած՝ 2015-ի սահմանադրության մեջ եկեղեցուն մեծ տեղ է տրված, սակայն որևէ ակնարկ չկա իշխանության ձևավորման հարցում եկեղեցու միջամտության մասին որևէ տող։ Չկա նաև եկեղեցու հարցերին պետության մասնակցության մասին հոդված։ Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, որ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է։
Հանրային խոսույթում շրջանառվում է այլ դիտարկում ևս։ Ոմանք Փաշինյանի այս հայտարարությունը դիտարկում են որպես ցանկություն, ցանկալին իրական մատուցելու շտապողականություն։ Այսպիսով՝ ենթադրվում է, թե Փաշինյանը ցանկություն ունի, որ եկեղեցին ու պետությունը ներդաշնակ լինեն, փոխադարձ հարգանք լինի, փոխընմռնում։ Այս առումով՝ 1991-ից ի վեր եկեղեցին ու պետությունն իրար հետ են եղել, միմյանց սատարել են, միմյանց հարգել։ Մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացրել, որ եկեղեցին ու կառավարությունը միմյանց նկատմամբ վատ բան կարող են մտածել։ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կարգվեց ֆորպոստի վարչապետ, նույնպես եկեղեցին ու աշխարհիկ իշխանություններն իրար հետ էին։ Գուցե Փաշինյյանն այսպիսի փոխադարձ հարգանքի ու ներդաշնակության մասի՞ն է ակնարկել իր խոսքում։
Այս տեսանկյունից ևս տրամաբանական խզում կա։ Եթե Փաշինյանն իրոք ուզում է, որ պետությունն ու եկեղեցին իրար հետ լինեն՝ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման ու ներդաշնակության մեջ, ապա տրամաբանորեն՝ պիտի դադարեցնի հոգևորականների հասցեին վատաբանությունները, ազատ արձակի սրբազաններին, առաջին հերթին՝ Բագրատ Սրբազանին, հրաժարվի կաթողիկոսին գահընկեց անելու մտադրությունից, այսինքն՝ գործով ապացուցի, որ պետությունն ու եկեղեցին իրար հետ են։
Այնինչ՝ Փաշինյանն անում է հակառակը։ Նա փաստացի ապացուցում է, որ ինքը՝ կառավարությունը, եկեղեցու դեմ է, կաթողիկոսին դեմ է, հավատացյալներին դեմ է, հոգևորականների մեծ մասին վատաբանում է։ Այս տեսանկյունից՝ «պետությունը և եկեղեցին այլևս իրար հետ են» արտահայտությունն իրականում գոյություն չունի։
Ժան Բոդրիարի սահմանմամբ՝ սիմուլյակրն արտապատճենն է մի բանի, որի բնօրինակն իրականում գոյություն չունի։ Փաշինյանի այս արտահայտությունը մարդու պատկերացումներում ստեղծում է մի պատկեր, որն իրականում գոյություն չունի։ Այս առումով՝ այն կարելի է որակել սիմուլյակր։ Սոցցանցերում դրանց անվանում են ֆեյք։ Այսինքն՝ Փաշինյանի այս խոսքը ֆեյք հայտարարություն է։
Իսկ եթե ընդունենք, որ Փաշինյանն այս արտահայտությունն արել է քաջ գիտակցելով, որ իրականում կառավարությունը եկեղեցու դեմ է գործում, ապա կարելի է ասել, որ նա պարզապես կեղծել է իրականությունը, այսինքն՝ կեղծիքը փորձել է մատուցել որպես իրականություն։ Եթե Բագրատ Սրբազանը, մյուս հոգևորականները շարունակում են մնալ բանտում, եթե Փաշինյանը վատաբանում է հոգևորականներին, նրանց մեղադրում հազար ու մի մեղքերի մեջ, ապա դրանից հետո նորմալ կլիներ ասելը, որ եկեղեցին ու պետությունն իրար հետ չեն, իրար հետ կոնֆլիկտ ունեն։ Հակառակ խոսքը՝ «եկեղեցին ու պետությունն իրար հետ են», պարզ տրամաբանությամբ, կարելի է որակել կեղծիք։ Իսկ հաշվի առնելով այն, որ այս պարզ տրամաբանությունը հասու է գրեթե բոլորին, ապա Փաշինյանի խոսքը կարող է որակվել մեծ կեղծիք։
Կարճ ասած՝ եկեղեցին ու պետությունն իրականում իրար հետ չեն։ Իսկ եթե Փաշինյանն անակեղծորեն ուզում է, որ եկեղեցին ու պետությունն իրար հետ լինեն, ապա պիտի ազատ արձակի սրբազաններին ու նրանց վերաբերվի եղբայրաբար։ Դրանից հետո կարելի է հույս փայփայել, որ եկեղեցին ու պետությունն իրար հետ ներդաշնակ կարող են լինել, փոխըմբռնման, փոխադարձ սիրո, հարգանքի մթնոլորտում։
Թաթուլ Մկրտչյան