Թերարժեքության բարդույթ ունեցող ու ատելությամբ առաջնորդվող մարդիկ ոչ ոքի չեն սիրում, չեն հարգում։ Նրանք այնքան վատն են, այնքան անտարբեր, կեղծավոր, որ մարդիկ նրանց չեն սիրում, չեն հարգում ու նրանց բարի չեն կամենում, նրանց նկատմամբ բարի կամք չեն ցուցաբերում։
«Իմ ընկալմամբ, չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ ու թշնամիներ։ Երբ ասում ես, որ չկան բարեկամներ ու թնաշմիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո ու քո անելիքի, քո որոշումների վրա, իսկ երբ այլ տրամաբանությամբ ես մտածում, անընդհատ մտածում ես, թե ոնց անեմ, որ էս մեկը էս որոշումը կայացնի, մյուսը՝ էն մեկը, ու դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ են օգտագործում՝ էն մեկն իր համար, էն մեկն իր համար ու բոլորն իրենց համար, ու միակը, որ դու քեզ չես օգտագործում քո համար՝ դու ես»,- դեկտեմբերի 18-ին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սա վտանգավոր մոտեցում է, որը կարող է այլասերել քաղաքական պատկերացումները, աշխարհայացքը, սոցիալ հոգեբանությունը։
Դասագրքային ճշմարտություն է՝ թշնամին այն երկիրն է, որը չի ճանաչում քո անկախությունը, անկախ լինելու իրավունքը, կասկածի տակ է դնում քո անկախ լինելու փաստը։ Իսկ բարեկամն այն երկիրն է, որը ոչ միայն ճանաչում է քո պետության անկախությունն, այլև կանգնում է այն պաշտպանելու դիրքերում։ Բարեկամ երկրների հետ են զարգացնում գործընկերությունը, դաշնակցային հարաբերություններ հաստատում։
ԵՄ երկրները և Կանադան դիտորդական առաքելություն են իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Սա Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամանական քայլ է։ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում բազմաթիվ երկրներ դատապարտեցին Հայաստանի դեմ ագրեսիան, պաշտպանեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Սա նույնպես բարեկամական քայլ էր։ 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, ԵՄ-ի համատեղ հայտարարությունը ՀՀ-ին աջակցելու մասին նույնպես բարեկամական քայլ էր։ Օրեր առաջ ԵՄ-ն խոստացավ ՀՀ-ին 15 մլն եվրո տրամադրել հիբրիդային սպառնալիքի դեմն առնելու համար։ Այս քայլերին ի պատասխան արժանապատվություն ունեցող ՀՀ իշխանությունը պարտավոր է համարժեք բարեկամական քայլեր անել, ոչ թե ասել, թե բարեկամներ չկան։
Փաշինյանը Հայաստանի անունից պարբերաբար ուղերձներ է հղում տարբեր երկրների ղեկավարներին, նրանց ազգային տոների կապակցությամբ։ Այդ ուղերձների մեջ շեշտվում է «բարեկամ երկիր», «երկրների միջև բարեկամություն» արտահայտությունները։ Եթե Փաշինյանի ընկալմամբ չկան բարեկամ ազգեր, ապա ինչո՞ւ է այդպիսի բնորոշումներ կիրառում ուղերձներում, կեղծո՞ւմ է։
Տեսակետ կա, թե այս ընկալումը վերաբերում է բացառապես հայ-ռուսական հարաբերություններին։ Խորհրդային բռնազավթման տարիներին քարոզվում էր հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին։ Ռուսները փաստացի զավթել էին Հայաստանը, բայց խոսում էին բարեկամության մասին։ Այսինքն՝ ռուսները կեղծում էին, խոսելով հայ-ռուսական բարեկամության մասին։ Անկախությունից հետո էլ Մոսկվան կեղծում է, թե Հայաստանն իրենց բարեկամ երկիրն է, ՀՀ-ին վերաբերվում են բարեկամաբար։ Ավետիսյանների ընտանիքի ցուցադրական սպանությունը Գյումրիում 2015-ի հունվարի 12-ին ապացուցեց, որ ՌԴ-ն չբարեկամաբար է վերաբերվում հայ ժողովրդին։ 2020-ի 44-օրյա պատերազմի, 2022-ի ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, 2023-ին Արցախի շրջափակման ու Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակ Ռուսաստանը վարվեց ոչ թե բարեկամի պես, այլ չբարեկամի։
Հավանաբար, ռուսական քաղաքականությունն է Փաշինյանի մոտ սխալ ընկալում ձևավորել, թե բարեկամներ չկան։ Այսինքն՝ այս արտահայտությամբ՝ Փաշինյանն ակամա խոստովանում է, որ ինքը ռուսական քաղաքական ավանդույթներով է առաջնորդվում, կեղծում է։ Իսկ հիմա էլ բացահայտում է, թե իրականում՝ ոչ մի երկրի բարեկամաբար չի վերաբերվում։ Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է կեղծիքի՞ վրա։
Կարճ ասած՝ բարեկամ երկրներն իրավունք ունեն երես թեքել Հայստանից, քանի որ Փաշինյանը նրանց բարեկամաբար չի վերաբերվում։ Ավելին՝ եթե ՀՀ-ն ոչ ոքի բարեկամ չի համարում, ապա կարող է մերժվել աշխարհի կողմից, որակվել չարիք, ինչպես այսօր մերժվում է ՌԴ-ն ու որակվում չարիք։
Թաթուլ Մկրտչյան