Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
Եզրաս Սրբազանի վերաբերյալ հրապարակված ԱԱԾ «թղթի» պատմությունը գործնականում Փաշինյան-Մայր Աթոռ հարցի մասին չէ միայն: Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, այդ հարցն ինքնին շատ ավելի ընդգրկուն պրոցեսի մի դրվագ է:
Նախօրեին հիշեցրի, որ դեկտեմբերի 18-ին Հայաստանի ԱԽ քարտուղարը Լոնդոն այցի շրջանակում հանդիպել է Բրիտանիայի հետախուզական գաղտնի ծառայության տնօրեն Մետրեւելու հետ: Հիշեցնեմ, որ Մետրեւելին առաջին կին պաշտոնյան է, որ գլխավորում է այդ ծառայությունը: Ընդ որում, հանրայնորեն հայտնի է միայն ծառայության ղեկավարի անունը: Մնացյալ բոլոր պաշտոնյաների անունները պահվում են հանրությունից գաղտնի:
Ուզում եմ նաեւ հիշեցնել անդրադարձս, որ Լոնդոն այցից այսպես ասած ժամեր առաջ ԱԽ քարտուղարը չգիտես ինչու որոշել էր լինել Մատենադարանում, ծանոթանալ «համաքրիստոնեական արժեք ներկայացնող» նյութերին, եւ, ինչպես Մատենադարանի ֆեյսբուքյան էջնն էր հայտնել՝ կարեւոր համարել դրանց միջազգային հանրահռչակումը:
Ինչու՞ հենց Լոնդոն այցից ժամեր առաջ: Արդյո՞ք դրա հետ կապված քննարկումներ էին սպասվում Լոնդոնում:
Միեւնույն ժամանակ, այստեղ վերստին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 23-ին, Վատիկանում, Բրիտանիայի թագավոր Չարզի Պետական այցի ընթացքում տեղի է ունեցել Անգլիական եկեղեցու գլուխ Թագավորի, եւ Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Պապի համատեղ աղոթք Սիքստինյան մատուռում: Վերջին 500 տարում չի եղել այդպիսի համատեղ աղոթք, այն բանից հետո, երբ բրիտանական գահը անջատվել է Սուրբ Աթոռից եւ ձեւավորվել է անգլիական եկեղեցին, որի գլուխ է համարվում թագավորը:
Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի առանցքային կետերից մեկն է: Համեստ, բայց իր պատմա-դավանական ինքնությամբ եւ ինքնաբավությամբ՝ առանցքային կետերից մեկը, ըստ էության՝ «անշրջելի» կետերից մեկը:
Ակնառու է, որ ՀԱԵ դեմ արշավը մտել է մի փուլ, որտեղ առանցքային դեր են ստանձնում հատուկ ծառայությունները:
Միեւնույն ժամանակ, սակայն, այդ հանգամանքը ինքնին ծառայում է Հայաստանում «հատուկ ծառայությունների գլոբալ դիմակայության» ծավալման: Այդ դիմակայության արտահայտիչ դրսեւորումը, ինչպես վերեւում հիշեցրածս գրառման մեջ եմ նշել՝ Հայաստանում արտաքին հետախուզական ծառայության ստեղծումն է, որը ակնհայտորեն իրականացվում է բրիտանական «պատրոնաժությամբ»: Կրկնեմ, որեւէ գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն Հայաստանում եղել է ռուսական «պատրոնաժությամբ» հատուկ կառույց, առնվազն ելնելով հետխորհրդային օբյեկտիվ հանգամանքներից:
Հատուկ ծառայությունների հանդեպ, սովորաբար, այսպես ասած «բնական պայմաններում», երբեք չի լինում հանրային դրական ռեյտինգ: Կրկնեմ՝ «բնական պայմաններում», որովհետեւ, 2018-ի «անբնական» իրավիճակում ԱԱԾ ռեյտինգը հասել էր գրեթե 80 տոկոսի, ինչը սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, անբնական երեւույթ է:
Ավելին, հատուկ ծառայությունները չեն էլ ձգտում դրական ռեյտինգի, եթե իհարկե ունեն պրոֆեսիոնալ կառավարում: Որովհետեւ դրական ռեյտինը այդ ծառայություններին կաշկանդող հանգամանք է: Այլ հարց է, որ դրվում է բարձր անտիռեյտինգ չունենալու խնդիր, որովհետեւ բարձր անտիռեյտինգն էլ խանգարող է, ինչպես բարձր դրական ռեյտինգը:
Այլ կերպ ասած, հատուկ ծառայությունները իրենց շուրջ «պահանջում» են ավելի շատ լռություն:
Եվ այստեղ հարց է առաջանում, գուցե հռետորական, ԱԱԾ համար օգտակա՞ր է, երբ այն զգալիորեն աղմկոտ ներգրավվածություն է ստանում ՀԱԵ շուրջ այս իրավիճակում: Իմ սուբյեկտիվ պատասխանը միարժեք է՝ ոչ: Այստեղ կարող է առաջանալ հարց, իսկ ու՞մ համար է օգտակար: Ինչպես սովորաբար ասվում է այսպիսի դեպքերում՝ «կոնկուրենտ ֆիրմայի՞»: