2025 թվականն անցավ քաղաքական լարվածության, իրավական սկանդալների և իշխանություն-ընդդիմություն խորացող հակադրության պայմաններում։ Տարվա ընթացքում հասարակական լայն արձագանք ստացան մի շարք ձերբակալություններ և քրեական հետապնդումներ, որոնք իրավապաշտպանների, ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից որակվեցին որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Չնայած իշխանությունների պնդումներին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ձևավորվեց մի ամբողջ շարք գործերի ցանկ, որոնք հանրային ընկալմամբ դարձան 2025-ի ամենաաղմկահարույց քաղաքական դատավարությունները։
Հունիս․ քաղաքական ձերբակալությունների մեկնարկը
Տարվա երկրորդ կեսի քաղաքական ձերբակալությունների շարքը սկսվեց հունիսի 18-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առանձնատանը։ Նույն օրը երեկոյան նա ձերբակալվեց՝ «իշխանության բռնի զավթման հրապարակային կոչեր անելու» մեղադրանքով։ Մեղադրանքի հիմքում դրվել էր նրա «մենք մեր ձևով ենք դա անելու» արտահայտությունը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ News.am-ին տված հարցազրույցի համատեքստում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը և Կարապետյանին կալանավորեց երկու ամսով։ Քննինեը նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ են առաջադրել, որոնք պաշտպանական կողմը որակում է շինծու և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Հունիսի 26–28․ «Սրբազան պայքարի» գործերը
Հունիսի 26-ի վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին՝ ուժային կառույցների լայնածավալ գործողության շրջանակում։ Ըստ ընդդիմադիր աղբյուրների՝ գործողությունն իրականացվել է ցուցադրական ճնշմամբ։ Սրբազանին մեկուսացրել են շրջապատից, սահմանափակել փաստաբանների հետ անմիջական շփումը։
Նույն օրը երկրի տարբեր բնակավայրերում իրականացվել են տասնյակ խուզարկություններ՝ շարժման անդամների, աջակիցների և կազմակերպիչների բնակարաններում։ Իրավապահները հայտարարել են, թե հայտնաբերվել են տարբեր իրեր և նյութեր, որոնք ներկայացվում են որպես ապացույց՝ իշխանության բռնի զավթման նախապատրաստման վերաբերյալ։ Քննչական մարմինները Սրբազանին մեղադրեցին ահաբեկչության նախապատրաստման, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնի զավթման փորձի մեջ։ Նույն օրը դատարանը Սրբազանին կալանավորեց երկու ամսով։ Պաշտպանական կողմը և ընդդիմադիր ուժերը շեշտում են, որ հանրությանը մինչ այժմ չեն ներկայացվել բաց, հստակ և անվիճելի ապացույցներ։
Երկու օր անց՝ հունիսի 28-ին, ուժային կառույցները թիրախավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձեցին նրան ձերբակալել Էջմիածնի տարածքում՝ սրբավայրի անմիջական հարևանությամբ, ինչը կարող էր հանգեցնել լարվածության հավատացյալների շրջանում։ Աջապահյանն ինքնակամ ներկայացավ քննչական մարմիններին։ Նրան մեղադրեցին «իշխանության բռնի զավթման հրապարակային կոչեր անելու» մեջ, հիմնված հրապարակային ելույթների և հարցազրույցների վրա։ Սեպտեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանը Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման։ Վերաքննիչ բողոքը ներկայումս քննության փուլում է։
Հոկտեմբեր․ ընդդիմադիր համայնքապետներ և եկեղեցականներ
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեի հատուկ ստորաբաժանումները՝ ոստիկանության աջակցությամբ, մուտք գործեցին Գյումրիի քաղաքապետարանի շենք և անմիջապես ձերբակալեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան մեղադրեցին կաշառք պահանջելու և ստանալու մեջ՝ շինարարական թույլտվությունների տրամադրման դիմաց։ Դատարանը հաստատեց նրա կալանքը երկու ամսով։ Ղուկասյանը և պաշտպանական կողմը մեղադրանքները մերժեցին՝ դրանք որակելով քաղաքական մոտիվացված։
Հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանը Մասիսի համայնքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ 2018 թվականի ապրիլի 22-ի դեպքերի հիման վրա։ Հոկտեմբերի 28-ին նա ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվայից վերադառնալիս։ Պաշտպանները պնդում են, որ գործով փաստական ապացույցներ չկան, իսկ մի շարք վկաներ հրաժարվել են իրենց նախկին ցուցմունքներից։ Ընդդիմադիր շրջանակները այս դատավճիռը գնահատեցին որպես քաղաքական հաշվեհարդար։
Հոկտեմբերի 15-ին ուժային կառույցները խուզարկություններ իրականացրեցին Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և մի շարք քահանաների։ Հոկտեմբերի 16-ին դատարանը նրան կալանավորեց երկու ամսով, իսկ դեկտեմբերի 13-ին կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։
Նոյեմբեր․ մեդիայի դեմ ճնշումներ
Նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ, բլոգերներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Ձերբակալությունների պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն էր, որտեղ քննադատական ու կոշտ արտահայտություններով անդրադարձ էր կատարվել Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
Խուզարկությունների ընթացքում փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձել է մասնակցել քննչական գործողություններին, սակայն իրավապահները թույլ չեն տվել նրան ներս մտնել։ Ձերբակալությունները լայն արձագանք ստացան լրագրողական և քաղաքացիական շրջանակներում՝ գնահատվելով որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ։
Դեկտեմբեր․ եկեղեցու շուրջ լարվածության նոր փուլ
Դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին՝ Քննչական կոմիտեի շենքից դուրս գալու պահին։ Նրան ներկայացվեց մեղադրանք՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրանյութերի իրացման վերաբերյալ։ Արշակ Սրբազանը հայտարարեց, որ իրեն վերագրվող մեղադրանքներն անհիմն են, իսկ ներկայացված նյութերը՝ կեղծված։ Ձերբակալությունը լայն հանրային արձագանք ստացավ և դիտարկվեց եկեղեցի–իշխանություն հարաբերությունների խորացող ճգնաժամի համատեքստում։
Ամփոփելով նկատենք, որ 2025 թվականը քաղաքական ձերբակալությունների առումով դարձավ մի ամբողջական փուլ, երբ քրեական գործերն ու կալանքները հասարակության զգալի հատվածի կողմից ընկալվեցին ոչ միայն որպես իրավական, այլև քաղաքական գործընթացներ։ Տարվա ավարտին բազմաթիվ գործեր շարունակում են գտնվել դատարաններում, իսկ քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ ամոթալի խարան ՔՊ-ական իշխանությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում: