Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 22:45 24-12-2025

Տանը կիսաֆաբրիկատներ արտադրողներն օրենքից դուրս են. ՍԱՏՄ-ն ոչ մի բան չի կարող անել

Ամանորյա տոներից առաջ բազմաթիվ տնտեսուհիներ սկսել են տան պայմաններում կիսաֆաբրիկատներ պատրաստել և բավականին թանկ գներով վաճառել։

Օրինակ՝ 1 հատ կիևյան կոտլետի արժեքը շատ դեպքերում մինչև 1000 դրամի է հասնում։ Պարզ հաշվարկով 1 կգ հավի կրծքամսից կարելի է ամենաքիչը 15 հատ կոտլետ պատրաստել։ Իշլի քյուֆթայի հատը՝ 600-700 դրամ, նրբաբլիթների հատը՝ 400-500 դրամ, թփով տոլմայի 1 հատը, լավագույն դեպքում, 220 դրամ է։

Այսինքն՝ եթե ցանկանում ես 2 բաժին (24 հատ) տոլմա պատվիրել, պետք է առնվազն 4000 դրամ վճարել։ Ամենապարզ թվաբանությունը տարակուսանք ու հարցեր է առաջացնում։ Ստացվում է՝ 3 հատ կիևյան կոտլետը համարժեք է 1 կգ հավի թարմ կրծքամսի արժեքին՝ մոտավորապես 3000 դրամ, եթե, իհարկե, պատրաստողները թարմ մսամթերք են օգտագործում՝ ոչ սառեցված։

Համացանցում նման գործունեություն ծավալող բիզնես էջերին Oragir.News-ը հարց ուղղեց՝ խնդրելով պարզաբանել՝ քանի՞ գրամ միս են օգտագործում մեկ հատ կոտլետ կամ իշլի քյուֆթա պատրաստելու համար, և 1 կգ-ից, որպես կանոն, քանի՞ արտադրանք է հնարավոր ստանալ։ Մեր հարցերն անպատասխան մնացին, ինչը ևս զարմանալի չէ։

Նույնիսկ, եթե մի կողմ թողնենք կիսաֆաբրիկատների գները, առաջանում է մեկ այլ՝ ավելի կարևոր հարց, որն ուղղակիորեն կապված է մարդկանց առողջության հետ։ Քանի որ տնային պայմաններում կիսաֆաբրիկատների բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ իրենց արտադրանքը պատրաստվում է բացառապես բարձրորակ մթերքներից՝ հարց է առաջանում` ի՞նչ հումք է օգտագործվում, ի՞նչ պայմաններում, ի՞նչ արտադրամասեր են դրանք։ Մի բան անհերքելի է՝ սննդամթերքի արտադրական գործունեությունը պետք է լինի լիցենզավորված և սահմանվի խիստ վերահսկողություն։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեր հարցերին ի պատասխան նշեց, որ նման գործունեությունը երկու անձի (արտադրող-գնորդ-խմբ․) միջև հարբերություններ են, որի մեջ պետական մարմինը չի կարող մտնել։

«Դա մարդու ընտրությունն է։ ՍԱՏՄ-ն վերահսկում է իրավաբանական անձանց. արտադրություն, հանրային սնունդ, իրացման ցանց»,- ասաց նա։

Հարությունյանը հավելեց, որ այդ հարցն ավելի շատ հարկայինի խնդիրն է, իսկ լուծումը հետևյալն է` մարդկանց բերել իրավական դաշտ ու մտցնել ՍԱՏՄ վերահսկողության ոլորտ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան