Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի հարաբերություններում նկատվում է մտահոգիչ տեղաշարժ, որը, ըստ նրանց, վկայում է Վրաստանի քաղաքական մոտեցումների փոփոխության մասին։
Ինչպես գրում է «Մինվալ Պոլիտիկան», վրացական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ․ սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները բախվում են համակարգված ուշացումների և օրերով մնում ճանապարհներին։
Նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարել են փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը։ Բացի տեխնիկական հարցերից, քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները։
«Մինվալ Պոլիտիկա»-ի աղբյուրները հայտնում են, որ այդ հնարավորություններից մեկը եղել է ադրբեջանական նավթի և նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Նախագիծը, ըստ նույն աղբյուրների, կարող է տնտեսական օգուտներ բերել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին և նպաստել տարածաշրջանում խաղաղ զարգացմանը։
Սակայն երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայության պայմաններում տարանցումը կարող է հնարավոր լինել միայն Վրաստանի տարածքով։ Դրա համար Ադրբեջանը դիմել է Թբիլիսիին՝ պահանջելով սակագներ Գարդաբանի–Սադախլո հատվածի համար։
Վրաստանի առաջարկած սակագինը, ըստ ադրբեջանական մամուլի, ոչ միայն առևտրային, այլ նաև քաղաքական ազդակ է։ Վրացական կողմը 111 կիլոմետրանոց հատվածի համար առաջարկել է 92 դոլար՝ մեկ տոննայի համար, այսինքն՝ 0.82 դոլար մեկ տոննա-կիլոմետրի դիմաց։ Առաջին հայացքից սա կարող է թվում բնական սակագին, սակայն համեմատությունը ցույց է տալիս հակառակը։
Օրինակ՝ նմանատիպ բեռը Ադրբեջանով տեղափոխվում է 680 կմ՝ Յալամայից մինչև Բոյուկ-Քյասիկ, ընդամենը 17 դոլարով, այսինքն՝ 0.02 դոլար մեկ տոննա-կիլոմետրի համար, ինչը վրաստանյան սակագնից շուրջ 40 անգամ ավելի ցածր է։
Բացի այդ՝ Վրաստանի ներսում նույն տեսակի բեռների տեղափոխումը դեպի Բաթումի, Փոթի և Կուլևի նավահանգիստներ արժե 17 դոլար՝ 360–396 կմ հեռավորության համար (0.04–0.05 դոլար մեկ կիլոմետրի համար)։ Այլ կերպ ասած՝ երբ տարանցումը ձեռնտու է Թբիլիսիին, սակագինը շուրջ 20 անգամ ցածր է, քան դեպի Հայաստան տարանցվող բեռների համար առաջարկված գինը։
Սա, ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների, տնտեսական տրամաբանությունից դուրս է և ավելի շատ քաղաքական ազդակ է։
Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, որը նշել է, որ Վրաստանի հետ ապրանքների արտահանման և ներմուծման հարցերում մշտապես խնդիրներ են եղել։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի պատրաստի արտադրանքի 80–90 տոկոսը՝ ներառյալ բանջարեղենը, միրգը, պահածոները, պլաստիկի ու դեղորայքի զգալի մասը, արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
«Նույն կերպ էլ մենք մեծ քանակությամբ ապրանքներ՝ հատկապես վառելիք և հացահատիկ, ներմուծում ենք Ռուսաստանից, որոնք ունեն զգալի գնաճային ազդեցություն։ Խնդրի առանցքը այն է, որ Հայաստանը գործնականում ունի մեկ հիմնական առևտրային գործընկեր՝ Ռուսաստանը, և մեկ հիմնական ցամաքային ճանապարհ՝ Վերին Լարսը։ Սա ստեղծում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Վրաստանը այդ առումով միշտ չէ, որ բարիդրացիական է եղել։ Տարվա սկզբին մեր էկոնոմիկայի նախարարը փորձեց կարգավորել սահմանային խնդիրները, որտեղ, ինչպես հայտնի է, կոռուպցիոն բաղադրիչը մեծ է։
Արդյունքում բենզինի, դիզվառելիքի և գազի գները Հայաստանում տարածաշրջանում ամենաբարձրերից են, քանի որ փաստացի Վրաստանի մաքսային համակարգում մենք վճարում ենք «կոռուպցիոն հարկ»։
Այլընտրանքային ճանապարհների բացումը, ճիշտ է, կարող է ստեղծել որոշ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկեր, բայց միևնույն ժամանակ կարող է ազատականացնել Հայաստանի շուկան և նվազեցնել կախվածությունը մեկ ճանապարհից ու մեկ երկրից։ Դա էլ է պատճառը, որ Վրաստանը հաճախ դժգոհություն է հայտնում՝ չցանկանալով, որ այդ այլընտրանքային ուղիները գործարկվեն»,– նշել է տնտեսագետը։