Ներքին 9 ամիս առաջ - 20:34 04-12-2025

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը կարևոր օղակ է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:

Նախարար Միրզոյանը նշել է. «Իհարկե, մեր աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։ Այսօր՝ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում, պետությունների ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են:

Նախարարական խորհրդի 31-րդ հանդիպման ընթացքում իմ վերջին ելույթից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ։ Որպես ամենանշանակալին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինիս՝ որպես վկա, ստորագրեցին Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում։

Վաշինգտոնի հանդիպումը նաև իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։ Ընդլայնված փոխկապակցվածությունը՝ ներառյալ «ԹՐԻՓ ուղու» իրագործումը, միտված է Հարավային Կովկասն արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն՝ կապելով Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն տնտեսական բարգավաճմանն, այլև տարածաշրջանային անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։

Այսօր ժողովրդավարությունները բախվում են արագ վերափոխվող մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք փորձության են ենթարկում ժողովրդավարության դիմակայունությունը՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Խառնածին սպառնալիքներն, այդ թվում՝ ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումներն, արտաքին միջամտությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև խոցելիության գործիքավորումը, նպատակ ունեն ոչ միայն թուլացնելու պետական ինստիտուտներն, այլև խարխլելու ժողովրդավարական կենսակերպը՝ քայքայելով հանրային վստահությունը և բևեռացնելով հասարակությունները։

Մինչ Հայաստանը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մենք բախվում ենք նման մարտահրավերների աճող ալիքի հետ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մենք շարունակում ենք վճռականորեն հանձնառու լինել ընտրական գործընթացը բարձրագույն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան իրականացնելու հարցում՝ համաձայն մեր համոզմունքների, մեր քաղաքացիների ակնկալիքների և ԵԱՀԿ մեր պարտավորությունների»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում