Ներքին Միտք 5 ամիս առաջ - 18:17 30-12-2025

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամների ձերբակալություններին՝ ուշադրություն հրավիրելով դրանց ժամանակագրության վրա և շեշտելով ակնհայտ քաղաքական ենթատեքստը:

Ստորև տեղադրում ենք Սուրենյանցի գրառումը.

Քաղաքական դաշտի «ֆիլտրում»

Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրություններից շուրջ մեկուկես ամիս անց «Հայրենիք» կուսակցության անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությունները դժվար է դիտարկել իրավական հարթության վրա։

Նման ժամանակագրությունը ինքնին լուրջ հարցեր է առաջացնում և տեղի ունեցածին հաղորդում է ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Ընտրական իրավախախտումները, հատկապես ընտրակաշառքի հետ առնչվող դեպքերը, իրավական պրակտիկայում, որպես կանոն, բացահայտվում և քննվում են ընտրական գործընթացի ընթացքում կամ անմիջապես դրա ավարտից հետո։

Երբ քրեական հետապնդումը մեկնարկում է զգալի ժամանակ անց՝ առանց հանրությանը ներկայացվող նոր, հստակ և փաստարկված ապացույցների, այն անխուսափելիորեն ընկալվում է որպես ընտրովի արդարադատության դրսևորում։

Ավելին, ընտրակաշառքը Հայաստանի քաղաքական համակարգում երբեք մեկ համայնքով կամ մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել։

Եթե Վաղարշապատում արձանագրված ենթադրյալ խախտումները դարձել են կալանավորումների հիմք, ապա օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ նույն խստությամբ և հետևողականությամբ իրավապահ մարմինները չեն արձագանքում այլ համայնքներում արձանագրվող նմանատիպ դեպքերին, երբ դրանց հեղինակն իշխանությունն է։

Վաղարշապատի ընտրությունների ժամանակ և նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ահազանգեր խախտումների մասին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (օրինակ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, բարեգործության քողի տակ քարոզչություն), բայց դրանց նկատմամբ նման խստություն չի դրսևորվել, իրավական գործընթաց չի հարուցվել:

Հենց այս անհամաչափությունն է, որ լրջորեն խաթարում է մեղադրանքների արժանահավատությունն ու իրավական ընկալումը։

Այս համատեքստում իրականացված ձերբակալությունները ոչ թե իրավական քայլեր են, այլ իշխանության համակարգված քաղաքականության արտահայտություն՝ քաղաքական դաշտը «ֆիլտրելու», ընդդիմադիր ուժերին ճնշելու և ընտրություններից առաջ կառավարելի քաղաքական միջավայր ապահովելու նպատակով։

Իրավապահ համակարգը, փոխանակ հանդես գալու որպես անկախ և չեզոք ինստիտուտ, գործարկվում է որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու մեխանիզմ։

Վերջապես, խնդիրը սահմանափակված չէ տվյալ քրեական գործով։

Այն ունի համակարգային բնույթ և վերաբերում է հանրային վստահության խոր ճգնաժամին, որտեղ արդարադատությունը այլևս չի ընկալվում որպես ժամանակին, անաչառ և կանխատեսելի ինստիտուտ, այլ՝ որպես իշխանության կողմից կիրառվող գործիք՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից բխող ժամանակացույցով։

Իմ քաղաքական զորակցությունն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և «Հայրենիք» կուսակցության մյուս անդամներին՝ համոզված լինելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական արդարադատության, այլ քաղաքական ճնշման դրսևորում է։

Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել ոչ ժողովրդավարություն, ոչ վստահություն, ոչ էլ իրական կայունություն։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան