Շուրջ չորս օր է, ինչ Հայաստանի տարբեր մարզերի անտառներում և հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են բռնկված։ Պաշտոնական պատճառները դեռ չեն հաղորդվում։
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ կարող են քրեական գործ հարուցել միայն այն դեպքում, եթե ստացվի հանցագործության մասին հաղորդում, իսկ այդպիսի հաղորդում առայժմ չկա։ Ստացվում է, որ կրակը շարունակում է տարածվել, բայց դեռևս քրեական գործ չի հարուցվել։
Կառավարությունն էլ չի խոսում այս ճգնաժամի մասին և չի ձեռնարկում համարժեք միջոցներ, իսկ հասարակության մի մասը հրդեհները վերագրում է «Աստծո պատժին»։
Այս մասին
Oragir.News-ը զրուցեց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ ներկայիս իշխանությունն ունի բոլորովին այլ օրակարգ:
«Երբ Դիլիջանի ազգային պարկը այրվում է, իշխանությունը նիստ է անցկացնում ու որոշում է իր առաջիկա համամասնական ցուցակի հարցերը։ Ընդհանուր առմամբ, այս մարդիկ ամբողջ երկիրը դրել են իրենց վերարտադրությունն ապահովելու ռելսերի վրա։ Երեկ տեսանք Դիլիջանի ազգային պարկի կատաստրոֆիկ հրդեհը, որը մինչև լուսաբաց անգամ ուղղաթիռներով չէր հաջողվում մարել, իսկ Դիլիջանի քաղաքապետը սիգարետը ձեռքին կանգնած էր՝ հիշում եք չէ՞, նա, որ իր կենսաբանական ծագման դիմաց գրել էր «արու»։
Այս պահին նրանց միակ խնդիրը սեփական վերարտադրությունն ապահովելն է։ Իսկ դրա համար պետք է ճնշել քաղաքական մրցակիցներին, մարդկանց նստեցնել, մտածել՝ առաջիկա ընտրական գործընթացում որ կուսակցությունները գրանցեն, որոնք՝ փակեն։ Միևնույն ժամանակ, կենսական, սոցիալական խնդիրները, խայտառակ գնաճը իշխանությանը ոչ հետաքրքրում է, ոչ հուզում։ Ցավոք, ունենք նաև ապատիայի մեջ գտնվող հասարակություն և, ըստ էության, կազմաքանդված ընդդիմություն։
Պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ հակաիշխանական ճամբարի էլիտան նույնպես կազմաքանդված է, որովհետև իրենք ավելի շատ իրար դեմ են աշխատում, քան փորձում են իշխանությանը այլընտրանքային օրակարգեր առաջարկել։ Տպավորություն է, որ մենք արդեն լիակատար քաոսի մեջ ենք՝ սոդոմ-Գոմորի մթնոլորտով։ Հասարակությունն այսօր այնքան ապատիկ է, որ տեղի ունեցողն այլևս փորձում է բացատրել գերբնական երևույթներով։ Օրինակ՝ այս համատարած հրդեհները շատերը համարում են Աստծո պատիժ»,- նշեց նա։